Աճը՝ կրկին կոնյակի շնորհիվ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1 մլրդ 246.8 մլն դոլար, որը 17.4%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը։ Այդ թվում՝ արտահանումը հունվար-մարտին՝ 2016-ի հունվար մարտի համեմատ, աճել է 16.5%-ով և կազմել 443.1 մլն դոլար։ Թե որ երկրների և ինչ ապրանքների գծով է աճել արտահանումը մարտ ամսին, դեռևս տվյալներ չկան։
Սակայն հունվար-փետրվարի համար մանրամասն տվյալները՝ ապրանք-երկիր կտրվածքով, արդեն հասանելի են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքից։
Ըստ այդ տվյալների՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 65.7 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում ընդհանուր արտահանման ծավալը կազմել է 273.7 մլն դոլար։ Այսինքն՝ արտահանման մեկ քառորդը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։
Ավելին՝ 2017 թվականի առաջին երկու ամիսներին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճել է 52.8%-ով։
Առաջին հայացքից՝ շատ լավ ցուցանիշ է, ինչը կարող էր օգտագործվել որպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունավետության փաստարկ։ Սակայն ամեն ինչ այնքան հիանալի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։
Նախ՝ չափազանց բարձր է կենտրոնացվածությունը՝ ըստ երկրների։ Նշված 65.7 մլն դոլարից 64.6 մլն դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին։ Մնացած 3 երկրներ միասին վերցրած արտահանել ենք ընդամենը 1.16 մլն դոլարի ապրանք։ Կարճ ասած, ԵԱՏՄ ասվածը մեզ համար նշանակում է միայն Ռուսաստան։
Ապրանքային կառուցվածքը նույնպես բավականին ուշագրավ է։ Պարզվում է՝ 65.7 մլն դոլարից մեծ մասը թունդ ալկոհոհային խմիչքների (կոնյակի) արտահանումն է։
Այսպես, 2017թ. հունվար-փետրվարին Հայաստանից ԵԱՏՄ արտահանվել է 2.2 մլն բացարձակ լիտրին համարժեք ծավալով թունդ ալկոհոային խմիչք՝ 27.6 մլն դոլար մաքսային արժեքով։ Բնեղեն արտահայտությամբ կոնյակի արտահանումն աճել է 2,1 անգամ, արժեքային արտահայտությամբ՝ 2.2 անգամ։ Կարճ ասած, դեպի ԵԱՏՄ արտահանման տպավորիչ աճը պայմանավորված է հիմնականում կոնյակով։
Իհարկե, լավ է, որ հայկական կոնյակը վերականգնում է 2015 թվականին կորսված դիրքերը եվրասիական շուկայում։ Վատն այն է, որ մյուս ապրանքների կշիռն է փոքր: