«Սննդային ալերգիաները կապ չունեն սեզոնի հետ». ալերգոլոգ

Ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը վստահեցնում է՝ սննդային ալերգիաները կապ չունեն սեզոնի հետ, եթե մարդ ունի ինչ-որ ալերգիա սննդից, ենթադրենք՝ ինչ-որ մրգից կամ կաթից, ձվից, ապա այդ ալերգիան դիտվում է ամբողջ տարվա ընթացքում և չունի որևէ սեզոնային կախվածություն։

«Շատերը խառնում են սեզոնային ալերգիկ ռինիտն այլ ալերգիաների դրսևորման հետ։ Հստակ պետք է պատկերացնենք, որ սննդային ալերգիան առանձին հիվանդություն է, շնչառական ալերգիկ խնդիրներն էլ առանձին խումբ են։ Պարտադիր չէ, որ մարդը շնչառական ալերգիկ սրացման ժամանակ ինչ-որ հատուկ դիետաների հետևի ու կյանքը բարդացնի՝ ինչ-որ ավելի կարևոր բաներից իրեն զրկելով»,- նկատեց ալերգոլոգը։

Ըստ նրա՝ իսկ սննդի օգտագործելու-չօգտագործելու հարցերն ավելի շատ կախված են սննդային անվտանգությունից՝ ինչպե՞ս պահպանել սնունդը, ինչքա՞ն ժամանակ։

Պարոն Իրիցյանի խոսքով՝ որոշակի խնդիր կարող է լինել այն սննդամթերքների հետ, որոնք, զուտ տնտեսական կամ աշխարհագրական դիրքից ելնելով, ունեն սեզոնային բնույթ.

«Ձմռանը, օրինակ, ցիտրուսներ ավելի շատ ենք օգտագործում և ցիտրուսներից ալերգիա ունեցողների խնդիրները, բնականաբար, ավելի կշատանան, բայց դա կապ չունի եղանակի հետ, այլ նրա հետ, որ այդ ժամանակ այդ տեսակի մրգերն ավելի շատ են ներմուծում, և տեղականն ավելի քիչ է։ Եվ նույն կերպ, բնականաբար, այն մթերքները, որոնք ամռանը շատանում են, ավելի հաճախ ենք օգտագործում, և դրա հետ կապված խնդիրներն ավելի հաճախ կդիտվեն, բայց դա ևս չունի սեզոնային ինչ-որ բացատրություն։ Եթե խնձորից ալերգիա ունեցողին խնձոր տաս ձմռանը, նորից կունենանք նույն ալերգիան»։

Անդրադառնալով արևային ալերգիաներին՝ բանախոսն ասաց, որ սա մի կողմից` շատ հեշտ ու պարզ, մյուս կողմից էլ՝ բարդ խնդիր է, որովհետև կան վիճակներ, որոնք կոչվում են ֆոտոալերգիաներ, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթը կարող է որոշակիորեն մաշկային խնդիրներ առաջացնել, որոնք կարելի է մեկնաբանել` որպես ալերգիայի տարատեսակ, բայց դա  բոլորովին կապ չունի այն գանգատների հետ, ինչ որ հաճախ ներկայացնում են արևային ալերգիա ունենալու հետ կապված։

«Այստեղ զուտ համընկնում է այն հանգամանքը, որ բույսերի մեծ մասը ծաղկում են գարնանն ու ամռանը։ Ծաղկում են օրվա այն պահին, երբ առավել արևոտ է, և մարդիկ արևի առկայությունը շփոթում են պատճառի հետ։ Այդ պահին օդում ուղղակի ավելի ինտենսիվ է տարածվում ծաղկափոշին և, բնականաբար,  ամպամած, խոնավ եղանակին այդ ծաղկափոշիները նստում են, և մարդիկ կարծում են, որ արևի բացակայությունից է, որ իրենք իրենց լավ են զգում։ Բայց դա ևս կապված է ալերգեն մասնիկների՝ օդի մեջ ավելի քիչ լինելու հետ»,- ասաց ալերգոլոգը։

Խոսելով ծովամթերքների օգտագործման մասին՝ պարոն Իրիցյանն ասաց՝ քանի որ ծովամթերքները բավականին քիչ են կիրառվում մեր առօրյայում, ճանապարհորդության ժամանակ կարող եք փորձել ծովային մթերքներ և պարզել, որ ունեք ալերգիա։ Ըստ բանախոսի՝ սովորաբար չափահաս տարիքում նման ալերգիաները դրսևորվում են բավականին սուր ձևով, այդ իսկ պատճառով զգուշանալը և ուտեստի բաղադրությանը տեղյակ լինելը շատ կարևոր է. «Եթե գիտեք, որ ունեք սննդային ալերգիա, անպայման փորձեք հասկանալ սննդամթերքի բաղադրությունը, որպեսզի խուսափեք ավելորդ անախորժություններից»։

Մասնագետը նկատեց նաև, որ, ըստ վիճակագրության՝ արտերկրյա ճանապարհորդությունների ժամանակ ալերգիաները լինում են այն ծովամթերքներից, որոնք հիմնականում խեցգետնակերպերի (креветка) հետ են կապված։
«Դրանք ամբողջ աշխարհում ուժեղ ալերգեններ են հանդիսանում։ Չափահաս տարիքում ալերգիան դրսևորվում է այտուցների տեսքով, անգամ կարող է կյանքին վտանգ սպառնալ, և դրանք բավական են, որ փչացնեն հանգիստը։ Նման ալերգիայի դեպքում, եթե արտերկրում եք, հատկապես պետք չէ ինքնաբուժությամբ զբավել, պետք է դիմել բժշկի»,- հավելեց ալերգոլոգը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս