ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի մի շարք երկրների նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցները
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ժամանակավորապես մեղմացնել նավթի հետ կապված պատժամիջոցները մի շարք երկրների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ժամանակավորապես կհրաժարվենք նավթի հետ կապված պատժամիջոցներից՝ գինը նվազեցնելու համար: Որոշ երկրների նկատմամբ պատժամիջոցներ են գործում։ Մենք կդադարեցնենք այդ պատժամիջոցները, մինչև այս հարցը կարգավորվի։ Եվ ո՞վ գիտի, գուցե հետագայում անհրաժեշտ չլինի վերականգնել այդ պատժամիջոցները, որովհետև խաղաղ է լինելու», – ասել է Թրամփը մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը և նրա գործընկերները կուղեկցեն նավերը Հորմուզի նեղուցով, եթե դրա կարիքը լինի։
Մարտի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ նավթի շուկայում լարվածությունը մեղմելու համար Վաշինգտոնը կարող է որոշում ընդունել հետագայում ռուսական նավթի դեմ պատժամիջոցները մեղմացնելու մասին։
Ավելի վաղ՝ մարտի 6-ին, Բեսենթը հայտարարել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է 30 օրով գնել ռուսական նավթը, որն արդեն գտնվում է ծովում։
Նավթի գինը կտրուկ բարձրացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքի երկրներում էներգետիկ օբյեկտների և ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածների ֆոնին։ Բացի այդ, դադարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը։



