«Սա Հայաստանի ձախողումն էր. այսպիսի վարքագիծը որևէ արդարացում չունի». Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի ձախողումն է համարում այն փաստը, որ հուլիսի 9-16-ը Մինսկում ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը պաշտպանել է Ռուսաստանին՝ Արցախի հարցի վերաբերյալ կետերը փոփոխելու փոխարեն։
Մասնավորապես, փաստաթղթում Ռուսաստանին կոչ էր արվում չեղարկել Ղրիմը բռնակցելու որոշումը և դուրս հանել օկուպացիոն ուժերը թերակղզուց: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ՝ 91, դեմ՝ 15 անդամ: Դեմ քվեարկողների թվում են եղել ԵԱՀԿ ԽՎ հայ և ռուս անդամներ, ինչպես նաև՝ բելառուսցի երկու պատգամավոր:
«Եթե մենք դրա դիմաց որևէ բան ստանայինք, ես միգուցե հասկանայի, թե ինչու է միջազգային կառույցներում Հայաստանը սպասարկում Ռուսաստանի քաղաքականությունը։ Երկու կետ կա Արցախի հակամարտության վերաբերյալ. 11-րդ և 45-րդ կետերը։
Նկարագրական մասի 11-րդ կետը մտահոգություն է հայտնում, որ Հարավային Կովկասում ռազմական գործողություններ են վերսկսվել, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմը հաճախակի խախտվել է շփման գծում՝ Արցախի հարակից տարածքներում։ Այս ձևակերպումն է օգտագործվել, և զարմանալի է, որ այս առումով նույնիսկ նույն հարթության մեջ է դրվել Ուկրաինայի Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումները, այսինքն՝ դրվել է ուկրաինական կոնտեքստ Արցախի հակամարտությունը, իսկ ավելի ստույգ՝ հրադադարի ռեժիմի խախտումները։
45-րդ կետում խոր ափսոսանք է հայտնվում Արցախի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ, և կոչ է արվում կողմերին՝ անհապաղ առարկայական բանակցությունների մեջ մտնել և շուտափույթ հակամարտության լուծում գտնել։ Նաև համանախագահներին կոչ է արվում ակտիվացնել այդ ուղղությամբ իրենց ջանքերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սաֆարյանը։
Ամբողջ բանաձևը, ըստ քաղաքագետի՝ բավականին խիստ է Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես՝ Ղրիմի հարցով. «Մոտավորապես 18 հիշատակում կա Ղրիմի վերաբերյալ՝ սկսած նրանից, որ կոչ են անում՝ Ռուսաստանը դուրս բերի իր ուժերը, վերջացրած նրանից, որ միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ դիտորդները, իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացուցիչներ ունենան այնտեղ, կոչ է արվում այլ երկրներին չճանաչել ՌԴ Պետդումայի ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Ղրիմում և Սևաստոպոլում, և այսպես շարունակ»։
Հետևաբար, ըստ մեր զրուցակցի՝ ստացվում է, որ հայկական պատվիրակությունը բավականին մեծ ռիսկեր է ստեղծում ընդհանրապես միջազգային վեհաժողովներում Արցախի հիմնախնդրի կապակցությամբ.
«Եթե մեր պատվիրակությունը դժգոհ է Արցախի վերաբերյալ այդ երկու կետից, ու դա է եղել պատճառը, որ իրենք դեմ են քվեարկել, թող բարի լինեն՝ հայտարարել դրա մասին։ Բայց այդ դեպքում պետք է նաև հստակ հայտարարեն, թե ինչն է եղել սեփական ապաշնորհության պատճառը, որ, օրինակ՝ չեն կարողացել բացառել Դոնբասի հետ նույն հարթությունում Արցախի հայտնվելը։ Ռուսաստանի դեպքում ԵԱՀԿ ԽՎ-ն շատ հստակ տալիս է, թե ով է վտանգի աղբյուրը, որը ռուսական օկուպացիան է, իսկ Արցախի հակամարտության դեպքում՝ անհասցե, առանց հիշատակելու Ադրբեջանի սադրանքները, ուղղակի մեզ դնում են ուկրաինական կոնտեքստի մեջ։ Պարզ է դառնում, որ հայկական պատվիրակությունն ուղղակի դեմ է քվեարկել այս բանաձևին՝ հանուն Ռուսաստանի»։
Ստյոպա Սաֆարյանն ընդգծում է՝ միջազգային վեհաժողովներում Ռուսաստանի օգտին քվեարկելու պայմանավորվածություններ, վստահաբար, ՌԴ ԱԳ նախարարները ձեռք են բերում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում. «Բայց նույնիսկ Ադրբեջանը դեմ է քվեարկում այդպիսի բանաձևերին, թեև Ռուսաստանից ստանում է ավելին, քան Հայաստանը, որը հլու-հնազանդ ՌԴ-ի օգտին է քվեարկում միջազգային վեհաժողովներում, բայց դրա դիմաց ոչինչ չի ստանում։ Եթե այս տեմպերով շարունակենք, կարող է միջազգային հանրության համբերությունը սպառվել, և, եթե այժմ բավարարվել են ուղղակի 11-րդ կետում Դոնբասն ու Արցախը նույն հարթության վրա դնելով, ապա կարող են ուղղակի ընդհանուր համատեքստում մոտեցնել այդ խնդիրը, մանավանդ, որ պաշտոնական Երևանն անխոհեմություն էր ունեցել ճանաչելու Ղրիմի կամարտահայտությունը։
Այս հակամարտությունն էական ձևով ազդում է Արցախի հակամարտության վրա, և հայկական պատվիրակության վարքագիծը որևէ ողջամիտ բացատրության չի ենթարկվում։ Տպավորություն է, որ նրանք թքած ունեն, թե ինչ ռիսկեր կարող են ստեղծվել Արցախի հարցի համար»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա Հայաստանի ձախողումն է. «Ադրբեջանը սադրանք է կատարել, հրաժարվում է կատարել այդ կառույցի ընդունած որոշումները, և այլն… Այնքան գործ կար անելու, բայց մեր պատվիրակությունը չի արել։ Պետք էր հասնել նրան, որ այդ կառույցում Ադրբեջանի նկատմամբ խիստ վերաբերմունք ձևավորվեր, ինչը մենք չենք տեսնում ո՛չ 11-րդ, ո՛չ էլ 45-րդ կետերում։ Սրա փոխարեն՝ մենք տեսնում ենք, որ հայկական պատվիրակությունը շատ հուզվել է, որ 18 անգամ Ղրիմը հիշատակել են բացասական կոնտեքստում և անարգանքի սյունին են գամել Հայաստանի ռազմավարական դաշնակցին։ Այսպիսի վարքագիծը որևէ արդարացում չունի»։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավարն է ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, անդամները՝ «Ելքից»՝ Արարատ Միրզոյանը, ու «Բարգավաճ Հայաստանից»՝ Տիգրան Ուրիխանյանը։