
Այսուհետ պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն ՍԴ որոշման համաձայն

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով: Նրա խոսքով՝ այժմ ՍԴ-ին վերապահվել են նոր լիազորություններ, որոնք նախկինում վերապահված չէին:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այսուհետ ՀՀ նախագահը որոշակի հարցերով կարող է դիմել ՍԴ. «Առաջինը՝ նախագահին ԱԺ-ի կողմից ուղարկված օրենքի սահմանադրականության հարցը որոշելու, ներում չշնորհելու, կառավարության կազմը չփոփոխելու, նախարարներին, փոխվարչապետներին չնշանակելու և համապատասխան բարձրագույն կոչումներ չտրամադրելու համար ՀՀ նախագահը ՍԴ դիմելու լիազորություն կունենա: Երկրորդ լիազորությունը, որը տրվում է ՍԴ-ին, պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցի լուծումն էր: Սա նորություն է, գործող իրավակարգավորմամբ՝ այդ լիազորությունը պատկանում էր Ազգային ժողովին, իսկ հիմա դա կվերապահվի ՍԴ-ին»։
Փոխնախարարը նաև ընդգծեց, որ, եթե ՍԴ որոշումները ճանաչվեն հակասահմանադրական, ապա կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի և միջոցներ ձեռնարկի օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: