«Շաքարավազի գինը կտրուկ նվազել է». Արտակ Շաբոյան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ Հայաստանում մի շարք ապրանքային շուկաներում առկա է գների իջեցում:
«Շաքարավազի գինը կտրուկ նվազել է` շուրջ 14 տոկոսով, ու այս պահին վաճառքի գինը 335 դրամ է: Շաքարավազի շուկայում գների իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ ու խորացմամբ»,- ասաց պաշտոնյան: Նրա խոսքով` ներկայում շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում: «Ճիշտ է այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,- նշեց Արտակ Շաբոյանը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում շաքարավազի գինը միջազգային միջին գներից բարձր է` ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց. «Գների բարձր ու ցածր լինելու մասին խոսելիս պետք է առարկայական լինենք: Գնագոյացման մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր նվազագույն գներով է վաճառվում ապրանքը, ու պետք է հաշվի առնել, որ տրանսպորտային մեծ ծախսեր են կատարում ներկրողները»: