Ինչպիսին է բուհերի անվճար համակարգ ընդունված դիմորդների սեռային համամասնությունը. թվեր. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շրջանառվող տեղեկություների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակը մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

Մի շարք բուհեր ուղղված մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ ամեն դեպքում վիճակագրությունը չի վկայում նման երևույթի ցայտուն դրսևորման մասին, որոշ բուհերում անգամ հակառակ պատկերն է: Իսկ, օրինակ, Երևանի պետական համալսարանում այդ առումով առկա պատկերը մնաց անհայտ:

Մայր բուհից միայն ասացին, որ բակալավրիական կրթական ծրագրով անվճար ուսուցման համակարգում 52 մասնագիտությունների գծով ընդունվել է 420 դիմորդ: Թե նրանցից քանիսն է տղա եւ քանիսը՝ աղջիկ, չմանրամասնեցին: Պատճառաբանեցին, որ այդպիսի վիճակագրություն չունեն:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանից էլ տեղեկացանք, որ այստեղ անվճար բակալավրիական կրթություն ստանալու հնարավորություն է ստացել 68 դիմորդ: Արական սեռի ներկայացուցիչներ են նրանցից 31-ը: Բայց տարկետման իրավունքով սովորելու է 26-ը, որովհետև մյուսներն արդեն իսկ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդներ են:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, օրինակ, բակալավրիատի անվճար ուսուցման համակարգ է ընդունվել 83 դիմորդ: Նրանցից 56-ն աղջիկ է, 27-ը՝ տղա:

Դե, իսկ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը շարունակում է պահպանել «հարսնացուների համալսարանի» իր տիտղոսը: Ինչպես տեղեկացանք ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գևորգյանից, այստեղ անվճար ուսուցման համակարգ ընդունված 43 դիմորդից միայն մեկն է տղա:

Նկատենք, որ արդեն հաջորդ ուսումնական տարվանից ամենայն հավանականությամբ չեն լինի պետպատվերի ու զինծառայությունից տարկետման իրավունքի հետ կապված այս խնդիրները, որովհետեւ նախատեսվում է տարկետումը կապել զինծառայության հետ:

Այլ առիթներով անդրադարձել ենք, որ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով նախատեսվում է պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք տալ միայն այդ ծրագրում ընդգրկվող ուսանողներին: Այսինքն՝ եթե նրանք պարտավորվեն, որ ուսումնառության տարիներից երեքի ընթացքում ամեն շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցելու են զինվորական պատրաստության դասընթացի, իսկ այնուհետև լեյտենանտի սպայական կոչում ստանալուց հետո երեք տարի ժամկետով ծառայության անցնեն զինված ուժերում` առաջնագծում` ամսական ստանալով 260 հազար դրամ ու նաև ուսման վարձի փոխհատուցում:

Ծրագիրը ներկայացվելու է նաև Ազգային ժողով: Չընդունվելը, կարելի է ասել` անհավանական է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս