Իսպանիայում ավելացրել են բյուջեից թագավորական ընտանիքին հատկացվող գումարը
2018 թվականին թագավորական ընտանիքին պահելու ծախսերը իսպանացի հարկատուների վրա կնստի 7,89 մլն եվրո, ինչը 0,87 տոկոսով ավելի է, քան նախորդ տարում: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, այս տեղեկատվությունը տեղ է գտել ընթացիկ տարվա պետական բյուջեի նախագծում:
Այդ ցուցանիշը վերջին տարիների ընթացքում աճել է երկրորդ անգամ: 2010 թվականին միապետներին հատկացվել էր 8,9 մլն եվրո, այնուհետեւ այդ գումարը ամեն տարի կրճատվում էր կամ մնում էր նախկին մակարդակի վրա: Նման որոշումը պայմանավորված էր տնտեսման այն միջոցներով, որոնք Իսպանիայի կառավարության կողմից հաստատվել էին ֆինանսական դժվարությունների կապակցությամբ:
2014 թվականից գումարն անփոփոխ մնում էր 7,78 մլն եվրոյի նշագծին, միայն 2017 թվականին այդ ցուցանիշը 2016 թվականի համեմատությամբ ավելացավ 40 հազար եվրոյով: Հատկացված միջոցների մի մասը, ինչպես ենթադրվում է, կօգտագործվի միապետի ընտանիքի անդամների, այդ թվում՝ Ֆիլիպ 6-րդ թագավորի կնոջ՝ Լետիսիայի աշխատավարձի համար: Ֆիլիպ 6-րդն Իսպանիայի թագավորն է դարձել 2014 թվականի հունիսի 19-ին այն բանից հետո, երբ գահից հրաժարվեց նրա հայրը՝ Խուան Կառլոս Առաջինը:
Միապետի կինը՝ թագուհի Լետիսիան, ավելի վաղ լրագրողուհի էր աշխատում տարբեր հրատարակություններում, այդ թվում՝ EFE գործակալությունում, ABC թերթում, CNN+ եւ Bloomberg TV հեռուստաալիքներում: Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիան ամուսնացած են 2004 թվականի մայիսի 22-ից. նրանք երկու դուստր ունեն՝ 10-ամյա Սոֆյան եւ Աստուրիայի արքայադուստր, գահաժառանգ 12-ամյա Լեոնորը: Թագավորից, նրա կնոջից եւ երկու երեխաներից բացի, պալատում ապրում են միապետի ծնողները՝ Խուան Կառլոս Առաջինը եւ նրա կինը՝ Սոֆյան:
Եվրոպայում, որտեղ տասից ավելի միապետ կա, Իսպանիան կարելի է ամենահամեստ երկրներից մեկը համարել թագավորական ընտանիքների վրա կատարվող ծախսերի տեսակետից: Այսպես, 2013-2014 ֆինանսական տարում բրիտանական արքունիքի ծախսերը հարկատուների վրա նստել է մոտավորապես 35,7 մլն ֆունտ ստեռլինգ (շուրջ 50 մլն եվրո): Փոքր-ինչ պակաս հավակնոտ է Բելգիայի միապետի ընտանիքը՝ 2015 թվականին երկրում որոշվել է արքունիքի վրա ծախսել 36 մլն եվրո: