«Գյուղացին ինքը կմրսի, բայց երբեք թույլ չի տա, որ իր տնկանյութը մրսի». Գյուղատնտեսության փոխնախարար
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ այս պահին հանրապետության ամբողջ տարածքում շուրջ 50 հազար հեկտար ցանք է կատարվել: Միաժամանակ նկատեց, որ դեռևս ամբողջ մայիս ամիսն առջևում է, և մինչև հունիսի 22-ն էլ ժամանակը ներում է ցանք կատարելու համար:
«Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներկրվել գարնանացան հացահատիկային մշակաբույսերի համապատասխան սերմնաքանակ, և ինտենսիվ կերպով ընթանում է բաշխման հարցը: Կարտոֆիլի ներկրման հարցը ևս կարգավորված է: Կարտոֆիլը ներմուծվում է Հոլանդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Չեխիայից, որոշ քանակությունն էլ՝ այլ երկրներից: Որակի առումով ամեն ինչ ապահովված է համապատասխան փաստաթղթերով»,- նշեց Ա. Հարությունյանը:
Նա նաև հայտնեց, որ ամբողջ հանրապետության տարածքով մկնասպան նյութի բաշխման հարցը ևս լուծված է: Այդ պարարտանյութերի խմբաքանակը ներկրվում է հիմնականում Վրաստանից, որոշ քանակություն՝ Ռուսաստանից, որոշակի քանակություն էլ՝ Իրանից. «Այս պահին շուրջ 13500 տոննա պարարտանյութ է ներկրվել Հայաստան, 3000 տոննա խմբաքանակն էլ մաքսազերծման փուլում է»:
Ա. Հարությունյանը նշեց, որ Հայաստանի հողօգտագործողներն այս տարի ևս պետական օժանդակությամբ կկարողանան մատչելի գնով դիզվառելիք ու պարարտանյութ ձեռք բերել: Նա ասաց, որ դիզվառելիքի պահանջարկ եղավ, և կառավարությունը որոշեց դարձյալ դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիր իրականացնել. «Հողօգտագործողներին կտրամադրվի մատչելի դիզվառելանյութ: Երեկվա դրությամբ մրցույթն արդեն անցկացվել է, երկու կազմակերպություն ներկայացրել է գնային՝ իրար բավականին մոտ առաջարկ, և, ի ուրախություն մեզ, նախորդ տարվա համեմատ՝ գինը նվազել է: Հողօգտագործողներին դիզելային վառելանյութը մարզերում կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով կամ, ժողովրդական լեզվով ասած՝ մեկ կանիստրը` 5600»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե կարտոֆիլի ձմռան պաշարները 40 տոկոսով ցրտահարված են, փոխնախարարն ասաց, որ նման բան չկա. «Այս պահի դրությամբ նման խնդիր չկա, ավելին, պետք է ասեմ, որ գյուղացին ինքը կմրսի, բայց երբեք թույլ չի տա, որ իր տնկանյութը մրսի: Այս պահի դրությամբ այդ խնդիրը չունենք, ահազանգը չունենք: Պարենային կարտոֆիլը բավականին արագ, բարձր գնով իրացվում է շուկայում, ունենք անհրաժեշտ տնկանյութի քանակությունները հանրապետությունում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: