
«Facebook-ին մի քանի տարի կպահանջվի ծագած խնդիրների լուծման համար». Ցուկերբերգ

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ ընկերությանը մի քանի տարի կպահանջվի այն խնդիրների լուծման համար, որոնք ծառացել են սոցիալական ցանցի առջեւ: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է Vox ինտերնետ-կայքում հրապարակված հարցազրույցում։
«Ես կցանկանայի այդ խնդիրները լուծել երեք կամ վեց ամսում, բայց կարծում եմ՝ իրականությունն այն է, որ այդ մի քանի հարցերի լուծումը պարզապես շատ ավելի մեծ ժամանակ կպահանջի»,- ասել է Ցուկերբերգը:
Facebook-ի ղեկավարը նաեւ նշել է, որ ընկերությունը ձգտում է ավելացնել այն աշխատակիցների թիվը, որոնք զբաղվում են անվտանգության հարցերով: «Անցյալ տարվա սկզբին, կարծում եմ, մենք ունեինք անվտանգության համար աշխատող 10 հազար մարդ: Բայց այս տարվա վերջին մենք պլանավորում ենք, որ այս ոլորտում մենք կունենանք 20 հազար մարդ»,- նշել է Ցուկերբերգը:
Ընկերությունը մարտին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: