Բաժիններ՝

Մեյը հրաժարվել է մասնակցել նախընտրական հեռուստաբանավեճերին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է մասնակցել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին նախորդող հեռուստաբանավեճերին: Ինչպես նախարարների կաբինետի ղեկավարը հայտնել է BBC կորպորացիայի եթերում, ինքը կսահմանափակվի ընտրազանգվածի հետ հանդիպումներով։

«Մենք հեռուստաբանավեճեր չենք անցկացնի: Ես հավատում եմ (ընտրական) արշավներին, որոնց ընթացքում քաղաքական գործիչները դուրս են գալիս եւ հանդիպում ընտրողների հետ»,­-ասել է Մեյը:

Վարչապետը նաեւ հայտարարել է, որ վաղաժամկետ ընտրությունների անցկացումը պետք է ընդդիմադիր կուսակցություններին խանգարի՝ խափանելու Եվրամիությունից թագավորության դուրս գալու (Brexit) գործընթացը: Նրա խոսքով՝ «երբ գործը հասավ 50-­րդ հոդվածի (Լիսաբոնի պայմանագրի) կիրառմանը, պարզ դարձավ, որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ Վեսթմինսթերում փորձեցին «վիժեցնել Brexit­-ի
գործընթացը»:

«Ժողովուրդը միավորված է այդ նպատակի շուրջը: Հասարակայնությունը ցանկանում է, որ մենք իրականացնենք Եվրամիությունից դուրս գալը եւ ապագայում կառուցենք ավելի ուժեղ Մեծ Բրիտանիա»,­-ընդգծել է Մեյը:

Այն մասին, որ Միացյալ Թագավորության կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդը հրաժարվում է մասնակցել հեռուստաբանավեճերին, ապրիլի 18­-ին հայտնել էր Press Association գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի դիվանատան մի աղբյուրի:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, իր հերթին, հայտարարել է, որ վարչապետը «չպետք է խուսափի դեմ առ դեմ անցկացվող հեռուստաբանավեճերից», իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Թիմ Ֆարոնը հորդորել է այն հեռարձակողներին, որոնք եթեր են տալու բանավեճերը, ամեն անգամ դատարկ աթոռ դնել այն տեղում, որտեղ պետք է նստեր թորիների թեկավարը:

Ապրիլի 18-­ին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8-­ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք է առավելագույնս ուժեղ լինի:

Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք է կայանա ապրիլի 19­-ին:

Ինչպես սպասվում է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս