Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի արքայազները՝ որտե՞ղ են նրանք և ի՞նչ է պատահել նրանց հետ

Վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպայում բնակվող սաուդյան երեք արքայազներ անհետ կորել են:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, բոլոր երեքը քննադատում էին սաուդյան կառավարությանը, և կան վկայություններ այն մասին, որ նրանք առևանգվել են ու հասցվել Սաուդյան Արաբիա, որտեղից նրանց մասին այլևս որևէ տեղեկություն չի եղել:

2003թ. հունիսի 12-ի վաղ առավոտյան ավտոմեքենան՝ սաուդյան արքայազնի հետ, ժամանել է Ժնևի ծայրամասում գտնվող պալատի մոտ: Արքայազնի անունը Սուլթան բին Աբդուլ-Ազիզ, իսկ պալատը պատկանում է նրա հորեղբորը՝ ներկայումս հանգուցյալ թագավոր Ֆահդին: Թագավորի սիրելի որդին՝ արքայազն Աբդուլ-Ազիզ բին Ֆահդը հրավիրել էր Սուլթանին նախաճաշին:

Աբդուլ-Ազիզը խնդրում է Սուլթանին վերադառնալ Սաուդյան Արաբիա, որտեղ, ինչպես նա խոստանում էր, Սուլթանի կողմից երկրի ղեկավարության քննադատության պատճառով կոնֆլիկտը լուծում կստանա:

Սուլթանը հրաժարվում է, որից հետո Աբդուլ-Ազիզը ներողություն է խնդրում հեռախոսազանգի համար ընդմիջելու համար: Սենյակում գտնվող երկրորդ մարդը իսլամի գործերով սաուդյան նախարար, շեյխ Սալիհ Ալ աշ-Շեյխը նույնպես դուրս է գալիս և մի քանի ակնթարթ անց սրահ են ներխուժում դիմակներով անձինք: Նրանք ծեծի են ենթարկում Սուլթանին, ձեռնաշղթաներ հագցնում նրա վրա, որից հետո նրա վզի մեջ ասեղ են խրում:

Անգիտակից վիճակում Սուլթանին բերում են Ժնևի օդանավակայան, որտեղ նրանց արդեն սպասում էր տրանսպորտային սանիտարական ինքնաթիռ՝ թռիչքին լրիվ պատրաստ:

Սյդպիսին է իրադարձությունների վարկածը, որի մասին ինքը՝ Սուլթանը, պատմել էր շվեյցարական դատարանում՝ շատ տարիներ անց:

Ի՞նչ էր արել արքայազն Սուլթանը, որ ստիպել էր նրա հարազատներին բռնի դեղեր ներարկել ու առևանգել:

Մեկ տարի դրանից առաջ նա բուժման համար Եվրոպա էր ժամանել և սկսել էր հարցազրույցներ տալ, որոնցում քննադատորեն էր արտահայտվում սաուդյան ղեկավարության մասին: Նա դատապարտելով էր խոսում հայրենիքում մարդու իրավունքների վիճակի մասին, դժգոհում էր արքայազների ու պետության պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի գերազդեցության մասին, ինչպես նաև խոսում էր հաջորդական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Արքայազն Թուրքի բին Բանդարը ժամանակին թագավորական ընտանիքի պահպանության համար պատասխանատու սաուդյան ոստիկանությունում մայոր է եղել: Սակայն գահաժառանգության հարցով ներընտանեկան ուժեղ տարաձայնությունների հետևանքով նա ինքը հայտնվել էր բանտում, իսկ ազատ արձակվելուց հետո փախել է Փարիզ, որտեղ 2012թ. սկսել է վիդեոդիմումներ տեղադրել YouTube-ում՝ կոչ անելով Սաուդյան Արաբիայում բարեփոխումներ անցկացնել:

Սաուդիտները ճիշտ այնպես են արձագանքել, ինչպես արքայազն Սուլթանի դեպքում՝ փորձելով համոզել Թուրքիին վերադառնալ տուն: Երբ նրան զանգահարել էր ներքին գործերի փոխնախարար Ահմեդ ալ-Սալեմը, արքայազնը ձայնագրել է նրա հետ իր խոսակցությունը, ապա տեղադրել ձայնագրությունը ինտերնետում:

«Բոլորն անհամբերությամբ սպասում են քո վերադարձին, օրհնի քեզ Ալլահը»,- ասել է փոխնախարարը:

«Անհամբերությամբ սպասո՞ւմ են իմ վերադարձին: Իսկ ի՞նչ կասեք այն նամակների մասին, որոնք ինձ ուղարկել են քո աշխատակիցները՝ դու անառակի որդի ես, մենք քեզ քաշ կտանք հետ, ինչպես Սուլթան բին Թուրքիին»,- պատասխանել է Թուրքին:

Փոխնախարարն ի պատասխան փորձել է հանգստացնել արքայազնին. «Նրանք քեզ չեն ձեռք տա, չէ՞ որ ես քո եղբայրն եմ»:

«Ոչ, նրանք քո մոտից էին: Նրանք ուղարկվել էին ներքին գործերի նախարարության կողմից»,- ասել է Թուրքին:

Թուրքին շարունակել է հրապարակել տեսանյութեր ինտերնետում ընդհուպ մինչև 2015թ. հուլիսը: Հետո, այդ տարվա վերջին մոտ նա անհետացել է:

Մոտավորապես նույն ժամանակ, երբ անհետացել էր արքայազն Թուրքին, մեկ այլ սաուդյան արքայազն, Սաուդ բին Սաիֆ ալ-Նասրը, ով թագավորական ընտանիքի՝ համեմատաբար ոչ բարձր ռանգի անդամ էր, եվրոպական կազինոյի ու թանկարժեք օթելների սիրահար, նման ճակատագիր էր կիսել նրա հետ:

2014թ. Սաուդը Թվիթերում սկսել է գրառումներ թողել՝ քննադատելով սաուդյան միապետությանը:
Նա կոչ է արել դատական հետապնդման ենթարկել Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց, ովքեր պաշտպանել են Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումը 2013թ.:

Հետո, 2015թ. սեպտեմբերին Սաուդն ավելի հեռուն էր գնացել:

Այն բանից հետո, որ անանուն սաուդյան արքայազնը երկու նամակ էր գրել, որոնցով թագավոր Սալմանին տապալելու համար հեղաշրջման կոչ էր անում, Սաուդը հրապարակավ պաշտպանել էր կոչերը՝ միակը թագավորական ընտանիքից: Դա հավասարազոր էր պետական դավաճանությանը, և հնարավոր է, կանխորոշել էր նրա ճակատագիրը:

Մի քանի օր անց նա Թվիթերում գրել էր՝ «Ես կոչ եմ անում երկրին այս նամակների բովանդակությունը վերածել ժողովրդական ճնշման [երկրի ղեկավարության վրա]»: Դրանից հետո Թվիթերի աքաունթը լռել էր:

Մեկ այլ այլախոհ արքայազն Խալեդ բեն Ֆարհանը, ով Գերմանիա էր փախել 2013թ., ենթադրում է, որ Սաուդին խաբեությամբ հարկադրել են Միլանից Հռոմ թռչել Պարսից ծոցում մասնաճյուղեր բացելու ծրագրեր ունեցող ռուսաստանյան-իտալական ընկերության հետ գործարքի քննարկման համար:

«Այդ ընկերության մասնավոր ինքնաթիռը ժամանել է, վերցրել արքայազն Սաուդին, սակայն վայրէջք է կատարել ոչ թե Հռոմում, այլ Էր-Ռիյադում»,- ասում է Խալեդը:

«Պարզվել է, որ սաուդյան հետախուզությունը սարքել էր այդ ամբողջ գործողությունը: Այժմ արքայազն Սաուդի ճակատագիրը նույնն է, ինչ որ արքայազն Թուրքիինը, այսինքն՝ բանտ… Միակ ճակատագիրը՝ ստորգետնյա բանտ»,- պնդում է նա:

Արքայազն Սուլթանն, ով թագավորական հիերարխիայում ավելի բարձր դիրք էր զբաղեցնում, գտնվում էր բանտի ու տան միջև: Սակայն նրա առողջությունը վատթարանում էր, այդ պատճառով 2010թ. թագավորական ընտանիքը թույլ է տվել նրան բուժման համար մեկնել Բոստոն:

Այն, ինչ նա արեց իր անվտանգ թաքստոցից ԱՄՆ-ում, երևի, սարսափի մեջ գցեց Սաուդյան Արաբիային, նա շվեյցարական դատարաններին դիմեց քրեական գործ հարուցելու պահանջով՝ մեղադրելով արքայազն Աբդուլ-Ազիզ իբն Ֆադհին և շեյխ Սալիհ Ալ աշ-Շեյխին իրեն առևանգելու մեջ, 2003թ.:

2016թ. հունվարին Սուլթանը բնակվում էր Փարիզում թանկարժեք հյուրանոցում և մի անգամ, Սաուդ բին Սաիֆ ալ-Նասրի նման, նրան ինքնաթիռում ծուղակն էին գցել: Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունն առաջարկել է նրան ու նրա շրջապատի մարդկանց օգտվել մասնավոր ինքնաթիռից, և հակառակ 2003թ. նրա հետ տեղի ունեցածին, նա համաձայնել էր:

Դա ապշեցուցիչ իրավիճակ էր՝ արքայազն Սուլթանի հետ մոտ 18 օտարերկրյա քաղաքացիներ առևանգվել էին ու հասցվել Սաուդյան Արաբիա: Այդ ժամանակից ի վեր արքայազն Սուլթանի մասին ոչինչ հայտնի չէ:

Մինչդեռ արքայազն Խալեդը, ով դեռևս գտնվում է Գերմանիայում, մտավախություն ունի, որ իրեն ևս բռնի կվերադարձնեն Էր-Ռիյադ:

«Եվրոպայում թագավորական ընտանիքի երեք անդամ կար: Մենք քննադատում էինք ընտանիքը և նրա կառավարումը Սաուդյան Արաբիայում: Մեզնից երեքը առևանգվել են: Միայն ես եմ մնացել»,- ասում է նա: Կարո՞ղ է ինքը հաջորդը լինել հարցին՝ արքայազն Խալեդը պատասխանում է՝ «Ես համոզված եմ դրանում: Ես արդեն վաղուց եմ համոզված: Եթե նրանք կարողանային դա անել, նրանք արդեն կանեին դա: Ես շատ զգույշ եմ, բայց այդպիսին է իմ ազատության գինը»:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս