Արմեն Աշոտյանի գործով մեղադրյալ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի առողջական վիճակը լավ չէ, նիստերը չեն կայանում. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր կրկին չկայացավ։ Այս գործով նիստն այսօր էլ հետաձգվեց՝ գործով մեղադրյալ, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի (լուսանկարում) առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Նախորդ դատական նիստում Միքայել Նարիմանյանի պաշտպանը բժշկական տեղեկանք էր ներկայացրել իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին։ ԵՊԲՀ նախկին ռեկտորի առողջական խնդիրները շարունակում են լրջանալ։
Հիշեցնենք ԵՊԲՀ նախկին ռեկտորը՝ 70-ամյա Միքայել Նարիմանյանը այս գործի շրջանակներում ձերբակալվեց 2022 թվականի նոյեմբերի 6-ին։ Նարիմանյանի ցուցադրական ձերբակալում Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսպես էր բնութագրել․ «Եթե 70 տարեկան մարդուն պատկառելի տարիքի, պատկառելի անցյալով, շատ ծանր հիվանդությամբ, որին երբեք այս գործով չեն հարցաքննել, առանց որևէ հիմքի ձերբակալում են, որ տանեն կալանավորման, իհարկե, հասկանալի է, որ այդ մարդու նկատմամբ դա սարսափելի ճնշում է, որովհետեւ իր համար կալանքը կարող է լինել մահացու։ Ես չգիտեմ՝ պարոն Նարիմանյանն ինչ ցուցմունք է տվել։ Ես հասկացա, որ, իհարկե, ճնշումներ են լինելու, որ Աշոտյանի վերաբերյալ ցուցմունք տա։ Ցուցմունք տալու հարց էլ չկա, դեպքով հանցակազմ էլ չկա ու չի կարող լինել»։



