«Շատ վատ է, որ ԱՄՆ դեսպանը նման հայտարարություն է կատարում». Արմեն Բադալյան

«Ինչ-որ խորիմաստ բաներ փնտրել պետք չէ, այսինքն՝ եթե դուք ՀԱՊԿ անդամ եք, ԵԱՏՄ անդամ եք, ապա դա չի նշանակում, որ պետք է Արևմուտքի հետ հնարավոր այլ ոլորտներում համագործակցություն չունենաք։ Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զարգացած է ինչպես՝ Մեծ Բրիտանիայում, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներում, և Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, կարող է այս ոլորտում համագործակցել նաև այլ երկրների հետ, և ոչ միայն այդ ոլորտում, նաև այլ ոլորտներում նույնպես, օրինակ, էներգետիկ և բազմաթիվ այլ ոլորտներում։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ը փշալարերով քաշված սահմաններ չի, որից այն կողմ ՀՀ իշխանությունները չեն կարող համագործակցել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով օրերս արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իրականացրած համատեղ մարտավարական վարժանքների ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ Հայաստանի ՀԱՊԿ անդամությունը չի խոչընդոտում Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտի գործակցությանը:

Ըստ նրա՝ խնդիրը Հայաստանի իշխանությունների մեջ է, և ոչ թե՝ Ռուսաստանի։ Փորձագետի կարծիքով՝ եթե ՀՀ-ն ունենար այնպիսի ղեկավարություն, որը մտածեր Հայաստանի մասին, բնականաբար, տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների, կարող էր շատ հանգիստ համագործակցել, որևէ խնդիր չկա։ Ա.Բադալյանը նկատեց, որ շատ վատ է, որ ԱՄՆ դեսպանը նման հայտարարություն է կատարում, քանի որ դրանում որոշակի սարկազմի երանգներ կան, թե՝ ոչինչ, որ ՀԱՊԿ անդամ եք, մեր հետ համագործակցեք, ձեր վրա չեն խոսի։

Դիտարկմանը, որ Ռ.Միլսը նաև  կարևորել է, որպեսզի Հայաստանն ինքնուրույն կայացնի պաշտպանական քաղաքականության որոշումները, ինչում ևս ակնարկ կա, Ա.Բադալյանը համաձայնեց, որ ակնարկ, իհարկե, կա, քանի որ, եթե ՀԱՊԿ անդամ եք ու ցանկանում եք միաժամանակ ՆԱՏՕ-ի կամ այլ երկրների հետ ինչ-որ բնագավառներում պաշտպանական գործունեություն իրականացնել՝ ռազմաարդյունաբերական համալիրի ինտեգրման կամ համագործակցության բնագավառում, համատեղ զորավարժություններ անցկացնելու բնագավառում, ապա աշխատեք լինել ինքնուրույն. «Սա ակնարկ է ոչ թե՝ Ռուսաստանի, այլ՝ Հայաստանի իշխանություններին»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե՝ «ո՞ւր գնանք՝ ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից բացի, մի՞թե ՆԱՏՕ-ում բոլորն են մեզ գրկաբաց սպասում», Ա.Բադալյանը նշեց, որ հարցն այն է, թե դու ինչպիսի քաղաքականություն կիրականացնես, որովհետև հարգում են նրան, ով ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում։

Ըստ նրա՝ միգուցե ինչ-որ մեկի համար դա հարմար չի, բայց  հասկանալի է, որ քո քաղաքականության հիմքում դա է դրված, փորձում են պայքարել, եթե դու բավականին գրագետ ես, կարողանում ես «ճնշումների» դեմ արմատական քայլեր իրականացնել, և քո քաղաքականությունը պաշտպանական և ոչ միայն պաշտպանական բնագավառում առաջ տանել. «Եթե դու ցանկություն չունես ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու, ապա դու անմիջապես սլաքներն ուղղում ես դեպի Ռուսաստան, ինչպիսի տեսակետ տիրում է այսօրվա լրատվամիջոցներում, այսինքն՝ իշխանական շրջանակներն անուղղակի մեղքի սլաքը փորձում են ուղղել Ռուսաստանի ուղղությամբ, մասնավորապես, նշելով, թե՝ «ա՛յ, մենք կցանկանայինք, բայց մեզ թույլ չեն տալիս»։

Նման դեպքերում նորմալ երկրներում իշխանությունները հեռանում են։ Բայց քանի որ Հայաստանը նորմալ երկիր չի, դա, բնականաբար, տեղի չի ունենում։ Այսիքն՝ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունենան իրականում համագործակցել Արևմուտքի հետ, ինչքան էլ կողքից փորձեն խոչընդոտել, դա հաջողություն չի ունենա։ Որովհետև, եթե փորձես համագործակցել Արևմուտքի հետ, դա նշանակում է՝ նաև արևմտյան արժեհամակարգ բերել Հայաստան, դա նշանակում է՝ ընտրությունները կեղծել, դա նշանակում է՝ անկախ դատաիրավական համակարգ ստեղծել, դա նշանակում է՝ տնտեսության մեջ մենաշնորհները վերացնել, այսինքն՝ կատարել քայլեր, որոնց վրա հենված է իշխանությունը։

Բայց եթե իշխանությունն այդ քայլերը կատարի, ուղղակի կկորցնի այն տեսքը, որն այսօր ունի։ Բայց խնդիրը ՀՀԿ-ի մեջ չէ, խնդիրն այն քրեաօլիգարխիկ համակարգն է, որ այսօր Հայաստանում կա։ Եթե այդ քայլերը կատարվեն, այսինքն՝ Հայաստան բերվեն արևմտյան արժեքները, ապա այդ համակարգը կփլուզվի։ Դրանից խուսափելու համար մեղքի սլաքներն ուղղում են Ռուսաստանին, ասելով՝ թե կուզենային, բայց ՌԴ-ն ճնշում է։ Բայց դա արդեն չաշխատող տեխնոլոգիա է»։

 

Տեսանյութեր

Լրահոս