Հերթական տեղատվություն Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններում

ԻՐԱՆ-ԱՄՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

1979թ. նոյեմբերի 4-ին՝ Իրանում իսլամական հեղափոխությունից շուրջ 8 ամիս անց, երկրում տիրող հակաամերիկյան մթնոլորտի պայմաններում մի խումբ ուսանողներ  Թեհրանում գրավեցին ԱՄՆ-ի դեսպանատունը և 52 դիվանագետների պատանդ վերցրեցին, որոնք ազատ արձակվեցին 444 օր անց: Հանգամանք, որի պատճառով երկու երկրների միջև դիվանագիտական փոխհարաբերությունները խզվեցին, ինչը շարունակվում է առ այսօր: Այսուհանդերձ կողմերի միջև ոչ միայն շփումները լիովին չեն դադարել, այլև դրանք վերականգնելու համար բազմիցս տարբեր ժամանակահատվածներում փորձեր արվել են:

Վաշինգտոնն ու Թեհրանը տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ բանակցել են գաղտնի, միջնորդավորված կամ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Տարածաշրջանում նրանց շահերն առավել հաճախ համընկել են, քան թե հակասել: Աֆղանական ու իրաքյան հարցերի կարգավորման առնչությամբ նշանակալից  դեր է ունեցել Իրանը, ինչն Արևմուտքը բարձր է գնահատել:

Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունների կարգավորմանը նպաստող և խանգարող մի շարք գործոններ կան, որոնց պատճառով էլ դիվանագիտական կապերի բացակայության պայմաններում դրանք ընթանում են կանխատեսելի, ինչ-որ տեղ օրինաչափ ելևէջներով: Այդ հարաբերություններում առաջին հերթին նշանակալից դեր ունի Իսրայելը, որն ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական գործընկերն է, իսկ Իրանի հետ փոխհարաբերությունները թշնամական են:

Շահական Իրանը ևս, ինչպես իսլամական գրեթե ողջ աշխարհը, պաշտոնապես չէր ճանաչել Իսրայել պետությունը, սակայն երկու երկրների միջև առկա էր բազմակողմանի լայն համագործակցություն՝ ընդհուպ ռազմական ու անվտանգության ոլորտներում, տեղի էին ունենում բարձրաստիճան պաշտոնյաների այցեր ու փոխայցեր:

Իրանում հեղափոխության հաղթանակից շուրջ մեկ շաբաթ հետո՝ փետրվարի 19-ին, նոր ձևավորված կառավարությունը խզեց Իսրայելի հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական բոլոր կապերը: Իսրայելը համարվեց պաղեստինցիների տարածքները զավթած, ապօրինաբար ձևավորված պետություն, որը պետք է վերանա: Եվ այսպես երկու երկրների փոխհարաբերությունները դարձան թշնամական: Իսկ սա չէր կարող բացասաբար չանդրադառնալ Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերությունների վրա՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հրեա հզոր լոբբիստական կազմակերպությունների առկայությունը, որոնք, թերևս, անվերապահորեն պաշտպանում են Իսրայելի տեսակետները: Օրինակ, Ամերիկյան հրեական կոմիտեն (AJC), Մերժողականության դեմ հրեական միությունը (ADL), Ազգային անվտանգության գործերի հրեական ինստիտուտը (JINSA) և ԱՄՆ-Իսրայել հասարակական հարցերի կոմիտեն (AIPAC) և մասնավորապես վերջինս լուրջ ազդեցություն ունեն ԱՄՆ ընտրությունների վրա:

Պատահական չէ, որ նախագահական ընտրությունների թեկնածուներն անպայման ելույթ են ունենում AIPAC-ի տարեկան համաժողովում, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մարտին, ներկայացնում իրենց ծրագրերը և հօգուտ Իսրայելի խոստումներ տալիս՝ հաշվի առնելով Իրանի հետ թշնամական փոխհարաբերությունները և այն, որ Թել Ավիվը Թեհրանին համարում է իր անվտանգության համար սպառնալիք: Դրանք հիմնականում հակաիրանական բնույթ են կրում: Իսկ ընտրվելուց հետո՝ նախագահության առաջին ժամկետում, նրանք գրեթե անշեղորեն կատարում են իրենց խոստումները, քանի որ ցանկանում են ընտրվել նաև երկրորդ անգամ:

Սակայն վերջին շուրջ 30 տարվա փորձը ցույց է տալիս, որ նախագահության երկրորդ ժամկետում ԱՄՆ նախագահների իրանյան քաղաքականության ոլորտում դրական տեղաշարժեր են արձանագրվում, մանավանդ, եթե Իրանում նախագահը բարենորոգչական կամ չափավորական թևի ներկայացուցիչ է, իսկ ԱՄՆ-ում՝ դեմոկրատ, քանի որ հանրապետականները, հատկապես նոր պահպանողականներն (Neocon) առավել կոշտ և անհաշտ դիրքորոշում են դրսևորում Իրանի հանդեպ:

 ՔԼԻՆԹՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

1992թ. նախագահական ընտրություններին հաղթող դարձավ դեմոկրատ Բիլ Քլինթոնը: Նրա նախագահության առաջին ժամկետում ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում լարվածությունը մեծացավ: Օրակարգ մտավ Իրանի մեկուսացման հարցը, ինչը պայմանավորված էր ընտրարշավի ընթացքում հրեա լոբբիստական շրջանակներին տված խոստումներով, քանի որ դա էր ցանկանում Թել Ավիվը՝ Իրանին ներկայացնելով իբրև իսլամ արմատականության կենտրոն, տարածաշրջանի ու Արևմուտքի ընդհանուր թշնամի:

1993թ. մարտին պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերն Իրանին պիտակեց օրինազանց երկիր: Նույն թվականի մայիսին Միջին Արևելքի հարցերով փոխպետքարտուղար Մարտին Ինդայքը պաշտոնապես հայտարարեց. «Վաշինգտոնն այսուհետ Իրանի և Իրաքի նկատմամբ իրագործելու է նոր՝ „Երկակի սանձահարման“ քաղաքականություն, ինչի նպատակը տնտեսական և քաղաքական ճնշումների միջոցով Իրանի մեկուսացումն էր: Վերջինս մեղադրվեց  միջինարևելյան խաղաղության գործընթացին դեմ լինելու, ահաբեկչությունը հովանավորելու և միջուկային ու զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքեր հայթայթելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար:

1995թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Քլինթոնը ստորագրեց Իրանի դեմ լիակատար էմբարգո կիրառելու հրամանագիր, ինչը կրկին պայմանավորված էր նախագահական ընտրարշավով: Պատահական չէր, որ նա այդ որոշման մասին 1995թ. ապրիլի 30-ին ի լուր աշխարհի հայտարարեց «Հրեաների համաշխարհային համաժողով» կազմակերպության ճաշկերույթին:

Քլինթոնն իր նախագահության 2-րդ ժամկետում (1996-2000թթ.), երբ նա այլևս ընտրվելու խնդիր չուներ, իսկ Իրանում էլ 1997թ. նախագահ էր ընտրվել բարենորոգչական կողմնորոշմամբ Մոհամեդ Խաթամին, նույն թվականի վերջին արդեն երկու երկրների փոխհարաբերություններում փոփոխությունները տեսանելի էին: Սակայն այս ուղղությամբ ավելի լուրջ քայլեր կատարվեցին 1998թ., ինչում, թերևս, նշանակալից դեր ունեցավ նույն թվականի հունվարին Խաթամիի՝ CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցը:

Նա, մատնանշելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխադարձ անվստահության լուրջ պատնեշների առկայությունը, ընդգծեց, որ երկու երկրների միջև անլուծելի որևէ խնդիր չկա: Իսկ հունիսի 17-ին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտնեց, թե Վաշինգտոնը պատրաստ է շուրջ 20 տարի ընդմիջումից հետո վերսկսել Թեհրանի հետ խզված հարաբերությունները: Նա ընդգծեց երկկողմ բանակցությունների անհրաժեշտությունը՝ առաջարկելով հստակ քայլեր կատարել այդ ուղղությամբ:

1999թ. պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և նախագահ Բիլ Քլինթոնն անուղղակիորեն Իրանի ժողովրդից ներողություն հայցեցին 1953թ. հեղաշրջման առնչությամբ: Բացի այդ ԱՄՆ-ը տարբեր առիթներով Իրանի հետ փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով քանիցս ուղղակի և առանց նախապայմանի բանակցելու առաջարկություններ արեց: Դրանք արժանացան վերջինիս բացասական արձագանքին, ինչը, թերևս, պայմանավորված էր պահպանողականների նման քայլին կտրականապես դեմ լինելով, որոնք ունեն ազդեցիկ լծակներ: Ավելին, 1999թ. նոյեմբերին Վաշինգտոնն առաջարկեց Իրանում ԱՄՆ հյուպատոսական բաժին բացել, սակայն Թեհրանը մերժեց:

ԲՈՒՇ-ԽԱԹԱՄԻ- ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

2000թ. նախագահական ընտրություններում հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը հաջողության հասավ Ալ Գորի նկատմամբ՝ էլեկտորալ ձայների առավելությամբ 500 հազար պարզ քվեարկությամբ զիջելով մրցակցին: Հարցը նույնիսկ ներկայացվեց գերագույն դատարանում: Նա ընտրությունների քարոզարշավին կարևորեց ներքին խնդիրները՝ շեշտը դնելով «փոփոխության և Սպիտակ տան փառքը վերադարձնելու» վրա: Ավելին, 2001թ., երբ նա առաջին անգամ էր ելույթ ունենում Կոնգրեսում, կրկին խիստ կարևորեց ներքին խնդիրները` բյուջեի և իր գլխավորած կառավարության տնտեսական քաղաքականությունը:

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին Իրանը, թերևս, իսլամական առաջին երկիրն էր, որ արձագանքեց: Նույն թվականին վերընտրված նախագահ Խաթամին, ԱԳ նախարար Խառազին և այլ պաշտոնյաներ խստիվ դատապարտեցին ու ցավակցեցին ԱՄՆ-ին: Իսկ 2001թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ը հարձակվեց Աֆղանստանի վրա, իրականացնելով «Ազատության երկարաժամկետ» ռազմական գործողությունը, որը համընկնում էր նաև Իրանի շահերին, քանի որ թալիբները թշնամաբար էին տրամադրված Իրանի նկատմամբ: Ուստի Թեհրանը ոչ միայն համագործակցեց թալիբների և Բեն Լադենի գլխավորած «Ալ Կայիդա» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում՝ բազմակողմանիորեն աջակցելով Հյուսիսի դաշինքին, այլև Բոննի համաժողովի հաջողության հարցում նշանակալից դեր ունեցավ, ինչը բազմիցս շեշտել են արևմտյան քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները, նաև՝ Սպիտակ տունը:

Սա այն դեպքում, երբ 2002թ. հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Կոնգրեսի համատեղ նիստում իր տարեկան հաշվետու ելույթում արտաքին քաղաքականության ասպարեզում շեշտը դրեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և երկրի անվտանգության ապահովման վրա: Բուշը, լրջորեն սպառնալով Իրանին, Իրաքին և Հյուսիսային Կորեային, նրանց որակեց իբրև Միացյալ Նահանգների համար վտանգ ներկայացնող երկրներ: Նրանց անվանելով «չարիքի առանցք»՝ նա մեղադրեց զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար:

Փորձագետներից շատերն Իրանի դեմ այդօրինակ դիրքորոշումը պայմանավորեցին Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ճնշումներով: Իսրայելի աջ կողմնորոշմամբ վարչապետ Արիել Շարոնը (2001-06թթ.) մտավախություն  ուներ, որ Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերություններում նկատելի համագործակցությունը կարող է հանգել փոխըմբռնման, ուստի Վաշինգտոնից համառորեն պահանջել էր Թեհրանի հանդեպ թշնամական վերաբերմունք դրսևորել: Արդյունքում Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններում լարվածությունն էլ ավելի մեծացավ: Դրանք ճգնաժամային դարձան 2002թ. օգոստոսից, երբ ի լուր աշխարհի հայտնի դարձավ Իրանի Նաթանզի՝ ուրանի հարստացման կենտրոնի և Արաքսի ծանր ջրի ռեակտորի կառուցման մասին:

Այսուհանդերձ, ԱՄՆ-ը 2003թ. Իրաքի վրա հարձակվելուց առաջ գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի կործանիչները թիրախ չդարձնել, եթե պատահաբար խախտեն Իրանի սահմանը: Բանակցություններ են տեղի ունեցել նաև պատերազմի ընթացքում ու դրանից հետո: Միաժամանակ, ոչ միայն Իրանին մեկուսացնելու և վարչակարգը ներսից պայթեցնելու ուղղությամբ էին ջանքեր գործադրվում, այլև լրջորեն քննարկման առարկա էր դարձել Իրանի միջուկային կենտրոնները, ռազմաքաղաքական օբյեկտները ռմբակոծությունների թիրախ դարձնելու հարցը:

2005թ. Իրանում նախագահ ընտրվեց պահպանողական թևի ներկայացուցիչ  ծայրահեղական Մահումդ Ահմադինեժադը, ով հանդես էր գալիս ծայրահեղական կարգախոսներով, ինչպիսիք էին՝ Իսրայել պետությունն աշխարհի քարտեզից վերացնելը, Մեհդիի համաշխարհային իշխանության ժամանակի մոտեցումը ողջունելը: Հանգամանք, ինչը, բնականաբար, խիստ բորբոքեց Իսրայելի և վահաբական Սաուդյան Արաբիայի հակաիրանական տրամադրությունները: Նա, նաև Հոլոքոստը հարցականի տակ դնելով, Արևմուտքի և Իսրայելի միջև առավել համերաշխության պատճառ դարձավ: Ահմադինեժադի ծայրահեղական կարգախոսները նպաստեցին 2006-2010թթ. Իրանի դեմ ՄԱԿ-ի  սահմանափակումների 4 բանաձևի և 2005-2013թթ. ընթացքում Եվրամիության սահմանափակումների հաստատմանը: Բացի այդ ԱՄՆ-ի նախկին սահմանափակումներն էլ ավելի խստացվեցին և սահմանվեցին նորերը:

Այլ խոսքով՝ Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններն Ահմադինեժադի և Բուշի նախագահության ժամանակ թշնամական բնույթ էին կրում: Վաշինգտոնի ճնշումներն Իրանի դեմ գործում էին երեք ուղղությամբ՝ տնտեսական  սահմանափակումներով, տարածաշրջանում արաբական երկրներին ընդդեմ այդ երկրի միավորելով և իշխանությունների դեմ ներքին դժգոհություն հրահրելով ու ներքին ընդդիմությանը ոտքի հանելով: Սրանք ուղեկցվում էին ռազմական գործողությունների սպառնալիքներով, Իրանի վրա հարձակվելու տարբերակների հարցը քննարկելով:

2006թ. ԱՄՆ ռազմական բյուջեն գրեթե հավասարվել էր Սառը պատերազմի տարիներին. 1985թ.՝ 429,8, իսկ 2006թ. 419 միլիարդ դոլար էր կազմում, մինչդեռ 1997թ. ընդամենը 274,6 միլիարդ էր: Բացի այդ նոր պահպանողականները ջանք չէին խնայում կառավարությանն Իրանի դեմ ռազմական գործողությունների մղելու ուղղությամբ: Այսուհանդերձ, ակնհայտ էր, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ չէին սկսվելու, քանի որ Իրանը ոչ Աֆղանստան էր, ոչ էլ Իրաք, որոնց դեմ հարձակումները ոչ միայն վերջնական հաղթանակ չարձանագրեցին, այլև ԱՄՆ-ը ծախսեց ահռելի մեծ գումար: Ահմադինեժադն էլ իր հերթին ԱՄՆ-ին սպառնում էր ողջ աշխարհում այդ երկրի շահերը հարվածի տակ դնելով, իսկ տնտեսական սահմանափակումների վերաբերյալ բանաձևերն ու օրենքները գնահատում էր որպես «թղթի կտոր», մինչդեռ դրա հետևանքներն օրեցօր ավելի զգալի էին դառնում:

ՕԲԱՄԱ-ՌՈՈՒՀԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները գրեթե նույն սցենարով են ընթացել նաև դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք: 2008թ. նախագահական ընտրություններում Օբաման համոզիչ (365 էլեկտորալ ձայնով, 173-ի դիմաց) հաղթանակ տարավ հանրապետական Ջոն Մակքեյնի հանդեպ: Նա քարոզարշավի առաջին իսկ օրերից և անգամ երկու թեկնածուի առաջին բանավեճի ընթացքում ընդգծել էր, որ Իրանի հետ առանց նախապայմանի բանակցությունների կողմնակից է:

Օբամայի և նրա ընտրած փոխնախագահի թեկնածու սենատոր Ջոզե‎ֆ Բայդընի տեսակետներն Իրանի վերաբերյալ խիստ բացասական արձագանք գտան Իսրայելի ԶԼՄ-ներում ու պաշտոնական շրջանակներում: Ավելին, դեռևս հուլիսին Իսրայելի ԱԳ փոխնախարարն Օբամային նախազգուշացրել էր այդ առիթով՝ շեշտելով, որ նման քայլը «գլուխը պատին խփել է» նշանակում և պահանջել էր միջազգային մակարդակով լուրջ պայքար մղել Իրանի դեմ: Դա զգոնացրեց Օբամային, որից հետո քարոզարշավի ընթացում նրա հակաիրանական դիրքորոշումը գրեթե նույնացավ մրցակից հանրապետականի հետ:

Ընտրվելուց հետո, թեև Օբաման կրկնեց Իրանի հետ առանց նախապայմանի բանակցելու առաջարկությունը, միաժամանակ նոր ու ավելի խիստ  սահմանափակումներ իրականացվեցին: Բացի այդ Ահմադինեժադը բանակցելու համար ներկայացրեց այնպիսի նախապայմաններ, որոնք անիրականանալի էին:  Թեև, այնուամենայնիվ, երկու երկրների փոխհարաբերություններում լարվածությունը մեղմացել  էր, սակայն Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի բանակցությունները, որոնք սկսվել էին դեռևս 2006թ.-ից և տևել մինչև 2013թ., որևէ դրական տեղաշարժ չարձանագրեցին:

2013թ. հունվարից սկսվեց Օբամայի նախագահության երկրորդ ժամկետը, իսկ Իրանում նախագահ ընտրվեց չափավորական Հասան Ռոուհանին, որոնց քաղաքական կամքի և ներքին ու արտաքին հակառակորդների դեմ բուռն պայքարի շնորհիվ 2015թ. հուլիսի 14-ին Իրան-5+1 բանակցությունները հաջողությամբ պսակվեցին. ստորագրվեց վերջնական համաձայնագիր: 2016թ. հունվարի 16-ին կյանքի կոչվեց Համատեղ համապարփակ համաձայնության ծրագիրը (ՀՀՀԾ) (Joint Comprehensive Plan of Action), ինչի առիթով նախագահ Օբաման այն «պատմական հաղթանակ» համարեց  և «ԱՄՆ դիվանագիտության հզորության» ապացույց: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, թե դա լուրջ հաղթանակ է, նոր փայլուն էջ Իրանի պատմության մեջ:

ԹՐԱՄՓԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունների հերթական վերելքը՝ «մեղրամիսը», ըստ ամենայնի, ավարտվեց 2017թ. հունվարի 20-ին, երբ հանրապետական Դոնալդ «Թրամփը, ով,  ինչպես Բուշը, ընտրվել է էլեկտորալ ձայներով, պարզ քվարկությամբ 1,5 միլիոնով զիջեց մրցակցին: Այժմ երկու երկրների փոխհարաբերություններն ընթանալու են նույն հունով, որով ընթացան Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ, պարզապես գույներն ավելի խտացված կլինեն: Վաշինգտոն-Թեհրան  լարված փոխհարաբերությունները հագեցած են լինելու փոխադարձ քննադատություններով, մեղադրանքներով, ինչպես նաև սպառնալիքներով: Իսկ եթե Իրանում առաջիկա նախագահական ընտրություններում հաջողության հասնի պահպանողականների թեկնածուն, ինչը բացառված չէ, ապա սպառնալիքներն էլ ավելի սուր բնույթ են կրելու, և լարվածությունն ավելի մեծ է լինելու:

Այլ կերպ ասած՝ Միջին Արևելքում ԱՄՆ նոր պահպանողականների կառավարության քաղաքականությունը, ինչպես Ջորջ Բուշինն էր, ուղղված է Իրանի մեկուսացմանը: Այդ երկրի դեմ կիրառվելու են տնտեսական խիստ սահմանափակումներ, որոնք շրջանցելու են ՀՀՀԾ-ը՝ գլխավորապես պայմանավորվելով Թեհրանի արտերկրյա գործունեությամբ: Թեհրանը մեղադրվելու է ահաբեկչությունը հովանավորելու, այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար, և, ի վերջո, ջանքեր են գործադրվելու Իրանում ներքին հուզումներ առաջացնելու ուղղությամբ: Դա է վկայում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հիլիի ելույթը, ով, ՄԱԿ-ի գլխավոր գործառույթը համարելով մարդու իրավունքների պաշտպանությունը, նաև մատնանշելով 2009թ. Իրանում զանգվածային ցույցերը, նշել էր, թե պետք է նրանց կողքին լինել: Սա այն դեպքում, երբ Իրանը բազմիցս նշել է, որ նոր սահմանափակումները կդիտվեն իբրև ՀՀՀԾ-ի չեղարկում, ինչի պարագայում Թեհրանը համապատասխան քայլերի է դիմելու: Ուստի ինչպես Զարիֆն է ասել. «Թրամփը սիրում է անակնկալի բերել, մենք էլ իրեն անակնկալի կբերենք»:

Զարգացումների նման ընթացքն էլ ավելի կբարդացնի իրավիճակը:

Մյուս կողմից՝ սահմանափակումներին զուգահեռ Թրամփի կառավարությունը ջանքեր է գործադրում Իրանի դեմ ձևավորել «Արաբական ՆԱՏՕ», որին անդամակցելու են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Հորդանանը, Եգիպտոսը, որի հետ սերտորեն համագործակցելու են Թուրքիան ու Իսրայելը: Սա ռազմական մի դաշինք է, որն ամերիկյան ռազմավարները նախագծել են ընդդեմ Իրանի ազդեցության տարածման և Միջին Արևելքի ճգնաժամերի: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցը նշյալ երկրներ և բարձր մակարդակի փոխայցերը Վաշինգտոն, ինչպես նաև մյունխենյան անվտանգության համաժողովի ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի համահունչ քննադատական ելույթները պայմանավորված էին նման կառույցի ձևավորման միտումով:  Արաբական ՆԱՏՕ-ն կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից, քանի որ Թրամփին անհրաժեշտ են օտարերկյա գործընկերներ, իսկ արաբները կարևոր են նաև զենք գնելու առումով:

Միաժամանակ, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները քննարկում են Իրան-ԱՄՆ ռազմական բախումների հարցը: Ոմանք շեշտում են, թե Թրամփի կառավարությունն Իրանի դեմ կիրառելու է հենց իրաքյան սցենարը՝ հաշվի առնելով, որ սահմանափակումների օղակը սեղմվում է, և նույն մեղադրանքներն են հնչեցվում Իրանի հասցեին: Մյուս սցենարի համաձայն՝ Իսրայելը կիրականացնի իր սպառնալիքները՝ թիրախ դարձնելով Իրանի միջուկային օբյեկտները,  իսկ Թրամփը հովանավորելու է, ինչը Միջին Արևելքում մեծ պատերազմի կհանգեցնի: Հանգամանք, որը, անշուշտ, արգելակելու է երկրի տնտեսական իրավիճակը բարելավելու Թրամփի խոստումների իրագործումը, մանավանդ, որ ԱՄՆ պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 105 տոկոսը: Իսկ եթե նոր պատերազմ սկսվի, այն կլինի անվերահսկելի և աղետաբեր, որը չի բխում ԱՄՆ-ի շահերից: Ուստի այդ հարցը, ամենայն հավանականությամբ, որպես սպառնալիք մնալու է Թրամփի վարչակազմի սեղանին, բայց չի իրականացվելու, ինչպես դա տեղի ունեցավ Բուշի օրոք:

Էմմա Բեգիջանյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ

Տեսանյութեր

Լրահոս