«Ալիևի հայտարարությունն անառողջ է». Փոլ Սթրոնսկի

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավականին հաջողված է»,- ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած «Հայաստանի նոր մարտահրավերները. ինչպես պետք է արձագանքի Արևմուտքը» թեմայով քննարկմանը, ի պատասխան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Հրաչյա Թաշչյանի հարցի, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու հայտարարությունները, նման տեսակետ հայտնեց Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

Փոլ Սթրոնսկին Ալիևի հայտարարությունը «չափազանց անառողջ» որակեց: Սակայն նա նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահն այն, ամենայն հավանականությամբ, արել է ներքին սպառման համար:

«Բայց կարծում եմ, խնդիրն այն է, և դա ցույց է տալիս, որ վտանգը կա, և այս պարագայում անցանկալի է, որպեսզի Հայաստանը փորձի շուտով հեռանալ Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքներից, ինչը կարգավորման փաստաթղթի բաղադրիչն է: Հայաստանն ու Ադրբեջանը չեն ցանկանում իրենց լծակները վայր դնել: Ադրբեջանի լծակը Հայաստանի արգելափակումն է, Հայաստանինը` օկուպացված տարածքները, նրանցից յուրաքանչյուրը, եթե զիջեն, ավելի թույլ դիրք կունենան, որը, նրանց ընկալմամբ, կվտանգի իրենց անվտանգությունը:

Սա է ամենամեծ ճեղքվածքն այս հակամարտության: Հայաստանը բավականին հաջող արտաքին քաղաքականություն ունի, նման է Ղազախստանի արտաքին քաղաքականությանը. բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, Հայաստանը եղել է Աֆղանստանում, Կոսովոյում, Իրաքում: Երբ ես կառավարությունում էի աշխատում, հարց էր առաջանում, դիմում էինք, խնդրում էինք, նրանք անում էին կամ, եթե չէին կարողանում անել, պատասխանում էին, շատ պարզ էր ամեն ինչ»,- ասաց Սթրոնսկին:

Վերջին 10 տարիների ընթացքում, նրա խոսքով, սկսած վրացական պատերազմից, ապա՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից, Հայաստանը փորձել է ընդլայնել իր բազմավեկտոր քաղաքականությունը՝ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով:

Նրա որակմամբ՝ սա շատ դժվար ժամանակ է նման քաղաքականության համար, դա մարտահրավեր է Հայաստանի նման երկրի համար Վաշինգտոնի և Մոսկվայի ներկայիս հարաբերությունների պարագայում:

«Ի տարբերություն շատ այլ երկրների` Հայաստանը հասկանում է` ինչ է կատարվում իր շուրջ, Ռուսաստանի հետ, և հաճախ պետք է «գրկես», որպեսզի չեզոքացնես ագրեսիան, սա հարաբերականորեն հաջող քաղաքականություն է փոքր երկրի համար: Սա Հայաստանի համար ավելի դժվար է, քան, օրինակ, Ղազախստանի դեպքում, որը հակամարտություն չունի»,- ասաց Սթրոնսկին:

Տեսանյութեր

Լրահոս