Կարեն Չիլինգարյանը պատրաստվում է դիմել «Սամսունգի» կենտրոնական գրասենյակ
Ամռան ամիսներին սպառողների կողմից հիմնական բողոքները խանութներում և մեծածախ առևտրի կետերում հայտնաբերված խախտումներից եղել են բանջարեղենի և մրգերի գների հետ կապված: 168.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ սպառողները հիմնականում բողոքել են նրանից, որ մրգերի և բանջարեղենի գները ոչ հիմնավորված բարձր են:
«Ասենք, մրգեր կան, որոնք ավելի թանկ են, քան դրսից բերած միրգը, օրինակ, տանձը, սալորը: Ո՞վ է իմացել, որ Հայաստանում հայկական տանձը լինի 1500-1700 դրամ, նման բան հլը չի եղել, նույնիսկ դրսից բերված միրգն ավելի էժան է, քան տեղական միրգը»,- նշեց մեր զրուցակիցը:
Կ. Չիլինգարյանը նաև ասաց, որ բողոքներ են եղել նաև ոչ պարենային ապրանքների հետ կապված. «Այս քանի օրը, ասենք, հեռախոսների հետ կապված խնդիրներ են եղել, և ես ուզում եմ այդ հարցով զբաղվել ու հարցն ուղղել «Սամսունգ» ընկերության հենց գլխավոր տնօրինությանը, որը գտնվում է Հարավային Կորեայում: Մեզ մոտ նման խնդիր կա, սպառողը գնում է հեռախոս խանութից, որը երաշխիքային ժամկետի մեջ է, անցնում է 10 օր, տեսնում է՝ դա ինչ-որ խնդիր ունի, ներկայացնում է խանութ, ասում են՝ դուք սեղմել եք այդ հեռախոսը, և այդ պատճառով այն վնասվել է, ու դուք պետք է վճարեք դրա համար: Նման դեպքերն արդեն մի քանի հատ են, որը կասկածի տեղիք է տալիս»:
Հարցին՝ ստացվում է՝ Հայաստան են ներկրում անորակ հեռախոսներ «Սամսունգից», Կ. Չիլինգարյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ, երևի ինչ-որ մի բան կա: Երկու դեպք է եղել, որ դիմել են խանութ, ասել են, որ սեղմելու պատճառով է եղել, բայց այդ ինչպե՞ս եղավ, իմ հեռախոսը նույնիսկ ընկել է գետնին, քարի վրա է ընկել, ոչ մի բան չի եղել, հանկարծ այդ ո՞նց եղավ, որ այդ վերջին «Սամսունգները» նման խնդիր ունեն, ուրեմն՝ դա գործարանային խնդիր է, որակի հետ կապված խնդիր է»:
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանում սուպերմարկետներում ժամկետանց ապրանքների հետ կապված դեպքերով շա՞տ են ձեզ դիմել: Ի պատասխան՝ Կ. Չիլինգարյանն ասաց, որ ինքը պարբերաբար այցելում է տարբեր խանութներ, սուպերմարկետներ և ուշադրություն է դարձնում դրան, բայց այս վերջերս նման դեպքեր գրեթե չեն պատահում:
Հարցին, թե՝ ինչո՞վ եք դա պայմանավորում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Առաջինը, որ սպառողներն էլ իրենք ավելի գրագետ ու իրազեկ են դարձել, նախկինում, ասենք, որ մտնում էինք խանութ, տեսնում էինք, որ սպառողն ապրանքը վերցնում է, անվանումը նայում, վճարում-գնում է, իսկ հիմա վերցնում, ժամկետները ստուգում է, ինչը մեծ առաջադիմություն է, և դա էլ է ստիպում, որ տնտեսվարողն ավելի ուշադիր լինի: Բացի դրանից, հիմա մրցակցություն կա, եթե սպառողը գնում է մի խանութում ժամկետանց սնունդ է տեսնում, պարզ է, մյուս անգամ այդտեղից չի օգտվի, խանութը գնորդ կկորցնի»:
Խոսելով այն մասին, թե արդյոք եղե՞լ են դեպքեր, որ արևի ուղիղ ճառագայթների տակ միրգ ու բանջարեղեն են վաճառել, որի արդյունքում ապրանքը վնասված է եղել, Կ. Չիլինգարյանն ասաց, որ ինքը նման բողոքներ չի ստացել. «Մի ժամանակ խնդիր կար՝ ձմերուկի հետ կապված, որ ասֆալտի վրա դնում, հենց այդպես վաճառում էին, դա, իհարկե, անընդունելի է, բայց հիմա հիմնականում պատգարակների, սեղանների վրա են դնում, ավելի քաղաքակիրթ ձևով են վաճառում»: