5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին
Վերջին շրջանում հասարակությանն ամենից շատ հուզող և ամենաքննարկվող թեման գնաճն է։ Մարդիկ քննարկում են ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած թանկացումները, այլև հնարավոր գնաճը, որը սպասվում է հաջորդ տարվա սկզբից։ Թեման ավելի է սրվում հատկապես որոշ պատգամավորների կողմից արված անզգույշ հայտարարությունների պատճառով՝ գնաճի և աղքատության մասին։
Մենք փորձել ենք ամփոփել գների և գնաճի թեման՝ 5 հարց ու պատասխանի միջոցով։
Աճե՞լ են արդյոք գները և ի՞նչ չափով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում (աճողական) սպառողական ապրանքների գներն աճել են 0.8%-ով։ Իսկ 12 ամսյա կտրվածքով՝ 2017 թվականի նոյեմբերը՝ 2016 թվականի նոյեմբերի համեմատ, գներն աճել են 2.2%-ով։ Այսինքն, գնաճ, ամեն դեպքում, կա։ Բա՞րձր է գնաճի տեմպը, թե՞ ոչ. այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչի հետ ենք այն համեմատում։
Օրինակ, բյուջեի հիմքում դրված է, և Կենտրոնական բանկն էլ թիրախավորում է 12-ամսյա գնաճի՝ 4%+- 1.5% գնաճի միջակայքը։ Այսինքն, գնաճի ցանկալի միջակայքը 2.5%-5.5% է։
Ինչպես նշեցինք, 12-ամսյա գնաճը նոյեմբերին 2.2% է՝ ավելի ցածր, քան թույլատրելի ստորին շեմը։
Ըստ էության, ԿԲ-ն հակառակը՝ պետք է փորձի ոչ թե զսպել, այլ խթանել գների աճը։ Դրա համար էլ, երբ ԿԲ ներկայացուցիչներին կամ տնտեսական բլոկի այլ պատասխանատուներին հարցնում են «սարսափելի գնաճի» մասին, պատասխանը լինում է այն, որ գնաճն ամենևին էլ սարսափելի չէ, հակառակը՝ մի բան էլ քիչ է։
Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին
Սպառողները, լսելով 1 կամ 2 տոկոս գնաճի մասին՝ զարմանում են, որովհետև համոզված են, որ գնաճն ավելի շոշափելի է։ Ինչո՞ւ։
Նախ, գնաճի ցուցանիշը հաշվարկում և հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը, որի հրապարակած տվյալներին հասարակությունը միշտ էլ որոշակի վերապահումներով է մոտեցել։ Սակայն խնդիրը դա չէ։
Սպառողական գների ինդեքսը, որը հրապարակում է ԱՎԾ-ն, միջինացված ցուցանիշ է և հաշվարկվում է 470 անուն ապրանք-ծառայությունների հիման վրա, որոնք էլ խմբավորված են 12 խոշորացված ապրանքախմբերում (սննդամթերք, հագուստ, կապ և այլն):
Այդ 470 անուն ապրանքներից մի մասի գները կարող են աճել, մյուս մասինը՝ նվազել կամ մնալ անփոփոխ։
Եվ յուրաքանչյուր մարդու համար գնաճը ստանում է «անհատական» բնույթ՝ կախված նրանից, թե նրա սպառման մեջ որ ապրանքախումբն ավելի մեծ կշիռ ունի։
Օրինակ, անհատ տաքսու վարորդի ծախսերի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի գազի գինը, իսկ, ասենք, կապի ծառայությունները նրա համար կարևոր չեն։
Ըստ այդմ, ինտերնետի էժանացումը նա չի նկատի, իսկ գազի թանկացումն անմիջապես կզգա։
Եթե նայում ենք գնաճի պաշտոնական վիճակագրությունը, ապա պարզվում է՝ ամենից շատ բարձրացել են սննդամթերքի գները։ 2017-ի նոյեմբերին՝ 2016-ի նոյեմբերի համեմատ, սննդամթերքը թանկացել է 5%-ով։
Իսկ, օրինակ, տնային գործածության առարկաները նույն ժամանակահատվածում էժանացել են 2.2%-ով։ Ու քանի որ Հայաստանի բնակչության 30%-ը պաշտոնապես աղքատ է, և նրանց սպառման մեջ սննդամթերքի կշիռը շատ մեծ է (գումարի մեծ մասը ծախսվում է ուտելիքի վրա), սննդամթերքի թանկացումը շատ ավելի ցավոտ է ընկալվում։
Հատկապես, որ սննդամթերքի որոշ տեսակներ (միսն ու կարագը) թանկացել են կտրուկ՝ 20-30%-ով։ Խոցելի խմբերի «անհատական» գնաճը շատ ավելին է, քան 2%-ը։
Այդ իսկ պատճառով շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գներն աճել են ընդամենը 1 կամ 2 տոկոսով՝ ցույց տալով կենցաղային տեխնիկայի կամ այլ ապրանքների գնանկումը։
Բուռն արձագանքի պատճառներից մեկն էլ այն է, որ թանկացումը տեղի ունեցավ գրեթե միանգամից՝ կարճ ժամանահատվածում։ Սննդամթերքի գները փետրվարից մինչև օգոստոս կայուն նվազում էին (ամեն ամիս՝ նախորդ ամսվա համեմատ): Սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի գները չփոխվեցին, հոկտեմբերին աճեցին 1.3%-ով, իսկ նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, 4.2%-ով։
Եվ վերջապես, անհանգստության պատճառներից են նաև գնաճային սպասումները։ Արդեն բոլորը գիտեն, որ որոշ ապրանքատեսակների գներ 2018 թվականի հունվարի 1-ից կբարձրանան՝ պայմանավորված Հարկային օրենսգրքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելով և ԵԱՏՄ առավել բարձր մաքսատուրքերի կիրառմամբ։ Թեպետ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այդ գործոնների ազդեցությունը գնաճի վրա կկազմի առավելագույնը 1 տոկոսային կետ, բնակչությունն ավելի շատ հավատում է այն խոսակցություններին, որ գները թռիչքաձև աճելու են։
Ամենամտահոգիչն այն է, որ այդ սպասումներն իրոք կարող են հանգեցնել շատ ավելի բարձր գնաճի՝ առաջացնելով խուճապ և պահանջարկի կտրուկ աճ (ինչպես եղավ դոլարի հետ՝ 2014 թվականի դեկտեմբերին):
Ինչո՞ւ պետությունը չի իջեցնում գները
Կամ՝ ինչո՞ւ պետությունը չի կանխում գնաճը։ Մեր քաղաքացիներից շատերն են այս հարցը տալիս։ Ամենալակոնիկ պատասխանը հետևյալն է՝ պետությունը նման բան անելու իրավունք չունի։
Հայաստանն ազատ շուկայական մոդելի տնտեսություն է (համենայն դեպս, օրենքով այդպես է ամրագրված), ինչը նշանակում է, որ պետական կառույցները չեն կարող ապրանքների/ծառայությունների շուկայում գներ սահմանել կամ գնային առաստաղ դնել մասնավոր տնտեսվարողների կողմից մատակարարվող ապրանքների վրա։
Բացառությամբ բնական մոնոպոլիաների (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) տնտեսվարողներն իրենք են որոշում ապրանքների գները։ Կարճ ասած, գինը որոշում է շուկան։
Իսկ պետության դերը վերահսկելն է, որ խաղի կանոնները չխախտվեն, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները չչարաշահեն այդ դիրքը, դավադիր համաձայնություններ չկազմեն և գները չհիմնավորված ձևով չբարձրացնեն՝ գերշահույթներ ստանալու համար։
Ո՞վ է պատասխանատու գների համար
Ինչպես նշեցինք, պետական կառույցները գների վրա ուղղակիորեն չեն կարող ազդել։ Սակայն դա չի նշանակում, որ պետությունը ձեռքերը ծալած հետևում է գների վայրիվերումներին և ոչինչ չի ձեռնարկում, երբ դրանք չափից շատ աճում են կամ նվազում։
Ո՞ր կառույցն է պատասխանատու գների կայունությունն ապահովելու համար։ Առաջին հերթին՝ Կենտրոնական բանկը։ Սահմանադրությամբ հենց ԿԲ-ին է վերապահված գների կայունության (այժմ նաև՝ ֆինանսական կայունության) ապահովման գործառույթը։
ԿԲ-ն գների վրա ազդում է անուղղակիորեն, դրամավարկային գործիքների միջոցով կարգավորելով փողի առաջարկն ու պահանջարկը։ Երբ գներն աճում են նախատեսվածից ավելի արագ, ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ թանկացնում է փողը։ Փողը թանկանում է՝ նվազում է դրա նկատմամբ պահանջարկը։
Հետևաբար՝ նվազում է նաև բնակչության մոտ առկա փողի քանակը։ Քիչ փողը նշանակում է պահանջարկի նվազում ապրանք-ծառայությունների նկատմամբ, ինչն էլ իր հերթին՝ նպաստում է, որ գներն իջնեն։
Գների վրա ազդում է նաև կառավարությունը՝ հարկաբյուջետային քաղաքականության միջոցով։ Երբ գնաճը չափից դուրս բարձր է, պետությունը նվազեցնում է բյուջեի դեֆիցիտը՝ կրճատելով փողի ծավալը տնտեսության մեջ։ ԿԲ-ն և կառավարությունը միմյանցից անկախ մարմիններ են, սակայն կոորդինացնում են իրենց գործողությունները։
Ո՞վ է պատասխան տալու մսի կամ կարագի թանկացման համար
Ինչպես նշեցինք, գների ընդհանուր մակարդակի պատասխանատուն ԿԲ-ն է։ Սակայն չի կարելի ԿԲ-ին հարցնել կոնկրետ ապրանքատեսակի (ասենք՝ մսի) թանկացման մասին, և առավել ևս՝ մեղադրել։
Որովհետև ԿԲ-ն պատասխանատու է ընդհանուր գների մակարդակի համար, որը ձևավորվում է 470 անուն ապրանք-ծառայությունների գների միջինացված մակարդակով՝ ըստ ֆիքսված կշիռների։ Տավարի մսի, կարագի, ձվի և մնացած ապրանքների գների հարցում հասցեատերը մեկ այլ կառույց է՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ-ն):
Այս կառույցն առանձին ապրանքային շուկաներում ուսումնասիրություն է կատարում և պարզում՝ կա՞ն արդյոք տվյալ շուկայում գերիշխող դիրք ունեցողներ, չարաշահո՞ւմ են արդյոք նրանք այդ դիրքը։ Եթե գները կարճ ժամանակամիջոցում կտրուկ աճել են կամ նվազել՝ ՏՄՊՊՀ-ն պիտի պարզի, արդյո՞ք դա հիմնավորված է (հատուկ նշենք, որ գնանկումն էլ է կարևոր ուսումնասիրել, որովհետև հնարավոր է՝ լինի դեմպինգի փորձ):
Եթե ՏՄՊՊՀ-ն պարզում է, որ գների թանկացումը հիմնավորված չի և չարաշահում է, պատժամիջոցներ է կիրառում տնտեսվարողի նկատմամբ և պահանջում շտկել իրավիճակը։ Սակայն, եթե պարզվում է, որ թանկացումն օբյեկտիվ պատճառներ ունի (ասենք՝ թանկացել է ներմուծվող բենզինի կամ կարագի միջազգային գինը), ապա ոչինչ հնարավոր չէ անել՝ մնում է հաշտվել։
Իհարկե, հասարակությունը կարող է հավատալ կամ չհավատալ ՏՄՊՊՀ-ի եզրակացությանը, սակայն դա արդեն այլ թեմա է։ Կարևորն իմանալն է՝ որ հարցի հասցեատերը որ կառույցն է։
Հասարակ քաղաքացու համար ԿԲ-ն, Ֆիննախը կամ ՏՄՊՊՀ-ն ասոցիացվում են նույն՝ «պետություն» հասկացության հետ, դրա համար էլ մարդը կարող է ԿԲ ներկայացուցչից պատասխան պահանջել տավարի մսի թանկացման համար, կամ ՏՄՊՊՀ աշխատակցից՝ վարկերի տոկոսադրույքների համար։ Սակայն լրագրողները պարտավոր են իմանալ՝ ում ինչ հարցնել։