«Մեր Սահմանադրությունը հնարավորություն է տվել մեր երկիրը զարգացնել բնական իրավունքի հունով». Վարդան Այվազյան

Այսօր Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը։ Այս առիթով այսօր հրավիրված ասուլիսում սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը ցավով նշեց, թե պետք է արձանագրել, որ մեր հանրությունն այս տոնով այդքան էլ խանդավառված չէ, սակայն, ըստ բանախոսի՝ դրա պատճառը ամենևին պետք չէ որոնել սոցիալ-կենցաղային ծանր իրավիճակում կամ այլ տեղում, որովհետև խնդիրն ավելի շատ կապված է մտածողության հետ.

«Եթե անկեղծ լինեմ, այսօր իմ բազմաթիվ ընկերներ զանգել են և ասել՝ շնորհավո՛ր տոնդ, ես էլ զարմացած ասում եմ՝ ես սահմանադրական իրավունքի մասնագետ եմ, իսկ սա մեր ամբողջ ժողովրդի տոնն է։ Իհարկե, սա արդեն մտածելակերպի խնդիր է։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, և մեր ժողովուրդը կգիտակցի Սահմանադրության  դերակատարումը մեր կյանքում»,- նկատեց պարոն Այվազյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե դիտարկում ենք երկիր մոլորակի վրա տեղի ունեցող գործընթացները, և, եթե մի բառով բնորոշենք, ապա դա միջազգային իրավունքի ճգնաժամն է։ Դրա պատճառներից մեկն այն է, որ միջազգային իրավունքում, միջազգային հարաբերություններում բացակայում են սահմանադրականության սկզբունքները, և ամեևին զարմանալի չէ, որ սահմանադրականությունը համարում են նաև միջազգային իրավունքի հիմնաքարը։

«Որքան միջազգային հանրությունը շեղվում է սահմանադրականության սկզբունքներից, մենք տեսնում ենք այսօրվա միջազգային հարաբերությունների անմխիթար վիճակը, ինչը թույլ է տալիս ցանկացած պետության ղեկավարների՝ հատկապես գերտերությունների, միջազգային հարաբերություններում իրենց գործունեությունը ծավալել իրենց ցանկություններին և քմահաճություններին համապատասխան. այնպիսի երևույթներ, ինչպիսիք են միջազգային, տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, և այլն, որոնք որևէ աղերս չունեն միջազգային իրավունքի և Սահմանադրության հետ։ Այս առումով մեր երկրի առջև շատ մեծ մարտահրավեր կա, որպեսզի մեր սահմանադրականության ամրապնդման միջոցով ինչպես կարողանանք ամրապնդել մեր հայկական պետականությունը, այնպես էլ կարողանանք մասնակից լինել համաշխարհային գործընթացին»,- նշեց բանախոսը։

Վ. Այվազյանի դիտարկմամբ՝ թեպետ 1995 և 2005 թթ. կատարված փոփոխություններով սահմանադրություններն իրենց առաքելություններն իրականացրել են, այդուհանդերձ հայ ժողովուրդը, իշխանությունները բոլոր հույսերը  կապում են, որ նոր, փոփոխված Սահմանադրությունը կարող է առաջընթացի, զարգացման նախադրյալ հանդիսանալ.

«Որպես այդպիսին՝ այո՛, Սահմանադրությունը համապատասխան նախադրյալներ տալիս է, եթե մենք վերցնենք ցանկացած ժողովրդավարական ուղի բռնած պետություն և նրանց սահմանադրությունն ընթերցենք, ըստ էության՝ դրանք բոլորն առաջարկում են պետությանն ու հասարակությանը իդեալականին մոտ մոդել։ Ընդամենը իշխանությունները և հասարակությունը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը և ձգտեն մոտենալ այդ իդեալական մոդելին»։

Ըստ բանախոսի՝ եթե Հայաստանի զարգացման և առաջընթացի նախադրյալը բացառապես պայմանավորենք այն հանգամանքով, որ արդեն ունենք նոր, փոփոխված Սահմանադրություն, և ոչինչ չանենք, ապա որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ։

Վ. Այվազյանի կարծիքով՝ համապատասխան արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատանք իրականացնել և՛ հասարակության, և՛ իշխանության շրջանակներում, իսկ այդ աշխատանքն առաջին հերթին՝ պետք է լինի վերոնշյալներին ճիշտ կերպով սահմանադրական արժեքները մատուցելը, որպեսզի և՛ իշխանության, և՛ հասարակության համար դրանց ընկալումը լինի միանշանակ, կիրառումը՝ միասնական։

«Մեր Սահմանադրությունը մեզ հստակ հնարավորություն է տվել մեր երկիրը զարգացնել բնական իրավունքի հունով՝ մարդու, հասարակության, պետության դրսևորումները մեր փոփոխված Սահմանադրությունը դիտարկել է բնական օրինաչափությունների տիրույթում, և սա մեծ հնարավորություն է զարգացման համար»,- հավելեց Վարդան Այվազյանը։

Վերջինիս համոզմամբ՝ որպեսզի ՀՀ անվտանգության գործառնական հատվածը լինի ամենաբարձր մակարդակի վրա, պետք է անվտանգությունն ամրագրված լինի նաև հայեցակարգային առումով։ Այսինքն՝ եթե պետականության մոդելը ճիշտ չեղավ, ապա որպես հետևանք՝ հնարավոր չէ խոսել անվտանգության մասին։

Նա նկատեց նաև, որ Սահմանադրության փոփոխություն հասկացությունն իր մեջ ներառում է լրացումներ և ուղղումներ.

«Այս տեսակետից սահմանադրական մեր փոփոխությունները 10 տարվա պարբերականությամբ առավելապես ուղղված են եղել ոչ թե՝ ուղղումներին, այլ՝ լրացումներին։ Սահմանադրությունը՝ որպես պետական օրենք, ամրագրում է այն ամբողջ իրավական հիմքերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պետությունը վերածվի պետականության։

Սահմանադրությունն այս 10 տարվա պարբերական փոփոխությունների առումով էվոլյուցիոն զարգացում ապրել է դեպի ժողովրդավարություն, դեպի պետականության համարժեք մոդել, բայց պետք է ցավով նշել, որ մենք մոռանում ենք Սահմանադրության որակականությունը բարձրացնելուն զուգահեռ՝ բարձրացնել մեր սեփական որակը»։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս