
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) բարձրաստիճան պաշտոնյան օգոստոսի 11-ին բանակցությունների նպատակով կժամանի Թեհրան։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ չի նախատեսվում այց միջուկային օբյեկտներ։
«ԱԷՄԳ հետ բանակցությունները վաղը [օգոստոսի 11-ին] կշարունակվեն՝ հստակեցնելու համագործակցության շրջանակը։ Գրոսիի տեղակալը կգա Թեհրան, սակայն որևէ միջուկային վայր այցելություն ծրագրված չէ, քանի դեռ համաձայնության չենք եկել համագործակցության շրջանակի վերաբերյալ»,- Telegram-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Հունիսին Իրանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակումից հետո ԱԷՄԳ տեսուչները հնարավորություն չեն ունեցել այցելել Իրանի միջուկային օբյեկտներ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին բազմիցս նշել է, որ դա իրենց համար շարունակում է առաջնահերթություն լինել։
Նախորդ ամիս Իրանում ուժի մեջ մտավ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որով դադարեցվում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը։ Օրենքը նախատեսում է, որ ԱԷՄԳ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ցանկացած ապագա ստուգում պետք է հաստատվի Թեհրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից։