«Իր բանակ գնալու խնջույքին ամբողջ օրը պարեց ու պարեց. այնքա՜ն ուրախ էր, այնքա՜ն ուրախ… ». ասում է Արցախում զոհված Աղասի Ասատրյանի մայրը
2016 թվականի ապրիլին Արցախում զոհված զինծառայող Աղասի Ասատրյանը ծնվել է 1996թ. փետրվարի 23-ին: 2014թ. հունիսին զորակոչվել է Զինված ուժեր: Ընտանիքն ապրում է Մասիս քաղաքում: Աղասիի մայրը՝ տիկին Նարինեն, 168.am-ին պատմեց, որ մինչ բանակ գնալը որդին զբաղվել է լողով.
«Աղասին սպորտսմեն էր, շատ էր սիրում լողալ. իր համար լողը տարերք էր։ Դպրոցում չէր սովորում, չէր սիրում սովորել։ Շատ աշխույժ էր, ընկերասեր, երևի իրենից առավել սիրում էր ընկերներին, հարազատներին։ Նվիրված մարդ էր, բոլորին շատ էր սիրում»։
Քոլեջում սովորելու ընթացքում արդեն Աղասին ուսման մեջ առաջադիմություն է գրանցում։ «Թիվ 6 դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Մասիսի գյուղատնտեսական քոլեջի ավտոճանապարհային փոխադրումների բաժինը։ Դրանից հետո նպատակ էր դրել, որ բանակից գա՝ շարունակի ուսումը։ Նաև նպատակ ուներ՝ տուն կառուցել»,- ասաց տիկին Նարինեն։
Մայրը վերջին անգամ որդու հետ խոսել է 2016 թ. մարտի 30-ին. «Հարցնում էր, թե մենք ինչպես ենք։ Երբեք իր ծառայությունից չէր պատմում, չէր սիրում խոսել իր մասին։ Հարազատներից, ընկերներից էր հետաքրքրվում։ Երբ հարցնում էինք՝ ծառայությունից գո՞հ ես, միշտ պատասխանում էր՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Երբեք շատ պահանջկոտ չի եղել, ամեն ինչին իր ուժերով է հասել։ Շատ ինքնուրույն մարդ էր»։
Աղասին տան մեծ երեխան էր, նա ունի երկու քույր, և մոր խոսքով՝ որդին ավելի մտերիմ էր փոքր քրոջ՝ Ռիտայի հետ. «Ռիտայի հետ էր կիսվում, նրա մասին ասում էր՝ փոքր ախպերս է։ Իր աշխուժությունը, այն արարքները, որ չէր ուզի՝ մենք իմանանք, Ռիտան կոծկում էր»։
Տիկին Նարինեն պատմում է, որ Աղասին շատ էր սիրում պարել. «Շատ սիրուն էր պարում, չի գնացել պարի, բայց այդ աշխուժությունը, շարժվելը շատ էր սիրում։ Խնջույքների ժամանակ միշտ պարում էր։ Իր բանակ գնալուց մեկ շաբաթ առաջ քրոջս որդին զորացրվել էր, խնջույք կազմակերպեցին, Աղասիս սկզբից մինչև վերջ պարեց, այնքան էր պարել, որ էլ չէր կարողանում ոտքի վրա կանգնել։ Ոչ մի րոպե չնստեց։ Նույնը՝ իր բանակ գնալու խնջույքին. ամբողջ օրը պարեց ու պարեց։ Այնքա՜ն ուրախ էր, այնքա՜ն ուրախ»։