
«Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը երեկ վաճառվել է ՎՏԲ բանկին: Սա Ռուսաստանի վերջին օրերի տնտեսական գլխավոր նորությունն է: Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը համարվող ընկերությունը պատկանում է Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան), ով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցուցակի» ֆիգուրատներից մեկն էր:
Դժվար է ասել, թե Գալիցկիի ընկերության ակտիվների վաճառքն ինչքանով է պայմանավորված այս հանգամանքով, սակայն գործարարը ակնհայտ ափսոսանքով է խոսում տեղի ունեցածի մասին` ասելով, թե շատ բարդ որոշում է կայացրել:
Ավելի վաղ պետական մասնակցությամբ ռուսական բանկերին էին անցել այլ հայ միլիարդատերերի ակտիվներ: Խոսքը` Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա-Դիալոգ» ընկերության և Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախի»՝ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության բաժնետոմսերի մասին է:
Առհասարակ պարզ չէ բանտում վերջերս մահացած Լևոն Հայրապետյանի բիզնեսների և ֆինանսների ճակատագիրը:
Իհարկե, հիմքեր չկան պնդումների համար, որ հայ մեծահարուստներն ու նրանց բիզնեսները Ռուսաստանում պրոբլեմների մեջ են հայտնվում էթնիկական հատկանիշի կամ ազգային խտրականության հիմքով:
Ավելի շուտ կարծում ենք` Ռուսաստանում բիզնես միջավայրը դարձել է անտանելի` մի կողմից, Ռուսաստանի ավտորիտար իշխանության կոշտ, ըստ էության` բանդիտական քաղաքականության, պետական բեսպրեդելի, մյուս կողմից` արևմտյան պատժամիջոցների հետևանքով:
Եթե ռուսաստանահայ կապիտալին իրապես հետաքրքիր է Հայաստանը, ապա մեր տնտեսությունը կարող է փրկօղակ դառնալ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ հայերի համար: Նրանք կարող են իրենց կապիտալը ներդնել Հայաստանում` խուսափելով հնարավոր ռեպուտացիոն և ֆինանսական կորուստներից, որոնք կարող են ամերիկյան հնարավոր պատժամիջոցների հետևանք լինել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: