Գերմանիան դուրս է բերում իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից
Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Ինչպես հաղորդում է գերմանական Deustche Welle-ն, որոշման օգտին է քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա: Ծրագրվում է մինչև սեպտեմբեր Ինջիրլիքում գտնվող 260 գերմանացի զինվորներին, վեց Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև վառելիքի լիցքավորման ինքնաթիռները տեղափոխել Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող ռազմաբազա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել է, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:
Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:
Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»։