Բաժիններ՝

Խորհուրդ, որը փոխեց իմ կյանքը

Ես շատ տաքարյուն եմ և բռնկուն բնավորություն ունեմ: Ես չգիտեի սպասել, համբերել և դիմանալ: Թեժ իրավիճակներում ինձ չէր հաջողվում հանգստանալ, շունչ քաշել և ժամանակ տալ ինքս ինձ՝ վերլուծել կատարվածը: Զգացմունքների պոռթկման պահին ես կարող էի վերջ տալ երկարամյա կապերին, ջնջել հեռախոսահամարներ, արգելափակել ոմանց: Հավաքում էի ճամպրուկներս և հեռանում արագ քայլերով, առանց հետ նայելու` այրելով բոլոր կամուրջները:

Բայց մի անգամ ինձ անգնահատելի խորհուրդ տվեցին, խորհուրդ, որը փոխեց իմ ողջ կյանքը:

«Հաղթում է նա, ով սպասել գիտի»,- ասաց իմ կյանքում ամենակարևոր մարդկանցից մեկը, և ես սկսեցի սովորել սպասել:

Ցուցաբերելով մեծ կամքի ուժ` ես զգացմունքներիս ազատություն տալու փոխարեն՝ արգելակում էի ինձ, պարտադրում սպասել: Իսկ ինչի՞ն սպասել: Սկզբունքորեն՝ ոչնչի: Թեկուզ սպասել, որ անցնի այն մեկ ժամը, որի ընթացքում կասվեն ամենավատ ու քայքայող բառերը, սպասել զգացմունքների կրակի մարելուն ու այդ ժամանակ միայն խոսել` չխեղդվելով կատաղությունից:

Շատ կարևոր է, որ այդ մեկ ժամվա ընթացքում ինքդ քեզ չուտես, այլ ուղղակի սպասես այդ ժամի ավարտին: Գիրք կարդացեք, երաժշտություն լսեք, կինո դիտեք, հեռախոսով խոսեք. կարճ ասած` զբաղվեք մի բանով: Ընդամենը մեկ ժամ, բայց եթե կարողանաք դիմանալ այդ մեկ ժամը և տաք գլխով որոշումներ չընդունեք ու քայլեր չձեռնարկեք, 100-ից 99-ի դեպքում մեկ ժամ հետո իրավիճակն այդ այլևս արտառոց ու ողբերգական չի թվա: Իսկ ահա այդ մեկ դեպքի իրավիճակից պետք է դուրս գալ արքայավայել: Իսկ դա նշանակում է՝ հանգիստ, բարյացակամորեն և ընդմիշտ:

Եվ հիշեք, որ զգացմունքների պոռթկման պահին մենք անում ենք բաներ, որոնց համար հետագայում անպայմանորեն զղջում ենք: Վնասում ենք մեր մտերիմներին, ու ավելի շատ` մեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս