«Երբ հարցնում էի՝ ո՞նց ես, առաջինը պատասխանում էր՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». ասում է զոհված զինծառայող Աղասի Ասատրյանի մայրը
Արցախում զոհված զինծառայող Աղասի Ասատրյանը ծնվել է 1996թ. փետրվարի 23-ին: 2014թ. հունիսին զորակոչվել է Զինված ուժեր: Աղասին երկու քույր ունի՝ 18 և 19 տարեկան: Ընտանիքն ապրում է Մասիս քաղաքում: Աղասիի մայրը՝ տիկին Նարինեն, երեկ մեզ հետ զրույցում պատմում էր, որ սկզբնական շրջանում Աղասին ծառայել է Մատաղիսում, ապա՝ տեղափոխվել Թալիշ:
«Որտեղ՝ վտանգ, այնտեղ՝ Աղասիկս»
Հիշելով որդու մանկության տարիները՝ մայրը նշում է, որ Աղասին շատ չարաճճի երեխա է եղել: «Քայլել է 9 ամսականից: Որտեղ՝ վտանգ, այնտեղ՝ Աղասիկս: Լավ մարդ էր իմ Աղասին, բարի սիրտ ուներ, լավ հոգի: Եթե ընկերներն ինչ-որ խնդիր ունենային, անպայման պիտի նրանց հետ լիներ, փորձեր օգնել: Դրա հետ մեկտեղ՝ շատ չար էր: Միշտ իրեն վնաս էր տալիս: Այնքան կոտրվածքներ ուներ. շատ էինք լինում հիվանդանոցներում:
Սովորել չէր սիրում, իսկ ընդհանրապես աշխատող երեխա էր: 12-13 տարեկանից աշխատել է: Գնում էր գյուղերը, դաշտերը, աշխատում, բերում, որ ինձ օգներ. ինձնից փող չուզեր, գոնե դա: Իր դպրոցի ծախսերն էր անում, ինձ էր օգնում»,- ասում է զինծառայողի մայրը: Դպրոցն ավարտելուց հետո Աղասին ընդունվել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ.
«Նպատակներ ուներ, տուն էր ուզում կառուցել: Զորացրվելուց հետո ուզում էր շարունակել ուսումը: Ճիշտ է՝ դպրոցում չէր սիրում սովորել, բայց արդեն մեծացել էր, տեսակետները, մտածելակերպը փոխվել էին»:
«Մինչև բանակ գնալը տան հիմք գցեցինք, որ տուն կառուցենք: Ամբողջ հիմքն ինքն է փորել: Ինչ ոգևորությամբ էր աշխատում, որ պիտի տուն կառուցի: Որոշել էր, թե որն է լինելու իր սենյակը: Ուրախանում էր: Երազանքները կիսատ մնացինգ»,- ասում է տիկին Նարինեն՝ նշելով, որ մինչև գործը չէր անում, Աղասին դրա մասին չէր ասում։ «Անիմաստ խոսել չէր սիրում: Իր արածի մասին էր սիրում ասել, երբեք չէր ասում՝ սա կանեմ, նա կանեմ: Իր առջև նպատակ կդներ, և երբ կիրականացներ, նոր կարտահայտվեր: Այդ տեսակի մարդ էր»,- հիշում է մայրը:
«4 օր ոչ մի լուր չունեի»
«Եկավ բանակ գնալու ժամանակը: Չգիտեմ՝ բոլոր ծնողների մո՞տ է այդպես, թե՞ միայն ինձ մոտ՝ վախ կար: Փորձում էի ինչ-որ բան անել կոտրվածքների հետ կապված, որ մի փոքր մեղմ ծառայություն լիներ, կամգ: Տեղեկանք վերցրի բժշկից, բայց մինչև կգնայի, Աղասիս ասում էր՝ միևնույն է՝ չեմ տանելու, չբերես: Չտարավ: Գնաց ծառայության: Տանը շատախոս էր, շատ էր կատակում, ուրախ տղա էր: Դրա հետ մեկտեղ՝ շատ փակբերան էր: Ծառայության ժամանակ էլ ոչինչ չէր ասում: Ինչ էլ հարցնեինք, ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է, սոված չեմ, ոչ մի տեղ չի ցավում: Երբեք չէր դժգոհում: Երբ հարցնում էլ էի՝ ո՞նց ես, առաջին պատասխանն էր՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Ծառայությունից Աղասին երբեք չի դժգոհել, չի բողոքել.
«Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ վիճակ է եղել, բայց երբ զանգել է, ուրախ տրամադրություն է ունեցել: Նկարվել էր, նկարի մեջ այտն ուռած էր: Զանգեց, հարցրի՝ ատամդ ցավո՞ւմ է, ինչո՞ւ է այտդ ուռած, ասաց՝ չէ, մամ, կոնֆետ է բերանումս: Չգիտեմ՝ ճի՞շտ, թե՞ սուտգ»,- ասում է տիկին Նարինեն:
Մայրը որդու հետ վերջին անգամ մարտի 27-ին է խոսել: «Շատ բան չէր խոսում, միայն հարցնում էր՝ ինչպես ենք, քույրիկներից էր հարցնում, եղանակից, բարեկամներից, հարևաններից՝ չնայած բոլորի հետ էլ կապ պահպանում էր»:
Ապրիլի 1-ին որդուն դիրքեր են բարձրացրել. «Մարտի 31-ին քույրիկի հետ համացանցով էր շփվում: Ես էլ կողքից ասացի, որ երբ հարմար լինի՝ անպայման զանգի: Պատասխանել էր, որ կզանգի: Ու էլ չզանգեց: Ապրիլի 1-ին բարձրացրել էին դիրքեր: 4 օր ոչ մի լուր չունեի: Խելագարվում էի: Իսկ լուրը, որ պատերազմ են սկսել, երթուղայինում եմ լսել: Երկու երիտասարդ տղաներ էին կանգնած կողքիս: Ասացին՝ Մարտակերտն ու Աղդամը ռմբակոծում են: Սարսափից չկարողացա խոսելգ գոնե հարցնեի, թե ինչ վիճակ է: Հասել եմ տուն, միացրել լուրերը:
Ամբողջ օրը լուրեր էի լսում, ամբողջ օրը, բայց Թալիշի մասին դեռ ոչինչ չէի լսել: Քրոջս հետ խոսեցի: Քույրս երևի չէր էլ պատկերացնում, որ ես այդ մասին չեմ լսել: Ասաց՝ Թալիշն են ռմբակոծել: Ասացի՝ չէ, Թալիշը չէ, ես լսում էի՝ Մարտակերտն ու Աղդամն են ասում: Քույրս լռեց: Էլ ոչինչ չասաց: Հետո իմացա, որ հենց Թալիշից, Մատաղիսից են սկսել: 4 օր տանջանք էր, ահավոր էր: Աշխատում եմ: Աշխատանքի վայրում էի: Խելագարի պես գնում-գալիս էի: Զանգի էի սպասում:
Եղբորս զինկոմիսարիատ էի ուղարկել, որ լուր իմանա: Դրա նախորդ օրը զանգեցինք ընկերոջ համարով (ինքը հեռախոս չուներ), խոսեցի, հարցրի՝ Աղասը մո՞տդ է, կարո՞ղ է խոսել: Ասաց՝ ոչ, ես ուրիշ տեղում եմ, Աղասը՝ ուրիշ: Ասացի՝ որ կտեսնես, ասա թող անպայման զանգի: Ու հուզվեցի, լացեցի, չկարողացա շարունակել: Անջատեցի, բայց չէի հանգստանում: Հեռախոսը տվեցի եղբորս, եղբայրս նորից զանգեց: Զանգեց, այդ երեխան ասել էր, որ Աղասին լավ է, դիրքերում է: Երևի պարզապես չկարողացավ ասել…
Հաջորդ օրն ինչքան զանգեցի, էլ չպատասխանեց: Չպատասխանեց, եղբորս զինկոմիսարիատ ուղարկեցի: Ասել էին՝ ոչ մի լուր չկա Աղասից: Եղբայրս եկավ, ուրախ-ուրախ ասաց՝ չէ, Աղասը լավ է: Մինչև երեկո իմացանք, որ Աղասս չկագ Աղասիս ուզում էր, որ ուժեղ լինեմ, շատ էր ուզում: Միշտ ասում էր՝ քեզ այդպես ուժեղ եմ սիրում: Ինձ վրա շատ էր հույս դնում: Խոստացել եմ, որ ուժեղ կլինեմ… բայց այնքան դժվար է»:
«Հեռվից գոռալով՝ մամ, թևերը թափահարելով՝ վազեց»
Անձնական կյանքից Աղասին մորը չի պատմել. «Քույրիկներից գիտեմ, որ ունեցել է մեկին: Չէի սիրում, երբ չէր սափրվում: Խոսեցի վրան, ասացի՝ սափրվի, ասաց՝ ինձ ասել են, որ այսպես սազում է: Հասկացա, որ ինքը սիրած աղջիկ ունի: Միայն աղջիկը նման բան կասեր, որ սազում է: Բանակ գնալուց առաջ խնջույք կազմակերպեցինք: Մի պահ անհայտացավ, չկար: Երբ եկավ, ասացի՝ քեզ համար են եկել հյուրերը, դու գնացել ես, ասաց՝ մի քանի հոգու պետք է հրաժեշտ տայի: Հետո իմացա, որ ընկերուհուն է հրաժեշտ տվել: Շատ փակ էր: Ոչինչ չէր ասում: Շատ անգամներ ընկերներից եմ ինչ-որ բաներ իմացել»:
Տիկին Նարինեն մեկ ցանկություն ունի. որդուն տեսնել իր կողքին. «Թեկուզ փողոցում լինեի, գետնին քնեի, բայց որդիս կողքիս լիներ: Այս պահին ուրիշ ցանկություններ չկան: Դժվար է: Որդի կորցնելն այնքան դժվար է: Միշտ մտածել եմ, որ ցավոտ է, երբ ծնողն է որդուն կորցնում, բայց լրիվ ուրիշ ցավ է, երբ անձամբ ես զգումգ Պաչիկ էի ասումգ կգնար, կգար, կհամբուրեր: Ասում էի՝ հերիք է, էլի, Աղաս: Երբ երդմնակալությանն էինք գնում, ամբողջ ճանապարհին լաց եղա, երբ այդ ռմբակոծված ճանապարհներն էի տեսնում: Այնքան էլ հեռու էր, քանի ժամ ենք գնացել:
Նայում էինք զինվորներին, մտածում ենք՝ ինչպես գտնենք Աղասիին: Հեռվից գոռալով՝ մա՛մ, թևերը թափահարելով՝ վազեց: Երբ վազեց, չկարողացա ինձ զսպել, լացեցի: Լացեցի, մոտեցել էր ինձ, ձեռքս բռնել (մեզ միմյանցից ցանց էր բաժանում), շուրջն էր նայում՝ ասում էր՝ մա՛մ, մի՛ լացի, ամոթ է: Ասում էր՝ մա՛մ, դու այդպես թույլ չես, ինչո՞ւ ես լաց լինում: Չէր կոտրվում: Որոշ ծնողներ ասում էին՝ երեխեքն են լաց եղել: Մեր դեպքում ես էի լաց լինում, ինքն էր ինձ հանգստացնում:
Ուժեղ մարդ էր, շատ ուժեղ էր: Փոքր էր, բայց ուժեղ էր, մեծ կամք ուներ: Եթե մի նպատակ էր դնում, անպայման հասնում էր: Երբ դպրոց էր գնում, անկարգությունների, չարությունների համար ինձ շուտ-շուտ դպրոց էին կանչում: Նեղված գալիս էի տուն, ասում էի՝ ինձ այսքան ամոթանք են տալիս, դու վատ չե՞ս զգում, մի քիչ խելոք մնա: Երբ լենն ես, չես մտածում, որ կարող է այսպիսի կորուստ ունենաս: Բարկանում ես, երբեմն վատ բան ասում, բայցգ այսօր իմ բալան հերոս է, հերոս: Երևի ի վերուստ էր իրեն տրված հերոս լինել՝ ծննդյան օրվանից՝ փետրվարի 23»:
«Չէր սիրում, երբ տխուր էի: Կգար, մի բան կհնարեր, որ ժպտամ»
Աղասին նաև սպորտով է զբաղվել՝ բոքսով, մեդալներ ունի, դիպլոմ: Աղասիի մոր խոսքով՝ կոտրվածքներ ստանալուց հետո այլևս թույլ չեն տվել շարունակել: Սիրում էր պարել: «Շատ էր սիրում պարել: Երաժշտությունը սկսվելուն պես ինքը նստել չուներ»: Մոր խոսքով՝ բնավորությամբ Աղասին ուրախ մարդ էր, ամեն ինչ անում էր հարազատներին ուրախացնելու համար.
«Չէր սիրում, երբ տխուր էի: Կգար, մի բան կհնարեր, մի բան կաներ, որ ես ժպտամ: Մի տարվա մեջ երկու ծնողներիս կորցրի. 2012թ.՝ մայրիկիս, 2013թ.՝ հայրիկիս: Ինձ համար շատ ծանր էր: Իր ծննդյան օրը նշում էինք: Առաջին անգամ այդ ժամանակ եմ պարել: Ինքը ստիպեց, քարշ տալով հանեց, որ պարեմգ Փոքր ժամանակ խնդիրներ ուներ խոսելու հետ: Շատ շուտ քայլեց, բայց ուշ խոսեց՝ մոտ երեք տարեկանում: Լեզվի տակ թաղանթ կար, պահում էր: Բառերը ճիշտ չէր արտաբերում: Վիրաբույժը կտրեց: Դրանից հետո սկսեց այնքան խոսել… Ասում էի՝ Աղաս, երևում է՝ շատ են կտրել: Այնքան շատ էր խոսում, այնքան հարցեր էր տալիս»:
Տիկին Նարինեն պատմում է, որ Աղասին քույրերին շատ է սիրել, նրանց հետ շատ մտերիմ է եղել. «Փոքր քրոջն «ախպերս» էր ասում: Շատ կապված էին: Ու այսօր քույրը շատ ծանր է տանում: Եղբոր հանդեպ ունեցած ողջ սերը գցել է մորաքրոջ որդու վրա: Ամբողջ օրն իրար հետ են, շատ ուժեղ կապվածություն է սկսվել, եղբոր կարոտն է ստիպում: Երբ փոքր էին, ամբողջ օրը ծեծում էին իրար: Երբ մեծացան, արդեն անբաժանելի էին դարձել: Կառանձնանային սենյակում ու ժամերով կզրուցեին: Չգիտեմ: Այնքան կարճ կյանք ունեցավ բալեսգ չհասցրեց: Չար էր, բայց սիրված էր թե՛ դպրոցում, թե՛ հարևանության շրջանում, թե՛ քոլեջում: Դպրոցում շատ էին բողոքում, բայց ինչքան գնացել եմ քոլեջ, լավն են ասել: Արդեն հասունացել էր»:
Տիկին Նարինեն նշում է՝ նեղության մեջ հայ ժողովուրդը միասնական է, հասնող. «Ճիշտ է՝ ոչինչ չի թեթևացնի այն, ինչ ես զգում եմ, բայց երբ զգում եմ, որ մարդիկ կողքիս ենգ Անգամ արտասահմանից են զանգում՝ Ամերիկայից: Մի քանիսը զանգել են, ովքեր շատ հեռու էին, իրենց վրա այնքան էլ չի ազդի այն, ինչ այստեղ կատարվում է, բայց մեծ ցավ են ապրում, լաց էին լինում: Այդ ժամանակ արդեն մտածում ես, որ չի կարելի ասել, թե իզուր էր այն, ինչ եղավ: Ցավ է, բայց երբ կան այդքան մարդիկ, որ գնահատում են, քո կողքին են, արդեն մտածում ես, որ, իրոք, հերոսացավ, իզուր չէր, որ արել է, որպեսզի մյուսների կյանքը շարունակվի, կարծես թե մի փոքր սկսում ես ուժեղանալ: Այսօր իմ ուժն իմ երկու դուստրերն են: Երբեմն, երբ թուլանում եմ, արդեն հուսահատության գիրկն եմ ընկնում, անմիջապես ինքս ինձ սթափեցնում եմ, որ դուստրերս իմ կարիքն ունեն, որ հաստատ Աղասս հանգիստ չէր գտնի, եթե ես աղջիկներիս կողքին չլինեմ»:
«Ինքը միշտ մեզ հետ է»
Աղասիի քույրը՝ Ռիտան, եղբորը ժպիտով է հիշում. «Ինքն ամեն ինչ հումորի էր տալիս: Ընդհանրապես նեղացկոտ չէր: Ժպտերես, ուրախ, պարողգ»: Այժմ հպարտանում է եղբորով ու մյուս զինվորներով. «Ինչպե՞ս կարելի է մեր զինվորներով չհպարտանալ: Բոլոր զինվորներով էլ հպարտանում ենք այնպես, ինչպես եղբորովս»: Իսկ հարցին՝ արդյոք եղբայրը խի՞ստ էր, պատասխանում է. «Ինքը ոչ թե պարզապես արգելք էր դնում, այլ ասում էր, որ չի ուզում, որ անեմ այսինչ բանը, ասում էր՝ ինչու: Ոչ թե ասում էր՝ չէ ու չէ, այլ բացատրում էր»: «Միշտ կհիշենք, ինքը միշտ մեզ հետ է»,- եզրափակում է քույրը:
Աղասիի մորեղբոր կինն էլ ասաց, որ, երբ դպրոցում իր փոքրիկ տղային ասել են, որ Աղասին մահացել է, նա պատասխանել է. «Աղասին չի մահացել, նա իրեն զոհաբերել է հայրենիքին»:
Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից