
Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չի եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա էր լինելու Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է:
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը հորդորեց լրագրողներին այդ հարցը տալ Ր. Հովհաննիսյանին: Նա ասաց, որ ինքը կներկայացնի «Ժառանգության» պաշտոնական տեսակետը. «ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն ընդհանրապես չկա, «Ժառանգությունն» այս պահին միացել է այն պայքարին, որը ցանկություն ունի երկրում նոր կառավարման համակարգ ստեղծել»:
Լրագրողի ճշտող հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը «Ժառանգության» տեսակետը չէ՞,Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ես ասացի «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական տեսակետը: Րաֆֆի Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ անձնական հրավերքով է եղել այնտեղ, որովհետև ես տեղյակ չեմ եղել այդ հրավերքի մասին: Արմեն Սարգսյանն առաջին անգամ դեսպան նշանակվել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով, այսինքն՝ իրենց այդ հարաբերությունները, ծանոթությունը նոր չեն: Կարծում եմ՝ այդ անձնական, վաղեմի հարաբերությունները պետք է հաշվի առնվեն»:
Դիտարկմանը, թե՝ քննադատության ենթարկվեց նաև այն, որ դուք այստեղ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ եք պայքարում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նրա ձեռքն է սեղմում, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Բարևն Աստծո տված երևույթն է, և ես այդ երևույթը հենց այդպես էլ ընկալում եմ»: