«Ադրբեջանը կառուցողականության նշույլներ ցույց չի տալիս, զարգացումները խիստ անկանխատեսելի են»

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ

– Պարոն Աբրահամյան, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ինչպիսի՞ իրավիճակ է, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Հանդիպման արդյունքների մասին մի փոքր դժվար է խոսել: Միջնորդները ճանապարհներ են փնտրում բանակցությունների վերսկսումն ապահովելու համար, սակայն դա նրանց դեռևս չի հաջողվում: Ադրբեջանը կառուցողականության նշույլներ ցույց չի տալիս, իսկ այս պարագայում խոսել գործընթացում տեղաշարժերի մասին բարդ է: Քանի Ադրբեջանն այս վարքագիծն է դրսևորում զարգացումները խիստ անկանխատեսելի են: Ադրբեջանում ավելի շատ խոսում են պատերազմի վերսկսման ու դրա անհրաժեշտության մասին, քան խաղաղ ճանապարհով լուծումներ փնտրելու հնարավորությունից:

– Ինչի՞ մասին են վկայում հանդիպումից հետո տեղի ունեցած դեպքերը` Իլհամ Ալիևի հայտարարությունը բանակցությունների սկսվելու մասին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հարցազրույցը «ՌԻԱ» գործակալությանը:

– Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հարցազրույցն ըստ էության խորհրդանշական բնույթ էր կրում: Մի կողմից՝ վերջինս փորձել էր պատասխանել ՊԲ հրամանատարի՝ օրեր առաջ հնչեցրած մեկնաբանությանը՝ անարդյունք, մյուս կողմից՝ Ադրբեջանը «հիշեցնում» է, որ սպառազինվում է ու պատրաստ չէ համակերպվել այս իրավիճակի հետ: Բայց այնպես էլ չէ, որ, եթե Արցախում կամ Հայաստանում խոսում ենք խաղաղության ու բանակցություններով խնդիրները հարթելու առաջնահերթության մասին, ապա մենք միայն այդ լուծմանն ենք պատրաստ:

– Ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին:

– Իրավիճակը փոփոխական է. երբ ես ասում եմ՝ փոփոխական է, առաջին հերթին՝ նկատի ունեմ այն հանգամանքը, որ առաջնագծում իրավիճակային փոփոխությունները շատ արագ են լինում: Ստեղծում ենք բոլոր հնարավորություններն իրավիճակային ցանկացած փոփոխությանը ճշգրիտ և օպերատիվ արձագանքելու և իրավիճակի հսկողությունը մեր ձեռքում պահելու համար:

– Առաջնագծում ի՞նչ աշխատանքներ են տարվում:

– Առաջնագծում իրականացվող փոփոխությունների մասին ապրիլյան մարտական գործողություններից հետո շատ խոսվեց. Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել և ներկայումս ի՞նչ կարևոր ծրագրեր են իրականացվում: Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնային խնդիրներից էր Ադրբեջանի արկերից, հրթիռներից վնասված ինժեներական կառույցների, ենթակառուցվածքների վերականգնումը: Դա աշխատանքների առաջին փուլն էր, ինչը վաղուց ավարտել ենք: Երկրորդ, հաշվի առնելով մարտական գործողությունների ժամանակ առաջ եկած խնդիրները, էական փոփոխությունների գնացինք ինչպես՝ առաջնագծի կահավորման, այնպես էլ՝ տեխնիկական հագեցածության մասով: Ներկայումս մի քանի ուղղությամբ ծրագրեր են իրականացվում առաջնագծում մարտական հերթապահություն կրող անձնակազմերի սոցիալ-կենցաղային վիճակի բարելավման համար:

Հատկապես կարևորում եմ առաջնագիծը մշտական՝ անսահմանափակ ջրով ապահովելու գաղափարը, որի մասին նախագահ Բակո Սահակյանը հանձնարարական էր տվել դեռևս 2 ամիս առաջ՝ առաջնագծում անցկացրած խորհրդակցություններից հետո: Այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ այդ աշխատանքները գաղափարից վերածվել են ծրագրի, իսկ ծրագիրն արդեն մտել է շինարարական փուլ: Վստահ կարող եմ ասել, որ վերջին 1-1.5 տարվա ընթացքում առաջնագծում, առանց չափազանցության, հեղափոխական քայլեր են իրականացվել և շարունակում են իրականացվել:

Տեսանյութեր

Լրահոս