Դիզելային վառելիքի «կայուն» գինը
Դիզելային վառելիքի գինը էական ազդեցություն ունի ցանկացած երկրի տնտեսության վրա, քանի որ վերջինս մեծ ծավալներով օգտագործվում է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում, արդյունքում՝ դիզելային վառելիքի ուղղությամբ կատարված ծախսերը ներառվում են ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ:
Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (Ուժի մեջ է եղել մինչև 01.01.2018թ.)՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված էր մաքսային արժեքի 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35000 ՀՀ դրամ:
01.01.2018 թվականից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված է 13 000 ՀՀ դրամ, սակայն նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 ՀՀ դրամի չափով է:
Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը կտրուկ նվազել է 35000 ՀՀ դրամից մինչև 13000 ՀՀ դրամ (կամ մնացորդի նկատմամբ՝ 22 000 ՀՀ դրամ), սակայն այդ նվազեցումը որևէ ազդեցություն չի ունեցել դիզելային վառելիքի մանրածախ գնի վրա, իսկ սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ժամանակ 1 խ.մ. գազի գինը աճեց 20 ՀՀ դրամով, բենզինի դեպքում՝ նույնպես: Ներկայումս դիզելային վառելիքի մեկ լիտրը արժե 430 ՀՀ դրամ: Դիզելային վառելիքի շուկայում գործում են սահմանափակ թվով կազմակերպություններ՝ Ֆլեշը, Ռան-ՕՅԼ-ը, ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ-ը և այլն:
Անշուշտ, մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին, ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա պետք է դառնա: Հետագայում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծություններում ավելի մանրամասն կանրադառնանք վառելիքային շուկայի հիմնախնդիրներին:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ