Հայաստանի արտահանումը, ներմուծումն ու արտաքին առևտրի ճեղքը՝ վերջին 10 տարիներին
2017թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը տպավորիչ աճ գրանցեց։ 2016թ. համեմատ՝ արտաքին առևտրի ծավալն աճեց 26.9%-ով և կազմեց 6 մլրդ 425.5 մլն դոլար։ Այդ թվում, արտահանումն աճեց 25.2%-ով՝ հասնելով 2 մլրդ 242.9 մլն դոլարի, իսկ ներմուծումն աճեց ավելի շատ՝ 27.8%-ով, և կազմեց 4 մլրդ 182.7 մլն դոլար։
Կառավարությունն այս ցուցանիշները գոհացուցիչ է համարում՝ հատկապես արտահանման մասով։ Բանն այն է, որ ՀՀ-ից արտահանման ցուցանիշը՝ ավելի քան 2.2 մլրդ դոլար, նորանկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է՝ ավելի բարձր ցուցանիշ երբևէ չենք ունեցել։ Իսկ ներմուծման ծավալը համադրելի է 2011-2012 թթ. ցուցանիշներին։
2014 թ. ներմուծման ծավալը կազմեց 4.4 մլրդ դոլար, որից հետո՝ 2015 և 2016 թթ., կտրուկ նվազեց։
Ինչպես նշեցինք, կառավարությունը արտահանման ցուցանիշները դրական է համարում և գտնում, որ դրանք թույլ կտան հասնել իրենց առջև դրված նպատակին՝ ապրանքների և ծառայությունների արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 45%-ին։ Սա իրատեսական է թվում, եթե նկատի ունենանք, որ ծառայությունների հիմնական բաղադրիչը՝ ներգնա զբոսաշրջությունը, 2017թ. նույնպես տպավորիչ՝ 18,7%-անոց աճ է գրանցել։ Սակայն ոչ բոլորն են կիսում կառավարության լավատեսությունը։ Մի շարք տնտեսագետներ նախ ընդգծում են, որ արտահանումն աճել է հիմնականում պղնձի, կոնյակի և ծխախոտի հաշվին, այսինքն՝ արտահանման ապրանքային կառուցվածքն է՛լ ավելի է կենտրոնացել։ Մյուս կողմից՝ մտահոգիչ են համարում այն դինամիկան, որ ներմուծումն ավելի արագ է աճել։ Ներմուծման առաջանցիկ աճի պատճառով ՀՀ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն աճել է։
Ինչպես տեսնում եք գծապատկեր 2-ում, ՀՀ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2016թ. 1.48 մլրդ դոլարից հասավ 1.94 մլրդ դոլարի։ Այս առումով համեմատություն անցկացնելով ներկա և նախորդ կառավարությունների միջև՝ տեսակետներ կան, որ 2015 և 2016 թթ. ավելի ճիշտ քաղաքականություն է վարվել, քանի որ բացասական ճեղքվածքը նվազել է։
Այդպե՞ս է դա արդյոք։
Նախ նշենք, որ տնտեսական ցուցանիշները շատ հաճախ դժվար է հստակ գնահատել՝ լա՞վ է, թե՞ վատ։ Սա բաժակի կիսով չափ լիքը և կիսով չափ դատարկ լինելու պես մի բան է՝ նայած՝ որ տեսանկյունից ենք նայում։ 2015թ. արտաքին առևտրի բացասական ճեղքի փոքրացումը ոչ թե ՀՀ կառավարության քաղաքականության արդյունք էր, այլ պայմանավորված էր ներքին և արտաքին մի շարք գործոններով։ Այն գրանցվել էր ոչ թե արտահանման առաջանցիկ աճի շնորհիվ, այլ ներմուծման էական կրճատման։ Իսկ ներմուծման ծավալների կրճատումը լա՞վ է, թե՞ վատ։
Այս հարցն էլ միանշանակ պատասխան չունի. եթե ներմուծումը փոխարինվել է արտահանմամբ, և սպառողները սկսել են ավելի շատ տեղական ապրանք սպառել, դա միանշանակ լավ է։ Սակայն ՀՀ-ում այդ դեպքը չէր։ Ներմուծումն անկում էր ապրել՝ նախևառաջ բնակչության գնողունակության անկման պատճառով։
ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցները, նավթի գների անկումը, փոխարժեքային շոկերը ազդեցին նաև ՀՀ տնտեսության և բնակչության գնողունակության վրա՝ օրինակ, դրամական փոխանցումների ներհոսքի կտրուկ անկման տեսքով։ Կա ևս մի կարևոր հանգամանք. ներմուծման բացարձակ ծավալի նվազման մեջ էական դեր ուներ գազի ներկրման նվազումը։
Նվազել էր ոչ թե գազի ներկրումը՝ բնեղեն արտահայտությամբ, այլ գինը։ Հիշեցնենք, որ ՌԴ-ն ՀՀ-ին մատակարարվող բնական բազի գինը մի պահ հասցրել էր 270 դոլարի (որը երկար ժամանակ գաղտնի էր պահվում և որից գոյացած պարտքի դիմաց «Գազպրոմին» զիջվեց «ՀայՌուսգազարդի» մեր բաժնեմասը)։ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ պայմանավորված՝ գազի գինը նախ ֆիքսվեց 189 դոլար, հետո նվազեց մինչև 165 դոլար։
Կան նաև այլ գործոններ, սակայն ակնհայտ է, որ առևտրի բացասական հաշվեկշռի նվազումը 2015-2016թթ. չի կարելի համարել միանշանակ դրական երևույթ։ Սա ավելի շատ «չկա չարիք՝ առանց բարիքի» տարբերակն է, երբ գնողունակության անկման ֆոնին ինքներս մեզ մխիթարում էինք առևտրային հաշվեկշռի բարելավմամբ։
Իսկ 2017-ին, ինչպես նշեցինք, առևտրի բացասական հաշվեկշիռը կրկին աճեց։ Սա՞ ինչի մասին է խոսում։ Կառավարությունը, օրինակ, սրա մեջ անհանգստացնող բան չի տեսնում։ Ասում են, որ ներդրումների աճի ֆոնին այդպես էլ պետք է լիներ, քանի որ տարբեր ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է ներկրել հումք և սարքավորումներ։
Այսինքն՝ կառավարությունը ներմուծման աճը պայմանավորում է հիմնականում կապիտալ և միջանկյալ ապրանքների ներմուծման աճով։ Եթե դա այդպես է, ուրեմն իրոք անհանգստանալու կարիք չկա։ Սակայն արդյո՞ք դա այդպես է, և որքանո՞վ է ներմուծման աճը պայմանավորված կապիտալ ապրանքներով։ Իհարկե, չենք ասում, որ կառավարությունը հենց այնպես թվեր է ասում, սակայն իրական ճշգրիտ պատկերն իմանալու համար դեռ պետք է սպասել։
Բանն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը տարեկան կտրվածքով հրապարակում է արտաքին առևտրի տվյալները՝ ըստ ապրանքների լայն տնտեսական դասակարգման (BEC-Broad Economic Categories), և հենց այդ զեկույցում են առանձին ներկայացվում կապիտալ ապրանքների, սպառման և այլ ապրանքների առանձին ցուցանիշները։ 2017թ. տվյալները կհրապարակվեն հոկտեմբեր-նոյեմբերին։
Ամեն դեպքում հիշեցնենք, որ կառավարությունն անցյալ տարի իր գործունեության հաշվետվության մեջ ներկայացրել էր կապիտալ ապրանքների կշիռը ներմուծման մեջ՝ այն 14.9% էր։ Նախորդ տարիների նույն ցուցանիշի հետ համեմատությունից երևում էր, որ ներմուծման ընդհանուր հավելաճի ընդամենը 16.8%-ն է պայմանավորված կապիտալ ապրանքներով։
Այլ կերպ ասած, եթե կապիտալ ապրանքների ներմուծումն աճած չլիներ, ապա ընդհանուր ներմուծման հավելաճը կրկին ավելի մեծ կլիներ, քան արտահանման հավելաճը։ Սակայն, ինչպես ասում են, ժամանակից առաջ չընկնենք և սպասենք պաշտոնական ցուցանիշներին։