«Սևանը փրկելու համար պետք է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». մտավորականների առաջարկը երեք նախարարներին
Մտավորականների խորհրդի անդամ Արամ Գասպարի Սարգսյանի պնդմամբ՝ Սևանը փրկելու համար պետք է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և առաջարկել, որ իր վերահսկողության տակ վերցնի լիճը, լճի պահպանումն ու զարգացումը: Նրա խոսքով՝ սա շատ հնարավորություններ կտա. վերահսկողություն կլինի լճի նկատմամբ, տնտեսական որոշակի արտոնություններ կտրամադրվի ՀՀ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ինչպես նաև՝ միջագզային հանրության հետաքրքրությունը կաճի լճի նկատմամբ:
Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ հանրության ցանկությունը շատ քիչ է, քանի որ դիմումները պետք է լինեն պատկան մարմինների կողմից, այդ իսկ պատճառով Մտավորականների խորհրդի անդամներն այս խնդրին լուծում տալու համար նամակով դիմում են ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
Սակայն խնդիրներ կան նաև Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնապահպանական օբյեկտների համապատասխան ցանկի մեջ ներգրավելու հետ կապված: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ երբ ներկայացուցիչներ եկան այս հարցը քննարկելու համար, պարզվեց, որ որոշ ցուցանիշներով Սևանը չի համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ գտնվող լճերի շարքին:
«Սևանը տուրիզմի համար անբարենպաստ է, քանի որ չկա այնպիսի լիճ, ուր լցվեն բոլոր կենցաղային հոսքաջրերը, հանգստյան տների կեղտաջրերը, և դա օգտագործվի տուրիզմի նպատակներով: Բացի այդ՝ երբ նրանք եկան՝ ձկնարդյունահանում էր կատարվում, ոչ օրինական որսագողություն էր կատարվում: Այս խնդիրները լուծելուց հետո մենք կարող ենք դիմել նրանց: Առաջին հերթին՝ մենք պետք է մտահոգվենք, որ հետո էլ ուրիշների ուշադրությունը կարողանանք սևեռել այս խնդրի վրա»,- ասաց Էվելինա Ղուկասյանը:
Մտավորականների խորհրդի անդամներին հատկապես մտահոգել էր այն, որ Ազգային ժողովն ընդունել է Սևանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառի մասին օրենք:
«Հիմնավոր պատճառներ այդպես էլ չբերվեցին, հուլիսն անցնում է, երաշտ չկա, անձրևները շարունակվում են, և անհրաժեշտություն չկա, որ Սևանից նորից ավելորդ ջուր վերցնեն: Տարվա ընթացքում այնպիսի իրավիճակ է եղել, որ հենց գարնանն իրենք վերցրել են 170 մլն, և հիմա էլ ստիպված են 100 մլն վերցնել», – ասաց Արամ Սարգսյանը:
Վերջինիս կարծիքով՝ պատճառներից մեկը, թե ինչո՞ւ են ստիպված 100 միլիոն խմ ջուր վերցնել, էլեկտրաէներգիա ստանալն և վաճառելն է, որի գումարը շատ չնչին է կազմում: Պատճառներից է և այն, որ ձկնաբուծարանների ջուրը պակասել է, ստորգետնյա ջրամբարը շատ ավելի իջել է իր մակարդակով, և ջուրը ստիպված են հիմա ավելի ցածր մակարդակից վերցնել: Բանախոսի խոսքով՝ 100 միլին խմ ջուրը պետք է նրանց օգնելու համար:
«Պատգամավորի ընտրության արդյունքները խոսում են այն մասին, որ մեր երկրում անգամ բնապահպանությունն է քաղաքականացված»,- նշեց ասուլիսի մյուս բանախոս Էվելինա Ղուկասյանը:
Մտավորականների ֆորումի անդամ, գիտնական Վահան Համազասպյանը սա կապում է նրա հետ, որ ՀՀ-ում գոյություն չունեն տնտեսության զարգացան ստրատեգիական ծրագրեր:
«Ամեն անգամ նեղն ընկնելուց՝ ձեռքը գցում են բնական ռեսուրսներին: Այնպիսի ռազմավարական ծրագիր է պետք, որ հաշվի առնի համաշխարհային տնտեսության զարգացման օրինաչափությունները: Շատ ավելի լավ կլինի, որ այդ ջուրն օգտագործեն որպես խմելու ջուր և վաճառեն, քան օգտագործեն ոռոգման համար»,- ասաց Վահան Համազասպյանը:
Էվելինա Ղուկասյանի դիտարկմամբ՝ Սևանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ ներգրավված լինելը մի փոքր զսպաշապիկ կլինի որոշում կայացնողների համար, և նրանք կհասկանան, որ պատասխան են տալու ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության առաջ:
Վերջինիս խոսքով՝ լճի մակարդակի բարձրացումը, իշխանի պաշարների վերականգնման միջոցառումներն արդեն հույս էին տալիս, որ կարող ենք մեր ձեռքբերումները ցույց տալ ամբողջ աշխարհին, բայց մենք հակառակն ենք անում: «Եթե շարունակենք մեր ձեռքբերումները բացասական ուղղությամբ տանել, ապա շատ խիստ կասկածում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի»,- հավելեց բանախոսը:
Անի Թորոսյան