Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում

Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ելք» դաշինքի՝ 15.000 դրամների սոցիալական աջակցության նախաձեռնության շուրջ «Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում» խորագրով, որին մասնակցում էին «Ելք» դաշինքը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ու քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը մայիսի 8-ին հայտարարությամբ է հանդես եկել, որով խոստացվել, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում այն քաղաքացիները որոնք կհրաժարվեն ընտրակաշառքից, «Ելք» դաշինքի հաղթանակի դեպքում, համայնքային բյուջեյից կստանան 15000 դրամ սոցիալական աջակցություն:

Սույն առաջարկությունը մեծ արձագանք ունեցավ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, որտեղ առաջարկությունը քննադատողները նշում են, որ այդ առաջարկը մի կողմից ընտրակաշառքի խոստում է, մյուս կողմից՝ ընտրակաշառքը լեգիտիամցնելուն ուղղված քայլ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հիմնազուրկ է համարում հնչեցվող քննադատությունը, քանի որ ըստ փաստաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընտրակաշառքի մասին հայտարարություն կարող էր դիտարկվել միայն այն դեպքում, եթեառկա են սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը, օբյեկտը, օբյեկտիվ կողմը:

«Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասում գրված կետերը, որոնց համաձայն արարքը կարող է համարվել ընտրակաշառք. առաջին` մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, որևէ մեկի դեմ քվեարկելուն հարկադրելը, ընտրություններին մասնակցելուն հարկադրելը, ընտրություններին մասնակցելուց հրաժարվել հարկադրելը: Եթե այս չորս օբյեկտիվ կողմի հատկանիշները չեն արտահայտում սուբյեկտիվ կողմի արարքին, հետևաբար, չկա այդ բառի սահմանումը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՛ր հատկանիշի տակ են մեր հարգարժան իրավաբանները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համադրում: Դա  համարվում է ոչ թե ընտրակաշառք, այլ նախընտրական խոստում»,- մասնավորապես նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հակադարձելով Նիկոլայ Բաղդասրայնի հիմնավորումներին, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը խրախուսում է փողի դիմաց իրեն ընտրելը:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես տասնհինգ հազարը կտամ, եթե ինձ ընտրեք: Նա այդ փողը ցանկացած դեպքում չի տալու, այլ միայն եթե հաղթի ընտրություններում: Ամենակարևոր խնդիրն ինձ համար այստեղ այն է, որ Ընտրական օրենսգրքի այս փաստերը հաշվի առնելով ու նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցության կողմից առաջարկ է արվում քաղաքացուն փողի դիմաց ընտրություն կատարելու, իրականում սա փողի դիմաց ընտրություն է: Քաղաքացուն նա ասում է` եթե ես ընտրվեմ, եթե դու ինձ ձայն տաս, դու հնարավորություն ունես 15 հազար դրամ ստանալու»:

Ի պատասխան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկին մեղադրում եք հանցագործության մեջ, նախ պետք է ապացուցել այդ հանցագործությունը.

«Խնդիրը, որը բարձրացրել եք իրավական կոնտեքստ ունի՞,  եթե ասում եք ընտրակաշառքի խոստում է, իրավական կոնտեքստ կա՞, թե ոչ :  Ես որպես իրավաբան՝ ձեզ ասում եմ, որպեսզի այդ տվյալ հարցարդումը տեղի ունենա , պետք է լինի հանցակազմի տարրերից կոնկրետ օբյեկտիվ կողմը, ես թվարկեցի օբյեկտիվ կողմի բոլոր հատկանիշները,  որը ընդգրկված է քրեական օրենսգրքի 154 հոդվածում, այդ բառը համարվում է հանցագործություն, եթե Դուք չեք կարողանում ապացուցել դա վիրավորանք է»,- նշեց փաստաբանը:

Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ընտրակաշառք չվերցնելու դիմաց խոստացված գումարը չի կարող համարվել սոցիալական աջակցություն, քանի որ հատկացվելու է ոչ թե կարիքավորներին, այլ բոլոր նրանց ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից,իսկ այդ մարդկանց թվում կարող են շատ ապահոված քաղաքացիներ լինեն:

Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ սա գործուն մեխանիզմ է ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, քանի որ ներկայումս այլ տարբերակ չկա կամ չի առաջարկվում:
Արմեն Գրիգորյանի կարծիքով էլ, իրականում Ելքը այս քայլը պայքար չէ ընտրակաշառքի դեմ:

«Ընտրակաշառքի դեմ պայքարում կատարած բազմաթիվ աշխատանքներ փորձում են ջուրը գցել, երբ հայտարարվում է, որ ընտրությունը լեգիտիմ է, քաղաքացին փող է վերցրել, ընտրել է և խրախուսում է քաղաքացու՝ փողի դիմաց ընտրելը»,- ասում է Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս