Հարևանները տնտեսական տարի են ամփոփում

Տարեսկիզբը սովորաբար ամփոփումների շրջան է: Անցած տնտեսական տարին ամփոփեցին նաև Ադրբեջանում: Բոլոր իշխանություններն էլ որոշակի իմաստով իրար նման են: Տնտեսական տարին ամփոփող իր ելույթում հարևան երկրի նախագահը, բնականաբար, խոսեց միջազգային բացասական ազդակներից: Իսկ կոնկրետ ցուցանիշներ հնչեցրեց միայն աճ ի ցույց դնելու համար: Նրա խոսքի համաձայն՝ Ադրբեջանի նավթային ոլորտը 2017-ին աճել է 2,5 տոկոսով:

Իհարկե, եթե հաշվի առնենք միջազգային գները, այդ աճն ինքնին համարյա չնչին է: Ադրբեջանցի որոշ փորձագետների կարծիքով՝ իշխանությունների արձանագրած գյուղատնտեսության չորս տոկոսանոց աճը բացատրվում է նրանով, որ իրենց երկրից Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը փոխարինել է թուրքական մթերքին:

ՌԴ-Թուրքիա տնտեսական տարաձայնություններն անցած տարեվերջին հաղթահարվեցին, և ադրբեջանական գյուղմթերքը կրկին դուրս մղվեց ՌԴ շուկայից: Սա, իհարկե, ոչ մեծ հաջողություն կարելի է համարել, ոչ էլ նկատելի ձախողում: Զուտ այն պատճառով, որ հարևան երկրի ՀՆԱ-ի 70 տոկոսը ձևավորվում է նավթային ոլորտի աշխատանքով: Զուտ այս պատճառով 2016թ. Ադրբեջանը պաշտոնապես 3,8 տոկոս ՀՆԱ-ի կրճատում արձանագրեց: Պաշտոնապես:

Միջազգային կառույցների կանխատեսմամբ՝ 2017թ. այս երկրում սպասվում էր ՀՆԱ-ի մեկ տոկոսանոց կրճատում: Ադրբեջանի իշխանությունները նախնական հաշվետվություններով հայտարարում են կես տոկոսանոց կրճատման մասին: Այլ կերպ ասած՝ հարևան երկրի նախագահը տնտեսական դրական տվյալներ ներկայացնելիս պարզապես ուշադրություն չի դարձնում մակրոտնտեսական ցուցանիշների վրա և խոսում է միայն այն ոլորտների մասին, ուր պաշտոնապես աճ են արձանագրել: Ցավոք, ետխորհրդային բոլոր տարածքներում բոլորն էլ գիտեն պաշտոնական վիճակագրության իրական արժեքը:

Կարդացեք նաև

Եթե 2016թ. գարնանն Ադրբեջանի իշխանությունները փորձեցին պատերազմով «շեղել» սոցիալական լարումը, ապա 2017-ին նման քայլի չգնացին: Նախ, որ ռազմական լուծումը, կամ, ավելի ճիշտ՝ լուծման փորձը, սպասված արդյունքը չտվեց: Երկրորդ` 2016-ի աշնանից երկրի դրամամիջոցի արժեզրկումն ու ֆինանսաբանկային համակարգի ցնցումների հետևանքները դեռ չեն մեղմվել: 2017թ. ողջ ընթացքում հարևան երկրի ֆինանսական համակարգի տեղեկատվությունը քրեական քրոնիկոն էր հիշեցնում: Այս երկրում տարադրամի շուկայական արժեքը տարբերվում էր բանկային «պաշտոնապես» հայտարարված փոխարժեքից:

Ադրբեջանի խոշոր` Միջազգային խրոխտ անունը կրող բանկի սնանկացումից հետո բանկային ճգնաժամը դեռ չի հաղթահարվել: Փորձագետները նշում են, որ բանկային վարկերի պորտֆելում վարկերի 10 տոկոսը համարվում է ռիսկային կամ ոչ հուսալի: Ֆինանսական իշխանությունները, բնականաբար, հերքում էին այս տվյալները: Սակայն բոլորովին վերջերս Դեմիր բանկը սնանկ հայտարարվեց: Ադրբեջանական պաշտոնական շրջանակները խոսում են անցած տարվա 14 տոկոսանոց ինֆլյացիայի մասին: Փորձագիտական վերլուծություններն ավելի չարագուշակ դարձան:

Իսկ իշխանությունները գերադասում են չխոսել բանկային համակարգի մասին: Մինչդեռ փորձագիտական գնահատականներով՝ այս ցուցանիշն իրականում 19-20 տոկոս է կազմում: Այլ կերպ ասած՝ փորձագիտական գնահատականներով՝ 2017թ. որպես տնտեսական տարի՝ Ադրբեջանի համար կարելի է գնահատել՝ որպես լճացման ժամանակաշրջան, ուր զարգացման մասին խոսելն իրատեսական չէ: Թե արտասահմանյան, թե ադրբեջանական մամուլում տնտեսական տեղեկատվություն համարյա չկա: Պաշտոնական տեղեկատվությունն ավելի շուտ նախընտրական խոստումներ է հիշեցնում: Նախարարությունների կայքերը նույնպես տնտեսական ծրագրերի մասին տեղեկություններ չեն հրապարակում:

Հետևաբար՝ գյուղատնտեսության չորս տոկոսանոց պաշտոնական աճի ցուցանիշի հետ գյուղմթերքների արտահանման 60 տոկոսանոց աճի մասին հայտարարությունները համադրելը միայն ժպիտ կարող է առաջացնել: Կարելի է ենթադրել, որ տնտեսական աճ նկարելու տեսանկյունից ադրբեջանցի վիճակագիրներն ու չինովնիկները բավարար հմտություններ չունեն: Մերոնց համեմատ չունեն: Ու միանշանակ չի կարելի ասել` դա լա՞վ է, թե վա՞տ: Որովհետև տնտեսական տեղեկատվությունից գլուխ հանելն այս դեպքում բախտագուշակության պես բան է դառնում:

Տեսանյութեր

Լրահոս