Ձկնաբուծարանների ջրօգտագործման ծավալները վերահսկելու համար կտեղադրվեն նոր հոսքաչափական սարքեր
Հայաստանում ձկնաբուծարանների ջրօգտագործման ծավալները վերահսկելու համար կտեղադրվեն նոր հոսքաչափական սարքեր:
Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Արարատյան արտեզյան ավազանի հիմնախնդիրների լուծումը օրակարգում է, այն շարունակական բնույթ է կրում:
«2017 թվականին իրականացված աշխատանքների արդյունքում միայն ձկնաբուծարանում օգտագործվող ջրածավալի մասով գրանցվել է մինչև 23 տոկոսի չափով խնայողություն: Համեմատության համար ասեմ, որ այս ցուցանիշը համարժեք է Երևան քաղաքի մեկ տարվա ջրօգտագործման ծավալին»,-ասաց Խաչիկ Հակոբյանը:
Նրա տեղեկացմամբ, ձկնաբուծական տնտեսություններում իրականացվել է լիարժեք գույքագրում օգտագործվող ջրի ծավալների նպատակայնության վերաբերյալ: Փոխնախարարը նշեց, որ 2018 թվականի ընթացքում իրենց հիմնական անելիքները միտված են լինելու այդ ոլորտում ավտոմատ համակարգի ներդրմանը:
«Բոլոր խորքային հորերի վրա մենք առաջին փուլով նախատեսում ենք տեղադրել ավտոմատ հոսքաչափական համակարգեր: Մրցույթը կայացել է, և մոտ օրերս նախարարությունում կունենանք կենտրոնացված համակարգը, որը դաշտում առկա սարքերից տեղեկատվությունը կվերցնի և հնարավոր կլինի մեկ պատուհանով մշտադիտարկում իրականացնել բոլոր այն կետերում, որտեղ այդ սարքերը տեղադրված են»,-ասաց նա:
Ձկնաբուծական խոշոր տնտեսություններում 2018 թվականին 50 հոսքաչափական սարքեր ենք տեղադրվելու: Կա պայմանավորվածություն մասնավոր հատվածի հետ, և մասնավորի կողմից նույնպես տեղադրվելու են այդ հոսքաչափական սարքերը, ինչը հնարավորություն կտա ջրի օգտագործման ծավալները հստակ արձանագրել, սա էլ իր հերթին կբերի կառավարման արդյունավետությանը, հետևաբար՝ ջրի խնայողությանը: