«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունները որևէ կերպ չի կարող վնասել»

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կարող է ազդել Հայաստանում իրականացվող ծրագրերի ակտիվության վրա, բայց քաղաքական առումով ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունները որևէ կերպ չեն կարող վնասվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը։

«Գրասենյակը չի փակվել Հայաստանի նախաձեռնությամբ, և որքանով փորձել ենք տեղեկություն ստանալ, Հայաստանի կողմից ամեն բան արվել է, որ գրասենյակը չփակվի։ Եվ այս առումով հիմա քննարկումներ են ընթանում, թե ինչպես ԵԱՀԿ-ն փորձի իրականացնել իր ծրագրերը Հայաստանում այլ խողովակների միջոցով։ Վերջին հաշվով, այն պետությունները, որոնք ներդրում են կատարում ԵԱՀԿ բյուջեում, նաև Եվրոպայի խորհրդի անդամ են և կարող են օգտվել Եվրոպայի խորհրդի լծակներից և ալիքներից։ Այնտեղ Ադրբեջանը կոնսենսուսի միջոցով բյուջեի հաստատումը կամ աջակցությունը կանգնեցնելու նման հնարավորություն չունի»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ երկու օր առաջ է առիթ ունեցել խոսելու նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, տեղեկություններ է ստացել, թե ինչ է արել հայկական կողմը։

«Ինձ նաև հետաքրքիր էր, թե ինչ է արել ռուսական կողմը, որ գրասենյակը չփակվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին գրասենյակի ղեկավարը Ռուսաստանի դիվանագետ էր, և նաև կարծիք կա, որ, եթե Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները ցանկանային կամ շատ ցանկանային կամ փորձեին ճնշել Ադրբեջանին, կկարողանային կանխել, լուծել այդ կոնսենսուսի խնդիրը։ Բայց որքանով հասկանում ենք, մեծ հաշվով, Ադրբեջանը գնացել է ամենածայրահեղ ճանապարհով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ ականազերծման ծրագիրը շատ փոքր ծրագիր է եղել, այն դադարեցվել է, կողմերը բավարարել են այդ նախապայմանը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միշտ պնդել է, որ դա ուղղակի առիթ է, եթե դա էլ փակենք, միևնույն է՝ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը, և այդպես էլ եղել է։ Այդ ծրագիրը փակել են, բայց Ադրբեջանը պահպանել է իր վետոյի իրավունքը մինչև վերջ, որպեսզի գրասենյակը փակվի։ Ադրբեջանը, գտնվելով այդ մեկուսացման մեջ, իրեն այնպես է պահում, որ ոչ մի կերպ չեն մտահոգվում միջազգային հանրության արձագանքներից, առավել ևս, որ իրենք իրենց նախաձեռնությամբ են փակել իրենց գրասենյակը, և Հայաստանն այստեղ հակառակ գործողություն չի կարող անել»,- ասաց նա։

Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն ասաց, որ ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը երբևէ ոչ մի հատկացում չի արել բուն Արցախին։

«Ադրբեջանի կառավարությունն ուզում է Հայաստանին մեկուսացնել միջազգային հարաբերությունների ցանցից, որքան կարելի է, դուրս տանել։ Նա ուզում է ազդել Հայաստանի ներքին իրավիճակի, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության շանսերի վրա»,- ասաց նա։ Նրա կարծիքով՝ չնայած Ավստրիայում ՀՀ դեսպանը լավագույն դիվանագետներից մեկն է, սրանում մեղավոր է ՀՀ դիվանագիտությունը. «Այս ամենը պետք էր կանխագուշակել մոտ 10 տարի առաջ, երբ 2008թ. փակվեց Վրաստանի ԵԱՀԿ-ի գրասենյակը։ Շատ ճիշտ է, որ Ռուսաստանը մեծ դեր է կատարել։ Ի վերջո, պարոն Պուտինի շահը նույնպես դա է, որ ինչքան կարելի է՝ Հայաստանը հեռու պահեն միջազգային ցանցերից»:

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավարը Ռուսաստանի ներկայացուցիչն էր, և ինչպիսի մարդ էլ նա լինի, նա պետք է երկատված լինի, որովհետև ռուսատանյան քաղաքականությունը մի բան է, ԵԱՀԿ-ինը՝ մեկ այլ։ Ըստ նրա՝ ուժերը, որոնք կարող էին ազդեցություն ունենալ, չխաղարկվեցին։

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումն Ադրբեջանի ծրագրի մի մասն է կազմում. «Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ այս կոնֆլիկտը սառեցված չէ, այն հանգամանքը, որ Ադրբեջանն ամեն օր հարյուրավոր գնդակներ է ուղարկում թե Հայաստան-Ադրբեջան, թե Ղարաբաղ-Ադրբեջան սահման, Ադրբեջանն ուզում է ցույց տալ՝ տեսեք՝ ինչքան վատն է այդ կոնֆլիկտը. որ անընդհատ արյուն է թափվում, կրակում են, և ռազմական գործողություններ են կատարվում։ Բացի դրանից՝ Ադրբեջանը փորձում է միջազգայնացնել իր դժգոհությունը, դուրս հանել Հայաստան-Ադրբեջան հարաբարություններից, և ԵԱԿՀ երևանյան գրասենյակի փակումն այս ծրագրի մի մասն է կազմում»։

Ըստ նրա՝ Ադրբեջանը նույնիսկ շանտաժի ձևով է ներկայացնում փակման պահանջը՝ Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ կհամաձայնի գրասենյակի բացմանը, եթե կոնֆլիկտը լուծվի, ընդ որում՝ իր ուզած ձևով։

Տեսանյութեր

Լրահոս