Թուրքիան ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը վետո դրեց Սիրիային վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևի նախագծի վրա
Անկարան ափսոսանք է հայտնում այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանը վետո դրեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության վերաբերյալ բանաձեւի ամերիկյան նախագծի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի Ագ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը։
«Չի կարելի անպատիժ թողնել քիմիական զենքի օգտագործումը: Լուրջ կասկածներ կան, որ գրոհն իրականացվել է սիրիական ռեժիմի կողմից: Մենք ցանկանում ենք, որ դա դադարեցվի: Ափսոսանք ենք հայտնում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի առաջարկության վրա վետո դրվեց»,- հայտարարել է Աքսոյը Անկարայում կայացած ճեպազրույցում:
Նա խուսափել է պատասխանել ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե Թուրքիան կպաշտպանի արդյոք ԱՄՆ-ի հնարավոր գործողությունը Սիրիայի կառավարական ուժերի դեմ: «Մենք շարունակում ենք ԱՄՆ-ի հետ շփումները: (Թուրքիայի նախագահ Թայիփ) Էրդողանը հեռախոսային բանակցություններ է անցկացնում, մենք կշարունակենք ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը»,-ասել է Աքսոյը:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի՝ հաջորդ շաբաթ Անկարա կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիռլիք» ավիաբազայի թեման, որտեղ բազավորված են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: