Բաժիններ՝

Մերկելն իր ժողովրդականությամբ կանցլերի պաշտոնի թեկնածու Շուլցին գերազանցում է 15 տոկոսով. հարցում

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն իր ժողովրդականությամբ 15 տոկոսով գերազանցում է դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որը Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտն անցկացրել էStern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-­ին: Դրանց արդյունքներով ձեւավորվելու է կառավարությունը եւ հայտարարվելու է կանցլերը (կառավարության ղեկավարը):

Արդյունքների համաձայն, Մերկելի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 44 տոկոսն այն դեպքում, երբ Շուլցի օգտին՝ 29 տոկոսը: Շուլցի ժողովրդականությունը 30 տոկոսային կետից ցած է ընկել նրա թեկնածության առաջադրումից ի վեր առաջին անգամ:

Գերմանիայի սոցիալ­դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)՝ Շուլցի գլխավորությամբ, հավաքում է ձայների 30 տոկոսը, ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը՝ Մերկելի գլխավորությամբ՝ 36 տոկոսը:

«Ձախերին» աջակցում է հարցման մասնակիցների 9 տոկոսը, «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությանը՝ 8 տոկոսը, Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցությանը՝ 6,5 տոկոսը:

«Կանաչների» կուսակցության վարկանիշն ընկել է մինչեւ 15­-ամյա նվազագույն եւ կազմել ընդամենը 6 տոկոս: Հարցումն անցկացվել է ապրիլի 10­-ից մինչեւ 13­-ը, դրա մասնակիցներն ընտրվել են պատահականորեն, նրանց թիվը չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս