Բաժիններ՝

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են արգելափակել իրենց համար անցանկալի ԶԼՄ-ների կայքերը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիր և այլնտրանքային լրատվամիջոցների կայքերն արգելափակելու պրակտիկան: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Ադրբեջանում արգելափակվել են euroasianews.org, «Եվրոպայի ձայն», euroasianews.blog, euroasiainfo.com ԶԼՄ-ների կայքերը:

Euroasianews մեդիա խմբի նախագահ Ֆուադ Աղաևը, ով ներկայումս բնակվում է Շվեյցարիայում, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ իրենց մեդիա խմբին պատկանող կայքեը Ադրբեջանի իշխանությունները սկսել են արգելափակել դեռ 2017-ի ապրիլ ամսից:

«Առաջին արգելափակումը տեղի ունեցել դեռ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի հանրահավաքին մնացել էր 4 օր: Մենք euroasianews.org կայքում Ազգային խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքի վերաբերյալ նյութեր էինք հրապարակում և Ադրբեջանական կողմը հենց այդ նույն օրը արգելափակեց կայքը: 2017-ի հուլիսի 7-ից էլ արգելափակվել է Ադրբեջանի Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր, ներկայումս վտարանդիության մեջ գտնվող Էլշադ Աբդուլլաևին պատկանող «Եվրոպայի ձայն» և իմ euroasianews.blog կայքերը: Հուլիսի 7-ին euroasianews.blog-ի դոմենը փոխեցինք և դարձրեցինք evroasiainfo.com, սակայն մեկ օր անց դա էլ արգելափակեցին»,- նշել է Աղաևը:

Ֆուադ Աղաևը նշել է նաև, որ իրենք դիմել են Ադրբեջանի Տեղեկատվության և տեխնոլոգիաների նախարարություն, սակայն իրենց բոլոր դիմումները մնացել են անպատասխան: Աղաևը համոզված է, որ կայքերի արգելափակումը կատարվում է Ադրբեջանի ալիևյան իշխանության անմիջական պատվերով, ինչը խոսքի ազատության դեմ ուղղված հանցագործություն է:

Հատկանշական է այն հանգամանքը, որ կայքերը մշտապես արգելափակվում են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:

Տարեսկզբին Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս