Բաժիններ՝

«Հարկային օրենսգիրքը 6 ամիս առաջ փոխել եք, հիմա նորից փոխում եք, 6 ամիս հետո էլի կփոխեք, սա ի՞նչ խաղի կանոններ են». Միքայել Մելքումյան

«Ձեր առաջարկած ռեժիմը, որ 3 ժամվա ընթացքում հա՛մ պետք է պատգամավորները գրավոր առաջարկ ներկայացնեն, հա՛մ հանձնաժողովը տա եզրակացություն, դուք ինչպե՞ս եք պատկերացնում: 3 ժամվա ընթացքում դա տեխնիկապես անհնար է»,- այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պարզաբանեց, որ պատգամավորներն առանձին 3 ժամ ունեն առաջարկություններ տալու համար, իսկ հաջորդ 3 ժամվա ընթացքում հանձնաժողովը կտա եզրակացությունը:

Մ. Մելքումյանը հարցով դիմեց նաև ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին.

«Հարկային օրենսգիրքը դեռ չի մտել ուժի մեջ: Մեկ տարի առաջ Դուք Ֆինանսների նախարար էիք, չէ՞, բա ի՞նչ արմատական փոփոխություններ եք բերել: Այսինքն՝ երբ մենք ձեզ ասում էինք՝ այս ի՞նչ Հարկային օրենսգիրք է, դուք ասում էիք՝ ամեն ինչ հաշվարկված է, բայց հիմա դեռ չի մտել ուժի մեջ, դուք բերել եք, արմատական փոփոխություններ եք անում:

Այսինքն՝ կարո՞ղ է մի 6 ամիս հետո էլ բերեք, ձեր այս ներկայացրածը լուրջ փոփոխությունների ենթարկեք: Դրա համար պետք է լուրջ  մտածել և ամբողջական, խորապես դիտարկումներ անել ու նոր այդ օրենքների նախագծերը բերել»:

Ի պատասխան՝ Վ. Արամյանն ասաց. «Երբ մենք ներկայացնում էինք օրենսգիրքը, միևնույն ժամանակ ասել ենք, որ այս օրենսգիրքն էականորեն քայլ առաջ է, բայց դա չի նշանակում, որ քարին գրված է, և այն դրական բարեփոխումները, որ պետք է արվեն, որ մեր տնտեսվարողների կյանքը լավացվի, չպետք է արվեն:  Այս Հարկային փաթեթի մեջ առաջարկությունների զգալի մասը բիզնեսի ներկայացուցիչներից են, որոնք մենք պարտավոր ենք քննարկել և ներկայացնել պատշաճ ձևով: Ես չեմ կիսում այն, որ եթե օրենքն ընդունում ես, պետք է ձեռք չտաս»:

Վ. Արամյանն արձագանքեց, որ Հարկային օրենսգրքի հիմնական տրամաբանությունն այն է, որ երկար ժամանակ ձեռնարկատերերի համար խաղի կանոնները պետք է չփոխվեն.

«Եթե մենք 6 ամիսը մեկ փոփոխություն ենք բերում, առավել ևս զավեշտալի է, որ դեռևս Հարկային օրենսգիրքն ուժի մեջ չի մտել, բայց բերում եք փոփոխություն, դա թույլ է տալիս ենթադրություն, որ ամեն վեց ամիսը մեկ դուք բերելու եք փոփոխություններ, իսկ բիզնեսը մնալու է անորոշության մեջ: Այսինքն՝ ո՞նց նա աշխատի, 6 ամիս առաջ փոխել եք, հիմա նորից փոխում եք, 6 ամիս հետո էլի կփոխեք, սա ի՞նչ խաղի կանոններ են»:

Վ. Արամյանը խոստացավ, որ եթե կլինեն այնպիսի նորմեր, որոնք խեղում կմտցնեն տնտեսվարողների կյանքում, իրենք բերելու են ու փոխելու են դրանք.

«Կարող են լինել նորմեր, որ մեր աչքից վրիպած լինեն, կամ պրակտիկ կյանքն այլ բան ցույց տա, որ մեր տնտեսվարողները դրան չեն հարմարվում, դա իրենց համար խնդիր է, այո, բերելու ենք՝ փոխենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս