Հայ արտահանողին կամ, ի վերջո, Հայաստանի տնտեսությանն ինչ հնարավորություն կարող են տալ ԱՄՆ GSP կամ ԵՄ GSP+ համակարգերը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ն անցած ամիս մի շարք այլ երկրների հետ միասին, նաև Հայաստանից արտահանողների համար վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը:
Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ապրիլի 22-ից և կգործի մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո 3451 ապրանքատեսակ ԱՄՆ կարող է արտահանվել արտոնյալ պայմաններով՝ զեղչված կամ առանց մաքսատուրքի վճարների: Հիշեցնենք, որ Հայաստանը նման` GSP+ ռեժիմ ունի նաև Եվրամիության հետ, որը վերաբերում է արդեն գրեթե կրկնակի անգամ ավելի՝ 6400 անուն ապրանքների արտահանմանը:
Իսկ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս արտոնությունը Հայաստանի արտահանողների համար այն դեպքում, երբ մենք արտահանման խնդիր ունենք: Եվ որքան էլ կառավարությունը հպարտանա, որ 2017թ. այն ավելացել է, միևնույն է, արտահանման ու ներմուծման միջև բացասական հաշվեկշիռն ահռելի մեծ է՝ 2․2 մլրդ դոլար արտահանման փոխարեն ներմուծումը կազմել է մոտ 4․2 մլրդ դոլար:
Իսկ հայ արտահանողին կամ, ի վերջո, Հայաստանի տնտեսությանն ինչ հնարավորություն կարող են տալ ԱՄՆ GSP կամ ԵՄ GSP+ համակարգերը: Իրականում դա շատ լավ հնարավորություն է, և պետք է գնահատել: Միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ արտահանման վրա, եթե, իհարկե, Հայաստանից արտահանվող ապրանքների չափանիշները համապատասխանեն ԱՄՆ-ում ներկայացվող չափանիշներին, մեզ հետ զրույցում ասում է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Վերջինիս ներկայացմամբ՝ Հայաստանում արտադրվող շատ ապրանքներ չեն համապատասխանում ԱՄՆ-ում գործող չափանիշներին: «Դա հիմնականում բիզնեսի թերություն է: Առաջինը նոր տեխնոլոգիաների պակասն է, երկրորդը՝ բիզնեսի կազմակերպչական խնդիրն է: Չիմացության խնդիր կա, թե ամերիկյան շուկայում ինչ ապրանքների կարիք կա և ինչ չափանիշներով:
Օրինակ՝ Չիլիի խաղողագործությունն ամբողջությամբ իր տեխնոլոգիան փոխեց, որպեսզի կարողանա Նյու Յորքի շուկայում հունվարի 10-ից փետրվարի 10-ը խաղող վաճառել: Մինչև հունվարի 10-ը վաճառվում էր իսրայելական խաղողը, բայց դրանից հետո շուկան դատարկ էր մնում: Չիլիի խաղողը շուտ էր հասունանում և Իսրայելի խաղողի մրցակցությանը չէր դիմանում:
Նրանք կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել, որ եթե այդ ժամանակամիջոցում խաղող բերեն, կվաճառվի: Չիլին լուրջ ներդրումներ արեց, տեխնոլոգիա փոխեց և Նյու Յորքի շուկայում իր տեղը գտավ»,- հավելում է տնտեսագետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: