Բաժիններ՝

Ծրագրային բյուջետավորումը կբարձրացնի ծախսերի արդյունավետությունը

«Արդյունավետն ու ավելի արդյունավետն իրար թշնամի հասկացություններ են: Հենց արձանագրում ենք մեկը, ստացվում է, որ մյուսն ավելի պակաս արդյունավետ է: Դրա չափելու ձևը աշխարհը գտել է` կատարողական հիմնական ցուցանիշներ, միջոցառումներ, որոնք փոխզիջումային ու փոխհամաձայնեցված գնահատականներ են: Ազգային ժողովն ու կառվարությունն են գալիս միասնական եզրակացության, որ կատարողական հիմնական ցուցանիշները բնութագրվում են, որոշվում՝ արդարացված ու հիմնավո՞ր է այդքան գումար ծախսելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը` խոսելով բյուջեի արդյունավետության մասին:

Ըստ նրա` ճաշակի հարց է, թե ինչպես կգնահատվի՝ որքան է արդյունավետությունը:
Ա. Ջանջուղազյանը նշեց, որ 2019թ.-ից ծրագրային բյուջետավորման անցնելուց հետո ակնկալվում է ծախսերի արդյունավետության բարձրացում, քանի որ ծրագրերի համար կլինեն սահմանված արդյունքային ցուցանիշներ. «Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ես գիտեմ որն է անարդյունավետ ծախսը ու հանգիստ նստե՞լ եմ: Ես ինչո՞ւ պիտի հանդուրժեմ անարդյունավետ մասը»:

Փոխնախարարի խոսքով` ծախսերը հնարավոր է ճշգրտել օրենքով նախատեսված 3%-ի սահմաններում, իսկ կատարված փոփոխությունների մասին հետո հաշվետվություն է ներկայացվում ԱԺ: Նա նշեց, որ, եթե ամեն փոփոխության թույլտվության համար կառավարությունը մտնի ԱԺ, ուրեմն ոչ մի փոփոխություն չի կատարվի երբեք:
«Մեր սուրբ պարտականությունն է՝ վերահսկել, բայց հետևել կարող եք նաև դուք` բացելով ինտերակտիվ բյուջեն»,- նկատեց Ա.Ջանջուղազյանը` հավելելով, որ աշխատանքներ են տարվում այն կատարելագործելու ուղղությամբ:

««Վերահսկողություն» բառը ոնց որ կոդավորված լինի մեր երկրում: Բոլորը հասկանում են, որ դա մի գործիք է, որ պետք է անպայման մեկին գնդակահարել կամ կախել: Վերահսկողությունն ուղղակի իրենից համակարգ է ներկայացնում, ինչը ենթադրում է, որ տարատեսակ մեխանիզմներով ապահովագրվում ես այն ռիսկից, որից շեղումները կլինեն անթույլատրելի կամ էական»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս