«Իրական դպրոցն» ավագ դպրոցի աշակերտներին հրավիրում է անվճար կիբեռնետիկա սովորելու
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությոնից տեղեկացնում են, որ «Իրական դպրոցը» հանրակրթական ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ 2017-2018թթ. ուսումնական տարվա համար:
Ուսման տևողությունը չորս տարի է։ Ուսման երկու տարիները ներառում են հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։
Հաջորդ տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ Ուսուցումն անվճար է։
Այս դպրոցում ուսումնառությունն աշակերտներին տալիս է մի շարք հնարավորություններ և առավելություններ, այդ թվում՝
• Ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում և դրան զուգահեռ՝ զարգացնել ստեղծագործական և ձեռնարկատիրական հմտություններ:
• 19 տարեկանից մուտք գործել աշխատաշուկա` որպես մասնագետ, ով արդեն ունի կատարած նախագծեր և փորձ: Ուսումնառության 30%-ը ուսանողները կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում:
• Ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։
Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներից բացի՝ ուսանողները նաև կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը և առանձնահատկությունները, կուսումնասիրեն համաշխարհային պատմություն, մշակույթ, արվեստ, ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք և փորձ, կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրներն այդ նախագծերի իրականացման մեջ, կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրության սկզբունքներին,
կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում և ընտրած մասնագիտացման մեջ, կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։
Ուսումնական ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՆ համագործակցությամբ` «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» արտոնագրով։ Մեկնարկը տրվել է դեռևս նախորդ տարի:
Սիրարփի Աղաբաբյան