Բաժիններ՝

«Տարեկան արտադրելու ենք 210 հազար ունցիա ոսկի». «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն

Ամուլսարում տեղի ունեցող շինարարությունն արդեն իր ամենաթեժ կետին է հասել: Նոյեմբերի 17-ին Ամուլսար այցելած լրագրողների հետ զրույցում հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց, որ նախատեսում են շինարարությունն ավարտել 2018 թվականի ամռանը, և այդ ժամանակ էլ կսկսեն ոսկու կորզումը:

«Տարեկան արտադրելու ենք 210 հազար ունցիա ոսկի: Այսօրվա ոսկու գներով՝ մոտավորապես 250 միլիոն դոլարի արտադրանք է լինելու, որն արտահանվելու է»,- նշեց Հ. Ալոյանը:

Հարցին, թե՝ արտահանման շուկան արդեն հայտնի՞ է, Հ. Ալոյանը պատասխանեց, որ դեռ բանակցությունների մեջ են. «Ոսկին շուկայի խնդիրը չունի, բայց ընկերությունը բանակցությունների մեջ է տարբեր ընկերությունների հետ: Հիմնականում եվրոպական երկրները և Ամերիկան են հետաքրքրված»:

Կարդացեք նաև

Ընկերության տնօրենն ընդգծեց, որ ջրի կառավարման մեխանիզմները ներդրված են. «Ե՛վ կույտային տարրալվացման հարթակը, և՛ ջրավազանները բոլորը ծածկվելու և մեկուսացվելու են, այսինքն՝ ոչ մի ջուր մակերեսի հետ կոնտակտ չի ունենալու: Դուք կարող եք նաև տեսնել ջրահեռացման համակարգերը, որոնք այսօր շինարարության փուլում են: Նախագծման առաջին օրվանից մեծ ուշադրություն ենք դարձնում ջրի կառավարմանը, և՛ տեղական մասանգետներն են լավագույնս մասնակցել այդ հարցերի ուսումնասիրմանը, և՛ միջազգային մասնագետները: Նախագծված աշխատանքն այնպիսին է, և, վստահ եմ, շինարարությունն էլ լինելու է այնպես, որ ընդհանրապես խնդիր չենք ունենալու ջրերի կառավարման հետ»:

Ընկերության արտադրատեխնիկական ծառայության պետ Էդգար Զաքարյանն էլ պատմեց, որ այս պահին տեղի է ունենում կույտային տարրալվացման հարթակի շինարարությունը. «Հարթակը կառուցելուց տակը կառուցելու ենք նաև իզոլյացիոն շերտ, որպեսզի որևէ ցիանաջուր չներթափանցի ավելի խորը գտնվող կռունկները: Դրանից հետո կառուցվում է դրենաժային համակարգը, որի միջոցով ամբողջ ոսկով հարուստ ջուրը տեղափոխվելու է PD 5 և PD1 հարստացված ջրերի ավազան: Դա իրենից ներկայացնում է 160 խմ տարողունակությամբ ավազան, որտեղից ջուրը գնալու է դեպի հարստացուցիչ ֆաբրիկա, դրանից հետո կորզվելու է ոսկին, և մնացորդային ջուրը հետ է վերադառնալու ցիկլ, գնալու է դեպի տեխնիկական ջրերի ավազան, և էլի հարստացվելով ցիանով և ջրով՝ տեխնիկական նպատակներով օգտագործվելու է: Այդ ամբողջ գործընթացի ընթացքում որևէ կաթիլ ջուր բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Եթե լինեն տեղումներ՝ չնախատեսված ձյուն, վարարումներ, այդ բոլոր ջրերի համար հաշվարկված է նաև զուգահեռ ջրավազանը, որը վերցնելու է իր մեջ այդ բոլոր տեղումները, և էլի որևէ կաթիլ ջուր չի գնալու շրջակա միջավայր»:

Հարցին՝ վերջում այդ ջուրն ի՞նչ է լինելու, Է. Զաքարյանն այսպես պատասխանեց. «Մենք 10-15 տարի շրջանառելով՝ միշտ օգտագործելու ենք այդ ջուրը տեխնիկական նպատակներով, մինչև մեր հանքը շահագործվի, որից հետո այդ ջուրն էլ ցիանով չի հարստացվելու, նույն պտույտը կատարելու է, բայց արդեն ջրով է հարստացվելու այնքան ժամանակ, մինչև ցիանն ամբողջությամբ միջից դուրս գա, ստանանք մաքուր ջուր, որը պիտանի է անգամ խմելու համար, ու նոր բաց թողնենք շրջակա միջավայր»

Դիտարկմանը, թե՝ բնակիչները մտահոգված են օդի փոշոտվելու հանգամանքով, Հ. Ալոյանն այսպես պատասխանեց. «Հասկանում եմ մտահոգությունը, շինարարության փուլում, իհարկե, եղել են դեպքեր, երբ եղանակային պայմաններից ելնելով կամ այլ պայմաններից ելնելով՝ եղել է փոշու անհանգստություն, բայց ընկերությունը ձեռք է բերել մի շարք ջրցան մեքենաներ, որոնք օգտագործվելու են փոշու կառավարման համար»:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի՝ 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն իսկ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապե՝ 290՝ Ջերմուկի, 44՝  Գորայքի, 114՝ Գնդեվազի, և 25՝ Սարավանի բնակիչներ են: Ծրագիրը նախատեսում է  շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում:  «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետական բյուջե փոխանցած հարկերի ծավալն ավելացրել է 12,5 անգամ և ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 20 հարկատուների մեջ է՝ զբաղեցնելով 19-րդ տեղը՝ ավելի քան 4 մլրդ դրամ հարկային վճարումներով։

Մանրամասները՝ 168.am-տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս