«Չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ՝ ադրբեջանական սադրանքներ տեղի ունենան Ղարաբաղում»
«Հայկական կողմից այս օրերին հավելյալ զգոնություն է պահանջվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մայիսի 5-ը։ Ինչպես թուրք-ադրբեջանական ԶԼՄ-ներն են տեղեկացնում, զորավարժությունների նպատակն է՝ երկու երկրների ԶՈՒ-երի միջև համակարգումն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև՝ ստորաբաժանումների պատրաստության բարձրացումը։ Զորավարժություններին կմասնակցեն, անձնակազմերից բացի, մարտական տեխնիկա, հրետանային սարքավորումներ ու ականանետեր, մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ, զենիթահրթիռային ստորաբաժանումներ, և այլն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ԶՈՒ-ի անձնակազմը ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»։
Ընդգծենք նաև, որ Ադրբեջանում Թուրքիայի հետ սկսված համատեղ զորավարժություններին զուգընթաց՝ հայկական կողմը հայտնում է զորքերի զգոնության բարձրացման և սահմանային հսկողության ուժեղացման մասին: Ուշագրավն այն է, որ այս անգամ զորավարժությունները հայկական կողմն առանձնահատուկ ուշադրության է արժանացնում՝ հաշվի առնելով ապրիլ ամսին Ադրբեջանում անցկացված զորավարժությունները և դրանց զուգահեռ լարվածությունը շփման գծում, որի հետևանքով հայկական կողմը 2 ցավալի կորուստ ունեցավ։ Այս օրերին ադրբեջանական կողմը կրակահերթերի տակ պահեց նաև հայկական գյուղերը։
Չենգիզ Աքթարն ասաց, որ սրանք պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններն են, որոնք իրենցից հայկական կողմերին ուղղված սպառնալիք չեն ներկայացնում և տեղավորվում են թուրք-ադրբեջանական ռազմավարական խորացված համագործակցության շրջանակում։ Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանի զինուժն իր ներկայիս մակարդակին է հասել թուրք զինվորականության շնորհիվ, որոնք ոչ միայն զորավարժությունների միջոցով, այլև Ադրբեջանում մշտական աշխատանքով՝ իրենց փորձն են փոխանցում։
«Սա համագործակցության խորություն է, որի իրավունքը կողմերն ունեն։ Մյուս կողմից՝ ընդունում եմ, որ այս տարածաշրջանի համար նման զորավարժություններն ուժի ցուցադրություն են դիտարկվում և հակառակորդից զգոնություն պահանջում, հաշվի առնելով դրանցում Ադրբեջանի մասնակցությունը, որը հոգեբանական ոգևորության է հասնում նման զորավարժություններից։ Այդ ոգևորությանը նպաստեց նաև օրերս Ռուսաստանի փոխանցած զինտեխնիկան Ադրբեջանին։
Հենց այդ ոգևորությունը օրերս մենք նկատեցինք ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ Թուրքիան իր փորձն է փոխանցում, իսկ Ադրբեջանը, բացի ուսումնական, ռազմական խնդրից, փորձում է իրավիճակը հակամարտության գոտում իր օգտին ծառայեցնել՝ քաղաքական խնդիրներ լուծելով։ Չի բացառվում, որ այս անգամ ևս ադրբեջանական սահմանային սադրանքների ականատեսը դառնանք»,- նման տեսակետ հայտնեց Աքթարը։
Նրա համոզմամբ՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նման զարգացումների։ Սակայն, Աքթարի խոսքով, իրավիճակն Ադրբեջանի տեսանկյունից բարենպաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար։ «Բոլոր միջադեպերը փոքրածավալ բնույթ են կրելու՝ չվերաճելով վտանգավոր բախումների»,- ընդգծեց փորձագետը։