«Մինսկի խմբին պետք չէ իդեալականացնել. ՄԽ-ն արդեն վաղուց չի զբաղվում կոնֆլիկտի կարգավորմամբ»

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, The Armenian Interest-ի հիմնադիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ:

Պարոն Գալստյան, վերջին շրջանում Իսրայելից հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, որ պատրաստ են Հայաստանին լավ պայմաններով զենք վաճառել։ Ըստ Ձեզ՝ հայկական կողմից այդ ուղղությամբ ինչո՞ւ քայլեր չեն արվում, մեզ պետք չէ՞ իսրայելական զենքը։

– Իսրայելական զենքը մեզ, իհարկե, պետք է։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի պետական քաղաքականության մասին խոսելիս՝ պետք է մի կարևոր բանաձև ընդգծենք. մենք բոլորին սիրում և, միաժամանակ՝ ատում ենք։ Այս իմաստով, բնականաբար, եթե Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, եթե մենք ունենք հնարավորություն բեկում մտցնել՝ իսրայելաադրբեջանական հարաբերություններում՝ զենք գնելով Իսրայելից, ապա կարող ենք դա անել։ Թե ինչու Հայաստանը չի զբաղվում այդ հարցով, ես չգիտեմ։ Կարող եմ միայն կռահել, որ այստեղ Իրանի գործոնն է լուրջ դեր խաղում, որովհետև այնուամենայնիվ, Իրանն ու Իսրայելը հակառակորդներ են, իսկ մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, և հայ քաղաքական գործիչները մտածում են, որ Իսրայելի հետ նման գործարքները կարող են բացասաբար ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ Արժե՞ գնալ այդ ռիսկին, թե՞ ոչ։

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ չարժե։ Իսրայելի հետ խաղի մեջ մտնել պետք չէ, որովհետև ամեն դեպքում՝ նա կշարունակի Ադրբեջանին ընկալել՝ որպես գլխավոր գործընկեր, որովհետև Հայաստանին Իրանի դեմ օգտագործելը ռեալ չէ, իսկ Ադրբեջանին օգտագործել կարելի է։ Այսինքն՝ տարածաշրջանում քաղաքական խաղադրույք Իսրայելն Ադրբեջանի վրա կանի, քանի որ Ադրբեջանի հետ արդեն 20 տարի զարգանում է քաղաքական և տնտեսական երկխոսություն։ Եվ արժե՞ հիմա վերցնել և լուրջ խաղի մեջ մտնել Իսրայելի հետ, ինչը կբերի Իրանի հետ մեր հարաբերությունների վատթարացման, և դրա հետ մեկտեղ՝ ոչինչ չունենալ Իսրայելի հետ հարաբերությունների կոնտեքստում։

Մեր ցամաքային բաց ճանապարհներից մեկը ոչ թե Իսրայելի, այլ Իրանի հետ է, մեր հսկայական Սփյուռքն Իսրայելում չէ, այլ Իրանում, և մեր հնարավոր ապագա էներգետիկ դիվերսիֆիկացիաներն էլ ոչ թե՝ Իսրայելից, այլ՝ Իրանից են գալու։ Այս իմաստով՝ պետք է հստակ հասկանալ, թե դա մեզ ինչ կտա։ Ամեն ինչ շատ պարզ է. պետք է հաշվարկել պլյուսներն ու մինուսները։ Եթե մինուսներն ավելի շատ են, քան պլյուսները, ապա պարզ է՝ չի կարելի գնալ այդ քայլին։ Եվ երևի հայ քաղաքական գործիչները հաշվարկել են, որ նման քայլի չարժե գնալ։

Մենք չգիտենք մանրամասները, թե ինչ զենքի, ինչ արժեքի մասին է խոսքը, ինչ քաղաքական պահանջներ են դրվում։ Հնարավոր է, որ այդ քաղաքական պահանջները Հայաստանի համար ընդունելի չեն, մենք չգիտենք։ Իսրայելի համար, իհարկե, լավ է. նա զենք է վաճառում Ադրբեջանին ու Հայաստանին, գումար աշխատում երկու կողմից էլ, փաստացի տարածաշրջանում ուժեղացնում է զենքերի մրցավազքը, որովհետև իմանալով, որ Իսրայելը Հայաստանին էլ է զենքեր վաճառում՝ Ադրբեջանը նույն Իսրայելից կսկսի ավելի շատ զենք գնել։ Հետևաբար՝ կարծում եմ, որ հիմա նման քայլի պետք չէ գնալ։

– Ադրբեջանն այս ընթացքում բավականին ակտիվ էր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախ հասցեական՝ Ադրբեջանին ուղղված հայտարարություն արեցին, սակայն հաջորդ հայտարարությամբ նորից հավասարության նշան դրեցին կողմերի միջև։ Այս իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել, լայնամասշտաբ պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ եք։

– Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա։ Ադրբեջանը միշտ ասում է, որ դրանք նրա հողերն են, ու կկռվի դրանց համար, իսկ մենք ասում ենք՝ ոչ, դրանք մեր հողերն են, և, եթե պետք լինի, մենք էլ կկռվենք։ Այսինքն՝ այս իմաստով՝ պահպանվում է հրադադարի ռեժիմը, կան որոշակի զսպող գործոններ, այդ թվում նաև՝ այն գերտերությունների խաղը, որոնք ներկայացված են ՄԽ համանախագահների տեսքով, և քանի դեռ կա որոշակի կոնսենսուսային դիրքորոշում այն մասին, որ լայնամասշտաբ պատերազմը դեռ այդ գերտերությունների հետաքրքրություններում չէ, ապա նման պատերազմը մոտակա հեռանկարում տեսանելի չէ։ Սակայն, այստեղ էլ մեծ քանակի բայցեր կան. նույն բանը փորձագետներն ասում էին ապրիլից առաջ, բայց դա ինչ-որ ձևով եղավ, չէ՞։

Այս իմաստով պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ինչ-որ մեկի խամաճիկը չէ, որը չունի սեփական մոտիվացիաներ՝ ինչ-որ բան անելու համար։ Եթե նրանք որոշեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել, ապա կարծում եմ՝ ոչ ոքի չեն լսի, և կանեն դա։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք և մեզ պահենք այնպես, ինչպես մի ժողովուրդ, որը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Իրականում իրավիճակը շատ լուրջ է. ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը։

Մինսկի խմբին էլ պետք չէ իդեալականացնել. ՄԽ-ն արդեն վաղուց չի զբաղվում կոնֆլիկտի կարգավորմամբ։ Նայեք նրանց հայտարարություններին, գործողություններին. Մինսկի խումբը մեխանիզմներ չունի։ Այսօր միջազգային հարաբերություններում որևէ համակարգ չկա, խաղի կանոնները ոչ ոքի պարզ չեն, ոչ ոք չգիտի՝ որտեղ՝ ում ազդեցության գոտին է, այդ ամենը խառնվել է, և միջազգային հարաբերությունների այս քաոսային շրջանում այդպիսի առանձին ինստիտուցիոնալ խմբերը չեն կարող ուղղակի վերցնել և կարգավորել ինչ-որ լուրջ կոնֆլիկտ։ Դրա համար ԵԱՀԿ ՄԽ-ն ընդամենը ներկայացնում է երկրների դիվանագիտական դիրքորոշումները։ Եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան ցանկանան այդ հարթակն օգտագործել՝ կողմերից մեկի վրա դիվանագիտական ճնշումների համար, անխոս, նրանք դա կանեն։

Բայց նորից մենք պետք է հասկանանք, որ ՄԽ համանախագահող երեք երկրի հարաբերությունները միմյանց հետ շատ վատ են, ճգնաժամային են։ Նրանց հետաքրքրությունները տարբեր են, բայց բոլորն էլ հետաքրքրված են ստատուս-քվոյի պահպանմամբ։ Խնդիր կառաջանա, երբ այդ երկրներից որևէ մեկի մոտ կլինի այլ կարծիք, թե ինչ կարգավիճակ պետք է լինի։

Եթե, օրինակ՝ ամերիկացիները լրջորեն սկսեն զբաղվել Արցախի հարցով, ապա, իհարկե, իրավիճակը կփոխվի։ Բայց քանի որ ամերիկացիներին հիմա դա ամենաքիչն է հետաքրքրում, նույնը՝ ֆրանսիացիների դեպքում, ապա այս իմաստով նրանք Արցախի հարցն ավելի շատ հանձնել են ռուսներին։ ՄԽ ներսում շարունակվում են դիվանագիտական հարաբերությունները, հայտարարություններն այն մասին, թե բավական է կռվել, և այլն, բայց քաղաքական ազդեցությունը նրանք հանձնել են ռուսներին, որովհետև ամերիկացիներն ու ֆրանսիացիներն այսօր խնդրի կարգավորման մեխանիզմներ և ռեսուրսներ չունեն։ Այս իմաստով՝ նրանց համար ավելի հեշտ է դա հանձնել ռուսներին։

Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի տարբեր ուղղություններով, դիվերսիֆիկացնի քաղաքական ազդեցությունը, փորձի գտնել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան փոխել բանակցային գործընթացը, որովհետև ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ, ինչքան էլ տարբեր փորձագետներ ասում են, որ ժամանակը Հայաստանի օգտին է աշխատում։ Այստեղ բնակչությունը նվազում է, տնտեսության վիճակը վատթարանում է, քաղաքական իրավիճակը՝ ևս։ Իհարկե, Ադրբեջանում ավելի լավ չէ, բայց այնտեղ գոնե բնակչության աճ է նկատվում։ Ինչքան էլ որ այնտեղ տնտեսական խնդիրներ լինեն, ամեն դեպքում, մեզնից շատ ռեսուրսներ ունեն, և այս իմաստով, իհարկե, ժամանակն ավելի շատ Ադրբեջանի օգտին է աշխատում, ոչ թե՝ մեր, և մեզ է պետք որևէ բան փոխել։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քաղաքականություն կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեր տարածաշրջանում, նրա վարչակարգի հետաքրքրությունների շրջանակն արդյո՞ք ներառում է Հարավային Կովկասը։

– ԱՄՆ նոր վարչակարգի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ընդհանրապես դժվար է նշել, որովհետև այնտեղ դեռ չի ավարտվել ներքին ճգնաժամը, Թրամփը դեռևս մինչև վերջ չի կառավարում սեփական աշխատակազմը։ Այս իմաստով հստակ չէ՝ ո՞րը կլինի առաջնահերթությունը։

Բայց, եթե նայենք ռազմավարական տեսանկյունից, ապա մենք դեռևս մի քանի ուղղություններ ենք տեսել՝ Ասիա, Չինաստան, Հյուսիսային Կորեայի հարց, որի կարգավորման մասին Թրամփը հստակ ասաց, մյուս ուղղությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարն է, և այստեղ ավելի ակտիվ ներգրավում մերձավորարևելյան պրոցեսներում։ Այս կոնտեքստում՝ հարաբերությունների խորացում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ, որտեղ ամերիկացիներն ինչ-որ ռազմավարական գիծ են փորձում ձևավորել։ Այսինքն՝ եթե Օբամայի կառավարման շրջանում խաղադրույքն արվում էր Կատարի վրա, և նա իրեն ավելի ազատ էր զգում, կարող էր ինքնուրույն խաղ տանել շատ լուրջ հարցերում, ապա հիմա հանրապետականները եկել և ասում են՝ վերջ, այդ ժամանակներն ավարտվեցին, կան մեր հետաքրքրությունները, ամերիկյան հետաքրքրությունները վերադարձել են այստեղ, և բոլոր նրանք, ովքեր համարվում են մեր դաշնակիցները, պետք է ենթարկվեն այդ կանոններին, այլապես կպատժվեք։

Այս իմաստով՝ Կատարին ակնհայտորեն դուրս մղեցին, և ես կարծում եմ, որ շուտով Կատարն էլ կսկսի իրեն պահել այնպես, ինչպես պետք է պահի։ Սաուդյան Արաբիան ու Իսրայելը դա միանգամից հասկացան, և սկզբունքորեն նրանք միշտ էլ ձգտել են այդ ընդհանուր գծին, նրանք այդ մասին խնդրում էին Օբամային, բայց նա չէր գնում այդ քայլին։ Ամերիկացիները հիմա ավելի ակտիվ կգործեն Մերձավոր Արևելքում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, չեմ կարծում, թե նա լուրջ հետաքրքրություն է ներկայացնում Թրամփի ադմինիստրացիայի համար, քանի որ նրանք հիմա շատ լուրջ հարցերով են զբաղված։

Վենեսուելայի հարցն այս պահին ամենակարևորն է ամերիկացիների համար, դա նրանց ներքաղաքական ամենակարևոր հարցն է։ Շատերը դա չեն ընկալում՝ որպես ներքաղաքական հարց, այլ համարում են արտաքին քաղաքական հարց, որովհետև Մոնրոյի դոկտրինի համաձայն՝ Ամերիկան ամերիկյան հետաքրքրությունների ազդեցության գոտի է, այս իմաստով՝ ցանկացած հրդեհ Ամերիկա մայրցամաքում շատ վտանգավոր է ամերիկյան անվտանգության համակարգի համար։ Եվ այս իմաստով՝ նրանք մեծ քանակությամբ խնդիրներ ունեն ամբողջ աշխարհում, և այս կոնտեքստում՝ այդ հարցերը մի կողմ են թողնում մանր խնդիրները, ներառյալ՝ Հայաստանը։

Իհարկե, տարածաշրջանով ամերիկացիները կհետաքրքրվեն, և Արցախի հարցն ու Հայաստանը կդիտարկվեն կովկասյան տիրույթում։ Եթե Թրամփը Սաուդյան Արաբիայի և Իսրայելի վրա խաղադրույք անելով՝ հանրապետականներին վերադարձնում է Մերձավոր Արևելք, ապա դա հակաիրանական է։ Եթե դա հակաիրանական է, ապա ակտիվանում են Ադրբեջանի և Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունները, և, իհարկե, Ամերիկան դա կօգտագործի Իրանին ճնշելու համար։ Իսկ եթե ամերիկացիները սկսում են ակտիվ հետաքրքրվել Իրանով, և, եթե նրանք Իրանի հարցը լուծելու ինչ-որ գաղափար ունեն, կարևոր չէ՝ ինչ մեթոդներով, այսպես թե այնպես, ինչքան շատ ամերիկացիները հետաքրքրվեն Իրանով, այդքան վատ կլինի Հայաստանի համար։

Մենք ավելի շատ հետաքրքրված ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև չեզոք հարաբերություններով, և Օբամայի կառավարման շրջանում այդ առումով շատ լավ էր, դա Հայաստանի հետաքրքրությունների տիրույթում էր։ Մենք գտնվում ենք օձերի միջև, և որ օձին էլ ձեռք տաս, նա կարող է քեզ խայթել, հետևաբար՝ պետք է շատ զգույշ լինել։

Տեսանյութեր

Լրահոս