Բաժիններ՝

«Ջրի սակագնի բարձրացումը կարող է հանգեցնել էպիդեմիաների». Կարինե Դանիելյան

«Երբ որոշվում էր, որ ջուրը գին ունենա, այն ժամանակ մենք՝ մի խումբ բնապահպաններով, փորձում էինք այնպիսի մի համակարգ մտցնել, որ մինիմալ այն ջրի քանակը, որ անհրաժեշտ է մարդուն՝ իր կյանքի գոյությունը պահպանելու համար խմելու և սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովելու համար, այդ մինիմալ քանակը դարձնել անվճար՝ որպես մարդու իրավունքի դրսևորում, իսկ դրանից հետո արդեն գումար գանձել պրոգրեսիվ ճանապարհով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ջրի սակագնի հնարավոր բարձրացման մասին՝ նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա ասաց, որ իրենց մոտեցումն այն ժամանակ չի ընդունվել, բայց իրենց խոստացվել էր, որ սոցիալապես անապահով խավերը զեղչված գներով կամ նույնիսկ անվճար կունենան ջուրը, բայց հիմա պարզվում է, որ նման բան չի եղել:

Հիշեցնենք, որ Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար: «Զեղչի գաղափարը շատ երկրներում աշխատում է, և կարծում եմ՝ մեզ մոտ էլ պետք է աշխատի: Եթե մարդն ի վիճակի չէ վճարել ջրի համար, նա սանիտարահիգիենիկ պայմանները չի կարողանում ապահովել, արդյունքում՝ մենք կարող ենք կանգել էպիդեմիաների առաջ: Առայսօր դա մեզ մոտ չի եղել, բայց ես այդ վտանգը տեսնում եմ»,- նշեց բնապահպանը:

Կ. Դանիելյանն ասաց, որ ինքը հասկանում է, որ «Վեոլիա ջուրը» մեծ խնդիրների առաջ է կանգնած, որովհետև համակարգում կորուստները հսկայական են, տարբեր գնահատումներով՝ դրանք 60-80 տոկոս են կազմում, անիմաստ է դառնում առհասարակ այդ համակարգի գոյությունը:

Ըստ բնապահպանի՝ այդ ամբողջ համակարգը պետք է կապիտալ վերանորոգվի.

«Բայց կա նաև մի երևույթ, որի մասին մամուլն անընդհատ գրում է, որ պարզապես կան մարդիկ, որոնք օրենքից բարձր են, ջուրն օգտագործում են, բայց չեն վճարում դրա համար, և դա համարվում է կորուստ: Ես հասկանում եմ այդ ընկերության մոտեցումը, բայց այստեղ նաև պետության մոտեցումը պետք է լինի, որ մարդկանց իրավունքները պաշտպանի և գտնի ոսկե միջինը, ու ուղղակի համաձայնել «Վեոլիա ջրի» առաջարկին, այնքան էլ ճիշտ չի լինի»:

Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ ջրի սակագինը 180 դրամից դառնա 194,3 դրամ: Հարցին, թե որքանո՞վ է արդարացված այս կտրուկ թանկացումը՝ Կ. Դանիելյանն այսպես պատասխանեց.

«Միգուցե, տնտեսական առումով արդարացված է, այն, որ պետք է իրավիճակը բարելավվի, արդարացված է, սոցիալական և էկոլոգիական առումով արդարացված չէ, որովհետև բացասական երևույթներ մենք կտեսնենք, և ես այդտեղ վտանգներ եմ տեսնում: Ինչպես արդեն ասացի, եթե մարդն ի վիճակի չէ լիարժեք ջուր օգտագործել, նա չի ապահովում սանիտարահիգիենիկ պայմանները, իսկ դրա հաջորդ քայլը տարբեր ինֆեկցիաների բռնկումը և տարածումն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս