«Սիրիական հակամարտության շրջանակներում ամենալուրջ առաջընթացը կարձանագրվի ԻԼԻՊ-ի դեմ պայքարում». Արմեն Պետրոսյան
Հուլիսի 7-ին մեկնարկած G20-ի հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք է բերվել Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնություն։ Այս համաձայնությանը միացել են նաև Իսրայելը և Հորդանանը, քանի որ վերջիններս Սիրիայի հետ սահմանակից պետություններ են:
Արաբագետ Արմեն Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պայմանավորվածությունը նախորդներից տարբերվում է իր ձևաչափով. «Այս պայմանավորվածությունը վերաբերում է բացառապես Սիրիայի հարավին և հարավ-արևմուտքին, այսինքն՝ Հորդանանի և, որոշ չափով՝ Իսրայելի հետ սահմանակից շրջաններին։ Այս տեսանկյունից՝ մեծ է հավանականությունը, որ այս պայմանավորվածությունը բավական լուրջ, առարկայական նշանակություն կունենա, և, ըստ էության, հնարավոր կլինի որոշ ժամանակ հասնել հրադադարի կայուն ռեժիմի։ Այս շրջանները հիմնականում եղել են ավելի պասիվ ռազմական գոտիների շրջաններ»։
Այս համատեքստում արաբագետը կարևորում է նաև այն, որ այդ շրջաններում թե՛ կառավարական ուժերը, թե՛ ընդդիմադիր խմբավորումները գերտերությունների ազդեցության լծակների ներքո են գտնվում. «Նաև ցամաքի հիմնական դերակատարների վրա են առկա ազդեցության լծակներ։ Եվ եթե կողմերն իրոք նպատակադրված են հասնել թեկուզ տեղային կարգավորման կամ խաղաղության, սա բավական հեռանկարային տարբերակ է, և իմ կարծիքով՝ առարկայական նշանակություն կունենա»։
Մեր հարցին՝ ի՞նչ է կարծում՝ կողմերն արդյո՞ք ցանկանում են հասնել խաղաղության, նա պատասխանեց՝ այս համաձայնությունը գալիս է փաստելու այն իրողությունը, որ տեղի է ունենում Սիրիայի մասնատման գործընթաց՝ տարբեր արտաքին դերակատարների միջամտությամբ։
«Մենք գիտենք, որ, օրինակ՝ Սիրիայի հյուսիսում այդ մասնատման գործընթացում գլխավոր դերակատարությունը վերապահված է Թուրքիային և ՌԴ-ին, կենտրոնում՝ Իրանին և ՌԴ-ին, իսկ հարավում, արդեն, ՌԴ-ի մասնակցությամբ, բայց հիմնականում ԱՄՆ-ի և Հորդանանի ակտիվ դերակատարությամբ։ Այսինքն՝ մասնատման պրոցեսի ենք ականատես լինում, որտեղ շրջաններից յուրաքանչյուրում տեսնում ենք մեկ կամ երկու գլխավոր արտաքին դերակատարի վերապահված գործունեություն։ Այս համատեքստում կարելի է նշել, որ իրատեսական է կանխատեսել՝ առանձին գոտիներում, այնուամենայնիվ, հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ռազմական գործողությունների աստիճանը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով՝ երբ մայիս ամսին ձեռք բերվեց լարվածության թուլացման գոտիների մասին պայմանավորվածություն՝ ընդդիմադիր և կառավարական ուժերի միջև հիմնականում նվազել են ռազմական գործողությունները։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները հիմնականում ընթանում են կառավարական ուժերի և ԻԼԻՊ-ի, որոշ շրջաններում՝ տարաբնույթ հակակառավարական խմբավորումների միջև։
«Այսինքն՝ բուն կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններն էականորեն նվազել են, ինչն ակնհայտ է։ Այս գործողություններն ավելի ակտիվ էին հարավում, և հուսանք, որ վերջին պայմանավորվածությունն այս շրջանում էլ կնպաստի լարվածության թուլացմանը»,- ասաց նա։
Ա. Պետրոսյանը նկատեց՝ մինչ այժմ Սիրիայի հարավում լուրջ խնդիր կար՝ կապված սիրիա-իրաքյան սահմանի վերահսկողության հետ, որտեղ, նրա խոսքով՝ բախվում էին Իրանի և ԱՄՆ-ի շահերը. «Եղան անգամ սիրիական կառավարական ուժերին և նրա դաշնակիցներին ուղղված հարվածներ՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից։
Թեպետ ՌԴ-ն դեմ էր, բայց այնուամենայնիվ, սիրիական կառավարական ուժերը ձգտում էին Իրաքի հետ սահմանի որոշ հատված պահել իրենց հսկողության տակ։ Այստեղ տրամաբանությունն այն էր, որ ցամաքային կապ լիներ Թեհրան-Բաղդադ-Դամասկոս-Բեյրութ մայրաքաղաքների միջև, ինչը, բնականաբար, ԱՄՆ-ը ցանկանում էր ամեն կերպ խափանել։ Հիմա այս պայմանավորվածությունն ընդգրկում է նաև այս շրջանները։ Այսինքն՝ միակ խնդիրը, որ կարող է լինել արտաքին դերակատարների միջև, Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր կոնֆլիկտն է, որը կարող է արտացոլվել նաև այս շրջաններում»։
Արաբագետի դիտարկմամբ՝ սիրիական հակամարտությունը բազմաշերտ է, առկա են տարբեր դերակատարներ, և միայն այդ շերտերի հետ կապված՝ կարելի է որոշակի կանխատեսումներ անել. «Մասնավորապես՝ սիրիական հակամարտության շրջանակներում ամենալուրջ առաջընթացը կարձանագրվի ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։
Մյուս ուղղություններով ավելի շոշափելի են արտաքին դերակատարների շահերը, և մեծ է նրանց միջև բախման հնարավորությունը, և բնականաբար, այդտեղ ավելի բարդ կարձանագրվի շոշափելի առաջընթաց։ Ամբողջ հակամարտության հետ կապված դրական հանգուցալուծում կանխատեսելը դեռ շատ վաղ է, մինչդեռ առանձին շերտերի հետ կապված հնարավոր են առարկայական, շոշափելի և դրական փոփոխություններ»։