
«Հանցագործությունների թվի աճը պատահական կուտակում է. այնպես, ինչպես մի տարի կարող է շատ ձյուն գալ, մի տարի՝ ոչ». հոգեբան

«Վերջին 1.5 ամսվա ընթացքում մեր հասարակությանը ոչ բնորոշ այս հանցագործությունների շարքը՝ ագրեսիվ, խիստ ագրեսիվ, ոչ ադեկվատ, իսկապես մի քիչ շատ է։ Բայց միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, թե ինչ-որ հանգամանքներ նպաստել են, որ այդ ագրեսիվությունն աճի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։
Նրա կարծիքով՝ դա պատահական կուտակում է. «Այնպես, ինչպես մի տարի կարող է շատ ձյուն գալ, մի տարի ոչ։ Ամենակարևոր գործոնները երկուսն են՝ այն սթրեսը, որի տակ կատարվում է այդ հանցագործությունը և այն անձը, ով կատարում է։ Սովորաբար փսիխոպատներ են լինում, այսինքն՝ հիվանդագին ձևով սրված բնավորության գծեր ունեցող մարդիկ։ Նույնիսկ երկար ժամանակվա անքնությունը կարող է գերգրգռվածություն, հուզական խանգարում առաջացնել։ Դրանք բոլորը կարող են նպաստել այս տեսակ ագրեսիվությանը։ Իսկ մնացածը հանգամանքներն են»։
Թե ինչու են նման դեպքերը հենց ամռանը գրանցվում, ըստ հոգեբանի՝ պայմանավորված է նրանով, որ օդի ջերմաստիճանը բարձր է նորմայից. «Ինձ թվում է դա որոշակի դեր խաղում է։ Կատաղության դոզան կարող է այդ ազդեցությամբ այնքան ավելանա, որ որակական փոփոխություն տա։ Ամառը սովորաբար հանգստի շրջան է, բայց շատերը չեն գնում հանգստի, և գերհոգնածությունը նույնպես կարող է սթրեսոգեն արդյունք հանդիսանալ և նպաստել ագրեսիվության աճին»։
Հոգեբանը նշեց, որ ընդհանուր լարվածություն չկա՝ սոցիալ-տնտեսական պայմանները չեն փոխվել: «Գուցե լինում են դեպքեր, երբ շատերը չեն կարող գտնել, որ օրենքի ճանապարհով հարցերը կարող է լուծվել, և մարդն ինքն է որոշում Լինչի դատաստան տեսնել»,-ասաց նա:
Ըստ հոգեբանի՝ կա ևս մեկ գործոն, երբ այսօր կնոջ դերը հասարակությունում փոխվել է և տղամադիկ շատ դեպքերում չեն համակերպվում այդ մտքի հետ. «Հասարակությունը փոխվել է, ժամանկները փոխվել են և պրոպագանդայի ազդեցության տակ է մի դաշտը գտնվում, մյուս կողմից էլ շրջաններում հին մտածելակերպն է, որը ևս աննշան դեր կարող է խաղալ: Կան տղմարդիկ, որ չեն ընդունում, որ կանայք կարող են լավ կարիերա անել, ավելի մեծ գումար վաստակել, խախտում է բալանսը և որը կարող է ագրեսիվության առիթ տալ»։
Ի դեպ, Սամվել խուդոյանը նշեց, որ վերջին շրջանում հոգեբաններին դիմողների թիվը բավական մեծացել է. «Եթե հինգ տաս տարվա համեմատությամբ ասենք, տասնապատկվել է: Ամենշատը դիմում են նևրոզներով, ավելի քիչ փսիխոտիկ, շիզոֆրենիայի դեպքում, որոնց ժամանակ համատեղ հոգեբույժի հետ են հոգաբանները աշխատում կամ հրաժարվում են։ Շատացել է թեթև առօրյա հոգեբանական խնդիրներով դիմողների քանակը՝ երեխայի դաստիարակություն, հարաբերություններ, երեխա ունենալու խնդիր և այլն»։