Բաժիններ՝

Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրեցին Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի աստղերը

Հայ մեծանուն ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը նոր շունչ հաղորդեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակին: Աստղերի բացման հանդիսավոր արարողութունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Նրանց պայծառ երևակայությամբ ֆիլմերը, վառ կերպարները ևս մի քանի սերունդների հիշողության մեջ կմնան: Այդ ռեժիսորների կինոնկարների շնորհիվ կարողացանք ձևավորել այն սերունդը, որն ի վիճակի եղավ կառուցել ու շենացնել մեր անկախ հայրենիքը»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով` կինոն վերացական բան չէ, կինոն մարդիկ են: «Մեր մուտքը կինոարվեստ զուգադիպեց այդ մեծանուն աստղերի գործունեության տարիների հետ: Ուստի մենք դաստիարակվեցինք և մեր գեղարվեստական ճաշակը ձևավորեցինք նրանց ազդեցությամբ: Հենց այդ կինոռեժիսորները ստեղծեցին այն հայկական կինոարվեստը, որն այսօր մեր հպարտությունն է և մինչև օրս սիրված բոլոր սերունդների կողմից»,- եզրափակեց նա:

Աստղերի բացմանը ներկա էին Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հարազատները:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս