Քնատության գլխավոր վտանգը

ԱՄՆ-ի գիտնականները ցույց են տվել, որ հաճախակի քնատությունը զգալիորեն բարձրացնում է ուղեղի կաթվածից այն մարդկանց մահանալու հավանականությունը, որոնք տառապում են սիրտ-անոթային հիվանդություններից եւ շաքարային դիաբետից: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Journal of the American Heart Association հանդեսում, որի մասին համառոտ հայտնում է Սրտի ամերիկյան ասոցիացիան:

Մասնագետներն սիրտ-անոթային հիվանդություններից եւ շաքարային դիաբետից տառապողներին հանձնարարում են օրական քնել ոչ պակաս, քան վեց ժամ: Այլապես կաթվածից մահվան հավանականությունը կրկնակի ավելի բարձր է, քան այն առողջ մարդկանց մոտ, որոնք քնին օրական տրամադրում են ավելի քան վեց ժամ:

Հեղինակներն այս եզրակացություններին են եկել՝ պատահականորեն ընտրելով 1344 չափահաս մարդկանց (միջին տարիքը` 49, 42 տոկոսը՝ տղամարդիկ):

Նրանցից գիտնականներն առանձնացրել են ռիսկի խումբը (մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի բարձր մակարդակ, արյան բարձր ճնշում), դրանում տեղ են գտել մասնակիցների 39,2 տոկոսը, որոնց հետեւել են 16,6 տարվա ընթացքում:

Ուսումնասիրության ավարտին հիվանդների 22 տոկոսը մահացել էր: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք գտնվում էին ռիսկի խմբում, բայց քնին օրական վեց ժամից ավելի էին հատկացնում, առողջներից 1,5 անգամ ավելի հաճախ են մահվան ռիսկի ենթարկվում կաթվածից: Իսկ եթե հիվանդները քնին օրական վեց ժամից պակաս են հատկացնում, ապա այդ հավանականությունը մեծանում է երկու անգամ:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ամերիկացիներն ավելի ու ավելի շատ են ուշադրություն դարձնում ժամանցին, զվարճություններին ու աշխատանքին, քան քնին: Փորձագետների կարծիքով, դա սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացում է հրահրում:

Տեսանյութեր

Լրահոս