Բաժիններ՝

Գերմանիայում հաղթած հայ մայրիկը Երեւանում է՝ ներկայացնելու իր հաջողված փորձը

Մեր հայրենակցուհի Մերի Սարիկյանն իր դստեր՝ 8 ամսական Էմիլիի հետ Մանհայմի ծնողների դպրոցում մրցանակ է ստացել։ Նա այժմ Երեւանում է՝ ներկայացնելու իր հաջողված փորձը։ Բոլոր հղիները, մայրիկները եւ ապագա մայրերը հնարավորություն ունեն անվճար մասնակցելու սեմինար-հանդիպմանը։ Ձեր երեխաների հետ կարող եք ներկա լինել հուլիսի 21-ին, ժամը՝ 15։00-ին, «Loft» կենտրոնում կայանալիք միջոցառմանը, որին կմասնակցեն նաեւ շոու-բիզնեսի հայտնի մայրիկները։

– Գերմանիայի Մանհայմի ծնողների դպրոց ե՞րբ ես սկսել հաճախել։ Ի՞նչ է այն տալիս մայրերին ու երեխաներին։

– Ծնողների դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն իրազեկված լինել, այլև հիանալի հնարավորություն է հանդիպելու քո կարգավիճակում գտնվող մարդկանց հետ, որոնք ունեն նույն մտահոգությունները, նույն խնդիրներն ու հարցերը։ Այն հնարավորություն է տալիս փոխանակվել նաև փորձով, ինչի շնորհիվ անգամ խնդիրների դեպքում քեզ միայնակ չես զգում, գտնում ես տարատեսակ լուծումներ քեզ հուզող հարցերի վերաբերյալ։

Այս դպրոց սկսել եմ հաճախել հղիությանս շրջանից։ Մասնակցել եմ բազմաթիվ կուրսերի՝ «Ինչպես կրծքով կերակրել երեխային», «Ծննդաբերության նախապատրաստական կուրսեր», «Ինչպես սկսել հավելյալ սնունդը», «Հետծննդաբերական վերականգնողական կուրս», «Հղիների յոգա» և այլն։ Ի դեպ, այս դպրոցն առաջարկում է կուրսեր նաև ամուսինների համար, ինչը հրաշալի միջոց  է երեխայի զարգացման, դաստիարակման գործընթացին ինտեգրելու նաև հայրիկներին։ Ծննդաբերության նախապատրաստական կուրսեր կան ամուսինների համար, ինչը շատ կարևոր եմ համարում և գտնում եմ, որ շատ է պակասում Հայաստանում։ Հայրիկներին նույնպես անհրաժեշտ է հոգեբանորեն նախապատրաստել ծնող դառնալուն, բացի այդ, այստեղ նրանց սովորեցնում են՝ ինչպես աջակցել մայրիկներին։

– Գերմանիա տեղափոխվել ես շուրջ երկու տարի առաջ. որքա՞ն ժամանակում ես սերտել գերմաներենը։ Արդյո՞ք հավատում էիր, որ ոչ մայրենի լեզվով կկարողանաս հաղթահարել բոլոր փուլերը։

– Գերմաներեն սկսել եմ սովորել տեղափոխվելուցս հետո։ Ութ ամիս կուրսերին մասնակցելուց հետո հանձնել եմ քննություն և ստացել լեզվի C2 մակարդակի վկայական, որն ամենաբարձրն է համարվում։ Անկեղծ ասած, գերմաներենը իսկապես բարդ լեզու է, և կարծում եմ, որ դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի համարեմ, որ լիարժեք տիրապետում եմ լեզվին։

Այնուամենայնիվ, երբ ասելիքդ ազնիվ է և բխում է սրտիցդ, ապա լեզուն խոչընդոտ չի կարող հանդիսանալ։ Դրանում համոզվեցի, երբ ընդամենը 6 ամիս ուսանելուց հետո հայոց ցեղասպանության վերաբերյալ սեմինար ներկայացչի մեր լեզվի դպրոցի ուսանողների համար։ Մինչև սկսելը շատ էի վախենում, որ չեմ կարողանա լավ խոսել, սակայն այնքան էին զգացմունքներս ուժեղ, որ անկախ ինձնից բառերս թևեր էին առնում և դիպչում լսարանի սրտին։ Դրանից հետո ավելի ինքնավստահ եմ դարձել։

– Ո՞ր անվանակարգում եք հաղթել։ Ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ հայտնեցին ձեր անունը։

– Երջանկություն և հպարտություն էի զգում։ Մրցույթում կային հետևյալ 2 անվանակարգերը՝ «Ամենածիծաղաշարժ պատմություն» և «Մայրիկի լավագույն օրակարգը»։ Մենք հաղթել ենք «Մայրիկի լավագույն օրակարգը» անվանակարգում։ Մրցույթին մասնակցում էին ամենատարբեր ազգության մայրիկներ և այդ փաստն ինձ համար կրկնակի ուրախալի է դարձնում հաղթանակս, քանի որ մեր պատմությունը լավագույնն է դիտարկվել ամենատարբեր երկրներից մասնակցող մայրիկների ներկայացրած պատմություններից։

– Հնարավորություն ես ստացել հանդիպումներ վարելու Մանհայմի դպրոցում, նաեւ Երեւանում։ Կպատմե՞ս առաջիկա սեմինարի մասին։ 

– Մանհայմի ծնողների դպրոցում մի քանի ծրագրի շրջանակում ներկայացրել եմ իմ և Էմիլիի օրակարգը՝ փորձելով օգնել մայրիկներին ճիշտ կազմակերպել իրենց և երեխաների օրը։ Առաջին սեմինարները մեծ արձագանք գտան և արժանացան մայրիկների հավանությանը, ինչի շնորհիվ հնարավորություն եմ ստացել նաև հետագայում հանդես գալու որոշ ծրագրերում։ Այս աշխատանքային բուռն գործունեության ընթացքում առաջարկ ստացա «Focus On Children Now» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպելու միջոցառում նաև Հայաստանում։ Միտքն ինձ միանգամից գրավեց, քանի որ երկու բարի գործ կիրականացվի միանգամից։

Սեմինարին կփորձեմ փոխանցել մեր երիտասարդ մայրիկներին իմ փորձն ու գիտելիքները, գերմանական և հայկական մոտեցումների լավագույն միքսը։ Կխոսվի այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել հավասարակշռությունը կյանքի բոլոր ոլորտների միջև, այսինքն՝ ինչպես  լիարժեք ապրել երեխայի ծնունդից հետո ևս։ Մյուս կողմից էլ, քանի որ ծրագիրը բարեգործական է, կլինեն հանգանակություններ, որոնք կուղղվեն մանուկների օգնությանը։ Ժամանակի սղության պատճառով սեմինարը, ցավոք, կիրականացվի միայն մեկ օր, ուստի կոչ եմ անում հուլիսի 21-ին «Լոֆթ»-ում մասնակցել այս հրաշալի միջոցառմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս